Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Շահինյանի արձանի տեղադրմանը խոչընդոտել է սպորտի նախարարությունը

Հունիս 02,2014 14:08

Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրել-չտեղադրելու շուրջ շարունակվող բանավեճերին` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հիշել էր օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման հետ կապված պատմությունը, որի նախագծման, արձանը կերտելու եւ այն օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոցի բակում տեղադրելու ամբողջ աշխատանքները ֆինանսավորել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, արձանը մինչեւ հիմա չի տեղադրվել: «Վերջին հաշվով կխնդրենք, որ Ծառուկյանը ֆինանսավորի Միկոյանի արձանը, որպեսզի այն չտեղադրվի», – ասել է տիկին Բախշյանը:

Aravot.am-ը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին խնդրեց մեկնաբանել, թե այն ժամանակ ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Հրանտ Շահինյանի արձանը կանգնեցնելուն:

«Պատմությունը հետեւյալն է. Հրանտ Շահինյանի կինը` տիկին Էմման, ընտանիքի ցանկությամբ եւ անունից նամակով դիմեց պարոն Ծառուկյանին` խնդրանքով, որ օլիմպիական չեմպիոնի արձանը տեղադրվի իր իսկ անունը կրող մարզադպրոցի բակում: Նրանք դրանից առաջ դիմել էին տարբեր ատյաններ եւ ինչ-ինչ պատճառներով մերժվել էին:

Բոլորը գիտեն, թե պարոն Ծառուկյանը մարզաշխարհին ինչպես է վերաբերվում եւ նրա սկզբունքներից մեկն էլ հետեւյալն է. «Եթե չհիշենք մեր պատմությունը, չենք ունենա ապագա»: Այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանը որոշում կայացրեց պատվիրել մեծանուն մարզիկի արձանի էսքիզը, քանդակել այն եւ նրա ընտանիքի ցանկությամբ տեղադրել տվյալ հասցեում: Աշխատանքներն ավարտվեցին արագ եւ սահմանված ժամկետներում, արձանն արդեն պատրաստ էր: Ընդ որում, արձանը քանդակվել է 100 տոննա կշռող մեկ հսկայական քարից: Դա 2013 թվականի վերջն էր: Այդ տարի լրացել էր Հրանտ Շահինյանի 90-ամյակը եւ արձանի տեղադրումը պետք է նվիրվեր լեգենդար մարզիկի հոբելյանին: Քաղաքապետարանից, հասկանալի է, դրական պատասխան կար: Բայց սպորտի նախարարությունից մերժում ստացվեց եւ թույլ չտրվեց արձանը տեղադրել», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30