Լրահոս
Օրվա լրահոսը

56 միլիոնի գողության գործով կա այլ օժանդակո՞ղ

Մայիս 29,2014 14:28

Էդգար Կարաքեշիշյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբերի 21-ին կատարել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն եւ ոչնչացրել է հափշտակված ճամպրուկում եղած «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի կնիքներն ու փաստաթղթերը:

Աշոտ Առուշանյանին էլ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Էդ. Կարաքեշիշյանին տեղեկատվություն տրամադրելով՝ օժանդակել է նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակությանը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց օժանդակության համար մեղադրվող՝ HSBC բանկի ռիսկերի կառավարման բաժնի պատասխանատու Աշոտ Առուշանյանը:

Դատախազ Ա. Ուզոյանն ընդամենը մի քանի հարց ուներ. Աշոտը բռնցքամարտ ո՞ր մարզչի մոտ է պարապել, գողության մեջ մեղադրվող նրա ընկերը՝ Էդգար Կարաքեշիշյանը, մարզիչ ունե՞ր, անունն ի՞նչ էր, «Դինամո» ընկերության մարզի՞չն էր, թե՞ մի այլ տեղի:

Աշոտ Առուշանյանն ասաց իր մարզիչների անունները, սակայն, թե այդ հարցը ինչ կապ ուներ Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից միլիոնները տանելու պատմության հետ, հասկանալի չեղավ ինչպես դատավարության կողմերին, այնպես էլ դատական նիստին ներկա գտնվողներին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց. «Ինչո՞ւ է նախաքննության մարմինը Ձեզ որոշել ներքաշել այս գործի մեջ»:

Աշոտ Առուշանյանի կարծիքով՝ տուժող կողմը «գողացված» գումարները վերադարձնելու խնդիր ունի:

Տուժող Արմեն Մանուկյանը դատարանում հայտնել էր, թե նեղացել է բանկից: «Ինչու ներկայացուցիչ չկա, ով պիտի տա այդ գումարները»,- նեղվել էր նա:
«Նպատակն իմ միջոցով գումարները տալն է»,- պատասխանեց Ա. Առուշանյանը:
Բանկի նախկին աշխատակիցը չբացառեց, որ այս գործով կա այլ օժանդակող էլ, որին նախաքննությունն իրականացնող մարմինը դուրս է թողել:

Դատախազը հրապարակեց նախաքննության ժամանակ Աշոտ Առուշանյանի տված ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերում էր «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանին HSBC բանկի մուտքի մոտ հանդիպելուն եւ Էդգար Քեշիշյանի հարցին, թե ով է նա:

Աշոտը, ըստ մեղադրանքի կողմի, այդ ժամանակ իբր Էդգարի հարցին պատասխանել էր, թե նա «Մանանայի Արմենն» է:

Աշոտ Առուշանյանն ասաց, որ «հորինել» է իր ցուցմունքը, երբ զգացել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի պետն ու քննիչը խաբում են իրեն, հորդորելով, թե ասա, իբր դու ես գումարի մասին տեղեկացրել Էդգարին, այդպիսով՝ օժանդակել ես նրան:
Աշոտ Առուշանյանը հայտնեց, որ նշյալ օրը գտնվել է Լոնդոնում, եւ դիտավորյալ է ասել այդ ամենի մասին, որ հետագայում այս քրեական գործի սուտը բացվի: Բացի դրանից, նա չէր կարող բանկի մուտքի մոտ իր կողքին գտնվող Էդգարին ցույց տալ Արմեն Մանուկյանին: Վերջինին կարող էր բարեւել, ինչը տեսախցիկները պատկերած կլինեին, եթե նման բան տեղի ունեցած լիներ:

Դատական նիստերի դահլիճ բերվեցին իրեղեն ապացույցները, որոնք հետազոտվեցին տեղում:

Դրանց մեջ էին Էդգար Կարաքեշիշյանի բնակարանից հայտնաբերված համակարգիչը՝ իր լիցքավորման սարքով, հոր եւ իր վերնաշապիկները, ամբաստանյալների հեռախոսները, տնից խուզարկության ժամանակ առգրավված գումարը:

Դատավորը ցույց տվեց փաթեթից հանված իրեղեն ապացույցը՝ քարը, որով իբրեւ ամբաստանյալները՝ Էդգար Կարաքեշիշյանն ու ինքնասպան եղած Արտաշես Գալուստյանը կոտրել էին Արմեն Մանուկյանի մեքենայի ապակին ու գողացել նշյալ գումարը:

Պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը դատական նիստերից մեկի ժամանակ հարցրել էր, թե մեքենայի ապակու բեկորները գործում ինչու չկան: Մինչդեռ այն կար եւ նույնպես հետազոտվեց դատարանում:

Պաշտպան Ռ. Սաֆարյանին հետաքրքրում էր իր պաշտպանյալ Էդգար Կարաքեշիշյանի հագուստի վրա հայտնաբերված մանրաթելերի մասին հարցը, որը համընկել էր նաեւ մյուս ամբաստանյալի հագուստի մանրաթելերին: Դատավորն ասաց. «Ձեր կոստյումի եւ իմ պատմուճանի մանրաթելերը նույնը կարող են լինել»:
Տուժողն ու նրա ներկայացուցիչը հերթական անգամ նիստին չէին մասնակցում: Նրանք պահանջում են երկու ամբաստանյալներից 56 400 000 դրամ գումար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարներում` Աշոտ Առուշանյանը՝ իր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

Դատավորը հետազոտում է իրեղեն ապացույցը՝ քարը:

 

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031