Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պայքարի գնով դասախոսը գիտական աստիճան է ստացել

Մայիս 28,2014 14:10

Վանաձորցի մանկավարժ, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը, երեք տարի միայնակ պայքարելով երկրի արդարադատության եւ կրթության ոլորտի ապօրինությունների դեմ՝ դարձել է յուրօրինակ «արդարության մարտիկ»: 2010-ի դեկտեմբերից աշխատանքից ազատվելով՝ նախկին դասախոսն սկսեց բարձրաձայնել Մանկավարժական ինստիտուտի (արդեն՝ համալսարան) ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի օրենսդրական խախտումների մասին: Նրան լռեցնելու նպատակով ռեկտորը, չբավարարվելով սոցիալապես անապահով կնոջն (ում խնամքին են հաշմանդամ քույրն ու առաջին կարգի հաշմանդամ անչափահաս որդին) աշխատանքից ազատելով, նաեւ դատական հայց ներկայացրեց նրա դեմ՝ զանգվածային լրատվության միջոցներով բուհում տիրող իրավիճակը ներկայացնելու համար:

«Քանի որ նախարարությունը իր հովանավորության տակ էր վերցրել ռեկտորին եւ այդպիսով նրան հնարավորություն էր տալիս օրենսդրական եւ սահմանադրական խախտումներ կատարել, այդ հովանավորությունից ու աջակցությունից ոգեւորված՝ ռեկտորը դատական գործ սկսեց իմ դեմ: Բայց ես նրան որեւէ հարցում չեմ զրպարտել, եւ դա ապացուցվեց նաեւ Աշխատանքի պետական տեսչության ստուգումների արդյունքում, որի հիման վրա կայացվեց ակտ՝ ռեկտորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին»,- պատմում է Լուսինե Աշուղյանը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ նախկին դասախոսի եւ ռեկտորի ու բուհի վերաբերյալ 3 դատական վեճերով էլ վճիռը կայացվել է հօգուտ ռեկտորի:
«Դրա պատճառն այն է, որ մեր երկրի դատական համակարգն իրոք գտնվում է ահավոր ողբալի ու խայտառակ վիճակում»,- ասում է նախկին դասախոսը:

Վճռաբեկ դատարանում մերժվել է աշխատանքում վերականգնվելու նրա պահանջը, բայց Լուսինե Աշուղյանի նոր հայցի հիման վրա քաղաքացիական գործ է հարուցված: Նոր դիմումով նա դատարանից խնդրում է առոչինչ համարել բուհի՝ իր հետ կնքած անօրինական պայմանագրերն ու կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները, այն է՝ վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Իսկ պայմանագրերի անօրինականությունը հաստատված է Աշխատանքի պետական տեսչության կողմից: «Դատարանը պատճառաբանել էր, որ չեմ վիճարկել ինձ հետ կնքված պայմանագրերի անօրինականությունը, այսինքն՝ չեմ խնդրել, որ անվավեր համարեն, ես էլ նորից դիմեցի նոր հիմքով՝ քաղաքացիական օրենսդրության: Քանի որ հաստատված է, որ այդ համաձայնագրերը հանդիսանում են առոչինչ գործարք, խնդրել եմ անվավեր համարել դրանք եւ վերականգնել աշխատանքում:

Ոչ մի դատավոր, ոչ մի Վճռաբեկ դատարան չի կարող լռեցնել ինձ, շարունակելու եմ պայքարել մինչեւ վերջ՝ մեր երկրի բոլոր անօրինականությունների դեմ: Ես բարձրաձայն ասում եմ՝ մեր արդարադատության համակարգը խիստ ողբալի վիճակում է, դատական համակարգ Հայաստանում պարզապես գոյություն չունի: Մեր կառավարությունը թող ուշադրություն դարձնի մեր երկրի դատական համակարգի վրա, որովհետեւ ոչ մի երկրում հասարակ մարդկանց իրավունքներն այսքան չեն ոտնահարվում»,- ասում է Լ. Աշուղյանը:
Անարդարությունների դեմ իր պայքարին զուգահեռ՝ նախկին դասախոսն զբաղվել է գիտական աշխատանքով՝ պայքար ծավալվելով նաեւ գիտության ոլորտում: 2012 թվականին Աշուղյանը պաշտպանել էր ատենախոսությունը, բայց ԲՈՀ-ը չէր հաստատում նրա աշխատանքը, հետ էր վերադարձրել նոր քննարկման՝ մի արտաքին կարծիքի պատճառով, որը, նրա համոզմամբ, նույնպես իր նախկին բուհից էր ուղարկված: 2013-ի հոկտեմբերին կրկնական քննարկումից հետո, որի ժամանակ նա նույնպես փայլուն կերպով ներկայացավ, վերջապես ստացավ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

«Դրա պատճառն այն էր, որ Վանաձորի մանկավարժական ինստիտուտից մի անհեթեթ բողոք էր ուղարկվել, փորձում էին խոչընդոտել՝ իբր ատենախոսությանս վերաբերյալ դիտողություններ կատարելով: Սակայն դրանք ապացուցում էին գրողի՝ խիստ անգրագետ եւ գիտական ցածր մակարդակ ունենալու մասին: Ես մոտավորապես հասկանում եմ, թե ով է հեղինակը, ում ձեռագիրն է եւ բառապաշարը, եւ ցավում եմ, որ նման մարդը գիտական աստիճան է ստացել, որովհետեւ ամեն թափթփուկ գիտական աստիճան ստանալու իրավունք չունի»,- ասում է դժվարությունները հաղթահարած գիտությունների թեկնածուն:
Լուսինե Աշուղյանն այժմ նախկին բուհի ոչ ղեկավարության, ոչ աշխատակիցների հետ որեւէ առնչություն չունի, ընդհանրապես առնչվելու ցանկություն էլ չունի: Միայն նշում է. «Մանկավարժական ինստիտուտը պետական բուհ է, ոչ մեկի հոր սեփականությունը չէ, որ որոշի՝ ով է այնտեղ աշխատելու, ով՝ ոչ»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

Լուսանկարում. Նախկին դասախոսը դժգոհ է դատական համակարգից

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031