Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրեր առաջ արդեն հայտնի դարձավ, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսի տեսքով։ Շնորհանդեսը կազմակերպվել է «Շվեդիա-Ադրբեջան միություն» կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի և Շվեդիայի Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Այս ամենը լուսաբանվել է Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի պաշտոնական էջում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով և շատ ուղիղ շարունակում է հովանավորել Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը։ Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ-ի ներկայիս ղեկավարության միակ ֆունկցիան Ալիևի օգտին փաստաբանություն անելն է։
Մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 31-ին, ես իմ էջում գրառում էի արել և ցույց տվել, թե ինչպես է Ադրբեջանի պետական «AZ TV» գործակալությունը լուսաբանում այն, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում ներկայացնում էին իրենց հարուստ երևակայությունը, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին։
Ես իրոք չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ՉՊԱՅՔԱՐԵԼ այս վտանգի դեմ, ինչպես կարելի է նստել ու սպասել հերթական աղետի այն դեպքում, երբ այս ամենը կարելի է դարձնել խնդիր հենց Ադրբեջանի համար։
Կարդացեք նաև
Կրկնում եմ՝ խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ․․․


















































