Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նախարար էի, հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում

Օգոստոս 17,2026 20:45 Share

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ասուլիսում նշեց, որ հիմնական թեման Հայաստանն է։

«Ուրիշ թեմա մենք չունենք, ցավոք սրտի։ Պիտի ասեմ, որ մեկը կոտոշը տնկած ընտրում է մի ճանապարհ ու այդ ճանապարհով գնում է՝ անկախ նրանից, թե այդ ճանապարհն ինչ է իրենից ներկայացնում կամ ուր է բերում, այնքան, որ իր հետևից մարդկանց տանի… Բերելու է մեզ կանգնեցնի մեծ խնդիրների առջև, բացի դրանից՝ ոչ մի ուրիշ կարծիք ոչ թե չեն լսում, այլ նույնիսկ չեն էլ ուսումնասիրում… Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ։

Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ, մենք, օրինակ, պիտի լինենք կախված այսինչ երկրից կամ մյուս երկրից։ Բայց իրականությունն այլ է… Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը քողարկեց, տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեր համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Ապա հավելում է. «Զինվորական ուղղությամբ չեմ ուզում դեռ այսքան խորանալ, հա՞, բայց չի ասում՝ վերջում ինչի ենք հասնում։ Ասենք՝ այդ ճանապարհով գնացինք, դե հո անվերջ չենք գնալու, մի օր մի տեղ պիտի հասնենք, չէ՞։ Այդ հասնելու տեղը թող նկարագրի, ի՞նչ ենք ստանում։ Ասում է՝ անկախ երկիր, բայց քանի գնում է, ավելի ենք կախման մեջ ընկնում։ Եթե, ըստ իրենց, առաջ կախման մեջ էինք միայն Ռուսաստանից, հիմա կախման մեջ ենք և Ռուսաստանից, և Իրանից, և Ադրբեջանից, և Թուրքիայից, և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու ԵՄ-ից։ Ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել։ Չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, որովհետև չունեն համապատասխան գրագիտություն»։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Բաքվում պահվող մեր գերիներին էլ անդրադարձավ. «Մեր գերիները Բաքվում… այնպիսի տպավորություն է, ոնց որ մեր քաղաքացիները չեն։ Եթե երկրի ղեկավարությունը օրենք է ընդունում, ասում է՝ մեր քաղաքացիները, ով որ երկրից դուրս են, մենք իրենց չենք պաշտպանելու, բա դա երկի՞ր է, դա պե՞տություն է։ Եթե հայ քաղաքացին ընկավ ինչ-որ մի տեղ դժբախտության մեջ, մեր երկրի ղեկավարը բան էլ չի ասելու, ինչո՞ւ պիտի այդ մարդու բարեկամները իրեն ձայն տան, որ ինքը գա ընտրվի։ Ինչի՞ համար է ընտրվում, որ ներսում ասֆալտի՞ն պառկացնի։ Կամ ինչո՞ւ է պետք մեզ պետություն, որը մեզ չի պաշտպանելու… Այսքան հարկեր ենք վճարում, գնում ենք կռիվ, պաշտպանում ենք երկիրը։ Բայց երբ պահ է գալիս, որ երկիրը պիտի մեզ պաշտպանի, քաղաքացուն պաշտպանի, ասում է՝ «ես քեզ չեմ պաշտպանում»։ Մեզ պետք է պետություն, որը գոնե հարգանք ունենա աշխարհում, մեր տարածաշրջանում … Եթե առաջ մեզ ճանաչում էին որպես մարդիկ, որոնք Ղարաբաղի համար կռվում էին, հիմա ասում են՝ «Ну, вы же сдали Карабах»։ Չեն ասում՝ Նիկոլն է հանձնել, ասում են՝ «դուք եք հանձնել»… Մենք ինչի համար ենք մեր պետության ղեկավար ընտրել այդ թափթփուկներին։ Թեև այս անգամ անգամ չենք ընտրել, իրենք իրենց աթոռից կպած են, որովհետև վախենում են աթոռը հանձնեն, որովհետև եթե հանձնեն, մեծ խնդիրներ են ունենալու… Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։

Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը մի դրվագ էլ պատմեց. «Երբ նախարար էի, մի անգամ հարց տվեց՝ պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ»։

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31