Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Հունիս 04,2014 16:45

Հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Հեղինակի տեղեկացմամբ՝ օրենքում կատարված նախկին փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտը հարկադրված է շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում գործունեության որեւէ բաղադրիչով զբաղվելու նպատակով ապահովել նաեւ մյուս բաղադրիչներին ներկայացվող պահանջները: Այս նախագծի ընդունմամբ վերոնշյալ բացը շտկվում է:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ միաժամանակ ապահովելով ստանձնած պարտավորությունների կատարումը:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջարկում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ հնարավորություն, որ եթե անձը նշված հիմքով սահմանափակ գործունակ չի ճանաչվել, անձամբ ներկայացնի դիմում իր մուտքը խաղատուն արգելելու վերաբերյալ:
Հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Շուկայի վերահսկողության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Նույն օրը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Հայկ Բաբուխանյանը, հեղինակի առաջարկով կատարվել են որոշ փոփոխություններ: Նշենք, որ առաջարկվում է հանրային հեռուստատեսությամբ արգելել գովազդի ցուցադրումը, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավորի: Հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը կարեւորեց հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի ցուցադրումը արգելելը: Նա հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել առաջարկվող փոփոխությանը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթն ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը որոշեց հունիսի 13-ին՝ ժամը 10.00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30