Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ցանկացած իմ ելույթից հետո հանրապետականները ասում են՝ էս ի՜նչ լավ ասեցիր, էս ի՜նչ արեցիր…»

Հունիս 13,2014 14:00

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ այսօր հիսուն րոպե քայլել է փողոցով ու շատ բան է տեսել, եւ լրագրողներին էլ կոչ արեց վերեւից իջեցրած պատվերներից բացի նաեւ ներքեւից պատվեր վերցնել, առանց ձայնագրիչի եւ տեսանկարահանող սարքերի քայլել փողոցներում եւ զրուցել մարդկանց հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե մինչեւ աշուն չկատարվեն քառյակի առաջադրած 12 կետերը, իշխանափոխությո՞ւն կպահանջեն, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը հիմա էլ է գտնում, որ միակ ելքը իշխանափոխությունն է, եւ ժամանակն աշխատում է իրենց դեմ՝ արտագաղթի արդյունքում մարդիկ հեռանում են, պայքարողները պակասում են եւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ իշխանափոխության համար պահանջները ուշ դրվեն, որպեսզի քիչ մարդ մնացած լինի երկրում:

«Ա1+»-ը հարցրեց՝ բայց չէ՞ որ դուք եք պարբերաբար ժամանակ տալիս իշխանություններին, հիմա էլ՝ մինչեւ աշուն: Ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասաց, որ մինչեւ սեպտեմբեր ժամանակ են տվել, քանի որ կարծում են, որ սեպտեմբերի վերջին իրենց նման մտածողների քանակը կավելանա. «Մեր կառույցները մեզնից ավելին են պահանջում, բայց եթե երկու ամիս հետո մեր շարքերը քաղաքական դաշտում ավելի ընդարձակ լինեն, ավելի հեշտ կլինի իշխանափոխություն պահանջել»:
Նա նաեւ այսպիսի հաշվարկ արեց. «Մենք Ազգային ժողով մտել ենք յոթ ձայնով, հիմա մենք ունենք հավաքական հիսունհինգ ձայն: Հունվարից էս կողմ բոլոր քվեարկությունները ՀՀԿ-ականները 65-67 ձայնով են անցկացրել: Երկար ճանապարհ ենք անցել, որ հասցնենք 67 ձայնի, մի քիչ էլ գնանք 55 կդառնա»:

Այդ կապակցությամբ նա հավելեց, որ իրենց համար խիստ կարեւոր է ՀՀԿ-ից բեկորներ պոկվելը: Ապա ասաց, որ երբ ինքը ելույթ է ունենում, քննադատում է իշխանություններին, դրանից հետո ՀՀԿ-ական պատգամավորներ, նախարարներ ասում են՝ էս ի՜նչ արեցիր, ի՜նչ լավ ասեցիր: Սակայն չհամաձայնվեց որեւէ անուն տալ:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ եթե մինչեւ սեպտեմբերի 12-ը կետերը չկատարվեն եւ քառյակի մյուս ուժերը չմիանան իրենց՝ իշխանափոխության պահանջով, ինչ են անելու, Արամ Մանուկյանն առաջարկեց՝ «եկեք չկռռանք»:

Այդուհանդերձ, նա կարծում էր, որ իշխանությունը չի գնա 12 կետերի կատարմանը, քանի որ դա նշանակում է զրկվել իրենց ունեցածից. «Եթե կատարեն այդ կետերը՝ ՀՀԿ-ն կփլվի: Կամ ՀՀԿ-ին պիտի փրկեն, կամ երկիրը»: Հարցին՝ եթե գիտեք, որ չեն կատարի, ինչի՞ եք կազմել այդ ցուցակը եւ դեռ մինչեւ սեպտեմբերի վերջ էլ ժամանակ տվել, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես ասում եմ, որ հնարավոր է կատարել, եւ դրանից Հայաստանը կշահի, բայց դրա համար քաղաքական լուրջ կամք եւ համարձակություն է պետք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30