Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ռուսամետ պահվածքը քննադատության տեղիք է տվել: Բաքվում պարոն Գեղամյանը, խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր բարեկամական հարաբերությունների մասին, անդրադարձել էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու Եվրասիական միությանն անդամակցությանը:
Մասնավորապես պարոն Գեղամյանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչքան մենք կուզենայինք, որ Ադրբեջանն էլ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, կուզեր, որ ադրբեջանցիները Հայաստանում իրենց զգային ինչպես իրենց տանը, հայաստանցիներն էլ Բաքվում իրենց լավ զգային:

«Ժառանգության» անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ այսօրվա հիմնական խնդիրները, մարտահրավերները թողնել եւ գնալ Բաքվում խոսել ուրիշ բաներից, պարզապես ոչ համարժեքություն է. «Այն էլ գնալ պատմական հոդվածներ բացել, խոսել Քսենոֆոնից եւ Հերոդոտոսից, խոսել, թե որը ինչքան է Հայաստանի անունը նշել եւ այլն, չփորձել մտահոգությունները բարձրացնել Ադրբեջանի պահվածքի հետ կապված, չհասնել բանաձեւերում դատապարտումների, որոնք միջազգային կառույցներում եւ դիրքորոշումներում գնահատական են դառնում… Բոլոր երկրներն էլ ուզում են, որ միջազգային հանրության անունից ինչ-որ գնահատականներ լինեն եւ օգնեն պետական նշանակության իրենց խնդիրներում: Բա մենք գնանք եւ Բաքվում խոսենք Ղրիմի խնդիրների՞ց, ՌԴ-ի շահե՞րը սպասարկենք: Չեմ ուզում ասել, որ հայկական պատվիրակությունը, մասնավորապես Արտաշես Գեղամյանը այնքան ռոմանտիկ են, որ իսկապես հավատում են առանց սահմանների Կովկասին, որ ադրբեջանցիները գան, իրենց զգան ինչպես իրենց տանը, մենք էլ մեզ Բաքվում շատ հարմարավետ զգանք: Չեմ ուզում ասել, որ նա ուտոպիստ է եւ հավատում է դրան, կարծում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պիտի լինեն Եվրասիական միության անդամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































