«2026 թվականը Երևանի պատմության թանգարանի համար առանձնահատուկ տարի է, քանի որ թանգարանը նշում է իր հիմնադրման 95-ամյա հոբելյանը: Տարվա ընթացքում մեր հիմնական նպատակն է եղել ներկայացնել Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգությունը, թանգարանը դարձնել ժամանակակից, բաց և հասարակության տարբեր սոցիալական խմբերի համար հասանելի մշակութային հարթակ»,- «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովի առիթով հրավիրված ասուլիսում նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը:
«Դեռ մայիսից սկսած մեկնարկել ենք մեր շրջիկ ցուցահանդեսների շարքը Չինաստանի Շանսի նահանգից: Չինաստանի եւս 2 քաղաքում կլինեն ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքի պատմությունը: Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ Երևան քաղաքի վերաբերյալ ներկայացվեն բազմաթիվ ուսումնասիրություններ, արդյունքում՝ գիտաժողովին մասնակցում է շուրջ 80 մասնակից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և ԱՄՆ-ից: Քաղաքագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական բազում այս շերտերը հնարավորություն են տալիս առաջատար երիտասարդ գիտնականներին իրենց ուսումնասիրությունների արդյունքները զետեղել մեկ տարեգրքում»:
Ինչ վերաբերում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովին, Երևանի պատմության թանգարանի տնօրենը նշեց, որ այն հիմնականում ներկայացնում է քաղաքային ժառանգության նորովի ուսումնասիրման և բացահայտման այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վերջերս Սիլիկյան թաղամասում հայտնաբերված հնագիտական շերտերը: Հավելեց, որ մասնագետները կներկայացնեն այն հետաքրքիր արդյունքները, որոնք առնչվում են Երևան քաղաքի պատմության տարբեր շերտերի հետ, մասնավորապես՝ Հակոբ Սիմոնյանը կներկայացնի Սիլիկյան թաղամասի նոր պեղումները, կա զեկուցում Կոնդի պեղումների վերաբերյալ, Կարեն Բալյանը կներկայացնի Թամանյանական նարատիվները և այլն:
Գևորգ Օրբելյանը հավելեց, որ գիտաժողովի 3 օրերի ընթացքում կհրապարակայնացվի շուրջ 80 զեկուցում, գիտաժողովի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ին ԳԱԱ նախագահության դահլիճում: Նստաշրջաններից մեկն էլ կանցկացվի Կարեն Դեմիրճյանի թանգարանում, և Երևանի պատմության թանգարանի տնօրենի ձևակերպմամբ, այդտեղ շեշտը դրված կլինի պատմական հիշողության տարբեր փուլերի վրա, անդրադարձ կկատարվի Երեւանի մետրոպոլիտենի կառուցմանը, տեղի քանդակներին: Գիտաժողովի երրորդ օրը Երևանի պատմության թանգարանում թանգարանագիտական, արխիվագիտական, մշակութաբանական զեկուցումներ կլինեն, որոնք տնօրենի խոսքով, նոր լույս կսփռեն մայրաքաղաքի պատմության վրա:
Կարդացեք նաև
Գևորգ Օրբելյանն առանձնացրեց մի քանի ուշագրավ զեկուցում. օրինակ, ռուս գիտնականներից մեկը կներկայացնի իր ուսումնասիրությունը Երևան քաղաքի դիտահորերի պատմության վերաբերյալ, կլինի նաև Օսիպ Մանդելշտամի եւ Երևանի մասին զեկուցում, իսկ Բրեմեն քաղաքի Տեխնիկական համալսարանի դասախոսները կներկայացնեն զեկուցումներ՝ Երևանի զբոսաշրջային ուսումնասիրությունների վերաբերյալ: Նա բացառիկ որակեց ամերիկյան, ավստրիական և գերմանական արշավախմբի և Բորիս Գասպարյանի Երևանի քարայրում կատարված պեղումների արդյունքների ներկայացումը: Ուշագրավ զեկուցումներից մեկն էլ վերաբերում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Երեւանում օգտագործված քաղցրավենիքին:
Մանրամասն տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































