Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ գտնվեց համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Արևիկ» և «Լապտերիկ» մանկապարտեզներում, ծանոթացավ հիմնանորոգման աշխատանքներին, այնուհետ այցելեց այն փողոցները, որոնք ևս հիմնանորոգվում են սուբվենցիոն կամ պետական ծրագրերով։
Նախարարին ուղեկցում էին միայն Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, Գյումրու քաղաքապետարանից շրջայցին մասնակցող որևէ պաշտոնյա չկար, մինչդեռ նրանց ներկայությունը տվյալ դեպքում ոչ թե ցանկալի, այլ պարտադիր էր։
Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ շրջայցին տեղյակ չեն պահել կամ գուցե չեն հրավիրել Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանին, որը քաղաքապետի պարտականությունները կատարողն է։ Մենք նաև հարցրեցինք՝ ի՞նչն է խանգարում ՏԿԵ նախարարությանը Գյումրու համայնքային իշխանության հետ համագործակցելու։
«Քաղաքապետի պաշտոնակատարն այս պահին այստեղ չէ, որովհետև արձակուրդում է գտնվում, եթե արձակուրդում չգտնվեր, հույս ունեմ, որ շրջայցին կմասնակցեր»,- ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Նա իր ճեպազրույցում միաժամանակ նշեց, որ Շիրակի մարզպետարանում ՎԶԵԲ-ի ծրագրով Անի, Ավստրիական թաղամասերում իրականացվելիք փողոցաշինության մասին քննարկմանը մասնակցելու են նաև Գյումրու համայնքային իշխանության գործընկերները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































