Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսը կդառնա ինքնասպանի գրառումների թերթողը». ռեժիսոր

Հունիս 12,2014 19:34

«ՊԻԿ» մշակութային նախագիծը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը հուլիսի 3-ին Օպերային թատրոնում կներկայացնեն կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Ինքնասպանի գրառումներ» հոգեբանական դրաման:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, գլխավոր պրոդյուսեր Անուշ Քոչարյանը և անդրադառնալով վերջերս հանրության հետաքրքրությունը շարժած սև հովանոցներով երիտասարդների ֆլեշ-մոբին՝ մի գաղտնիք բացեց: Պարզվում է, որ այդ ֆլեշ-մոբը, որի շրջանակներում սև հովանոցներով մարդիկ խորհրդավորությամբ քայլում էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և ապա կանգ առնում Օպերայի տարածքում՝ Մաշտոցի պողոտայում տեղակայված ինքնատիպ ցուցատախտակի մոտ, ևս պրեմիերայի բաղկացուցիչ տարր էր. «Այդ վահանակն ունի դռան տեսք, որի վրա տեղադրված է մեծ էկրան, վերջինիս վրա էլ հետհաշվարկ է. հետհաշվարկի օրը համընկնում է պրեմիերայի օրվան»,- պարզաբանեց Ա. Քոչարյանը:

«ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, բեմադրող ռեժիսոր Սամվել Թադևոսյանն էլ հավելեց, որ, ըստ էության, ներկայացման սկիզբն ազդարարվել է այն օրը, երբ սկսվել է առաջին ֆլեշ-մոբը. «Այսինքն՝ ներկայացումն արդեն սկսվել է, իսկ ավարտը կլինի հուլիսի 3-ին»,- նշեց նա:

Անդրադառնալով հովանոցների միջոցով հասարակության ուշադրությունը գրավելու իրենց յուրօրինակ մոտեցմանը՝ Ա. Քոչարյանն ասաց. «Ուզում էինք մշակութային կարևոր իրադարձության նախապատրաստվելու տրամադրություն ստեղծել քաղաքում և հասարակությանը ևս այդ իրադարձության մաս դարձնել: Դա մեզ հաջողվեց, որովհետև սև անձրևանոցներով անցորդները հաճախ էին միանում ֆլեշ-մոբին՝ հենց այնպես, պարզապես գաղափարը հավանելով կամ որպեսզի մի քիչ ավելին իմանան՝ ինչ է կատարվելու հուլիսի 3-ին:

Ես համոզված եմ, որ այն մարդը, որը բռնել է անձրևանոցը, որը կանգնել է իմ ասած վահանակի մոտ, ում մեջ մշակութային շոկ է առաջացել, ավելի հաճույքով է մտնելու մի դահլիճ, որտեղ լինելու է մի բան, որից ինքը տեղյակ չէ կամ մասնակի է տեղյակ»:

Ս. Թադևոսյանը գիտի, որ շատերի համար կարող են անընդունելի լինել այսպիսի քայլերը, երբ խոսքը թատրոնի, ներկայացման մասին է, բայց նա համոզված է, որ հանդիսատեսին թատրոն բերելուց առաջ նախ այսպիսի քայլերով պիտի ոգևորես:

Վերադառնալով իրենց ֆլեշ-մոբին՝ նա նշեց, որ ինչպես անձրևանոցները, այնպես էլ նամակները, որոնք բաժանվել են քաղաքացիներին, սերտ կապ ունեն ներկայացման հետ: Եվ, ընդհանրապես, այն ամենը, ինչ կատարվել է ֆլեշ-մոբի շրջանակներում, իրականում հաղորդագրություններ են այն հանդիսատեսին, որը գնալու է ներկայացումը դիտելու:

«ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանն էլ անդրադարձավ «Ինքնասպանի գրառումներ» ներկայացման ստեղծմանը, բովանդակությանն ու գաղափարին. «Ես լրջորեն հետաքրքրված էի ինքնասպանության պատրաստվող մարդու հոգեվիճակով. ի՞նչ է նա զգում, երբ մտածում է ինքնասպանության մասին, ի՞նչ է մտածում, երբ արդեն որոշակի քայլերի է դիմում: Սցենարի հիմքում 15 մարդու իրական պատմություն է: Մարդիկ, որոնք պատմել են՝ ինչ են իրենք զգացել այն ժամանակ, երբ ձեռք են բարձրացրել իրենց վրա, այդ մի քանի վայրկյանների ընթացքում ինչ մտքեր են ունեցել, ինչի մասին են մտածել, ինչ են ցանկացել դրանով ապացուցել իրենց կամ ուրիշներին և այլն»:

Ինչ վերաբերում է ներկայացման վերնագրին՝ «Ինքնասպանի գրառումներ», Ա. Իրադյանը բացատրեց, որ «գրառումներ» բառն է ընտրել, որովհետև գրառել ու վերապրել է իր լսած 15 պատմությունները. «Ինձ համար շատ բարդ աշխատանք էր դա,- ասում է նա,- որովհետև, պատկերացրեք, ես զրուցել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք գնացել են վերև ու նորից հետ են եկել, և ես պիտի վերապրե՞մ դա, որ կարողանամ մարդկանց ներկայացնել: Դա շատ դժվար է, պիտի կարողանա մտնել դրա մեջ»:

Ա. Քոչարյանն էլ, լրացնելով Ա. Իրադյանին, նկատեց, որ բեմում ոչ թե տեսնելու ենք, թե ինքնասպանության պատրաստ մարդն ինչ քայլերի է դիմում («այդ պրիմիտիվ կողմը չկա բեմականացման մեջ» – Ա. Ք.), այլ թե ինչ է կատարվում այն մարդու հետ, որն ինքնասպան լինելու որոշում էր կայացրել և հանկարծ փրկվում է:

«Ներկայացումը նպատակ ունի խաղալու հանդիսատեսի հոգեբանության այն նուրբ թելիկների հետ, որոնք բոլորս էլ ունենք: Եվ, ըստ էության, հանդիսատեսը դառնալու է ինքնասպանի գրառումների թերթողը»,- ավելացրեց Ս. Թադևոսյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30