Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Մանուկյան. «Աշոտյանի խորհրդականը կապ չունի, Վլադն առանձին է եղել, թող սխալ չհասկացվի»

Հուլիս 08,2014 16:05

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ ԿԳ նախարարի խորհրդականը կապ ունի: Նրա խոսքերով՝ «Այստեղ հերթական անգամ հարուցվում է ներկա վարչակարգի ապօրինի վիճակը, 2 գերատեսչությունների մասնակցությունը, կոնկրետ ԱԱԾ-ն եւ երկրորդը՝ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը: Մենք պիտի պահանջենք իրավապահ մարմիններից, որ իրենք, եթե կարող են, դուրս գան քաղաքականացված ենթակայությունից եւ պարզեն ամեն ինչ»:

Ինչպես հետո պարզվեց, խոսքը ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման –Մանուկյանի մասին է:

Aravot.am-ի հետ զրույցում Հրայր Մանուկյանը վստահեցրեց, որ Նարեկը ընդամենը եղել է ԱԱԾ-ի աշխատակից Վլադ Հակոբյանի ծանոթը: Հրայր Մանուկյանի խոսքերով՝ «Մենք նախօրոք պայմանավորվածություն ունենք, չեմ կարող շատ բան ասել Նարեկի մասին, մենք կուսակցության ներսում պայմանավորվածություն ունենք: Ասվելու է ամեն ինչ, բայց ոչ այս պահին»:

Մեր դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանն ինքն էլ շատ է զարմացել Րաֆֆի Հովհաննիսյանի այս պնդման կապակցությամբ՝ Հրայր Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ խորհրդականն էլ է ԱԱԾ-ի աշխատակից: Ես նախարարի խորհրդականի հետ ընկերություն եմ արել, ծանոթություն է եղել: Ու պատահաբար կամ ոչ պատահաբար Վլադը եկել է, ծանոթացել եմ նաեւ Վլադի հետ: Այսինքն՝ Վլադն իրեն է ճանաչել, հետո ինձ ներկայացրել է, որ սա այս մարդն է: Նարեկը ներկա չի եղել եւ չի իմացել, որ ես Վլադի հետ նման խոսակցություն եմ ունեցել: Ինքը ուղղակի ծանոթացրել է»:

Մեր դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ասածից այնպիսի տպավորություն էր, որ ԿԳ նախարարի խորհրդականն անմիջական կապ է ունեցել ԱԱԾ-ի կազմակերպած հավաքագրման փորձի հետ՝ Հրայր Մանուկյանը պատասխանեց. «Գիտեք, երեւի իր լեզվի հետ կապված մի քիչ պահեր կա: Բայց ինքը ասել է՝ կապակցողն է եղել, նման ինչ-որ բան: Թե չէ Նարեկը կապ չունի, Վլադն առանձին է եղել, թող սխալ չհասկացվի: Ընդամենը Նարեկն է եղել այն մարդը, որն ինձ ներկայացրել է Վլադին, այդքան բան: Դրանից հետո այն խոսակցությունները, ԱԱԾ-ի առաջարկները որ եղել են, դրանց ընդհանրապես Նարեկը ներկա չի եղել»:

Մեր հարցին՝ հետագայում չե՞ք փորձել կապվել Նարեկի հետ եւ ասել, թե Վլադ Հակոբյանն ինչ «օյին» է բերել, սպառնացել է ձեզ, ի վերջո ինքն է ձեզ ծանոթացրել՝ Հրայր Մանուկյանը պատասխանեց. «Հետագայում Նարեկը մի անգամ ինձ զանգեց, թեթեւ այդպես խոսակցություն ունեցանք: Ուղղակի չեմ ուզում ասել, թե ինչ խոսակցություն, այդքան բան: Դրանից հետո կապ չի եղել մեր մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.- Ավելի ուշ Հրայր Մանուկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ԿԳ նախարարի խորհրդականը անձամբ չի մասնակցել ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանի հետ այն զրույցին, որի ձայնագրությունը տարածել է: Բայց մեծ հաշվով Նարեկ Արաքսման-Մանուկյանը այդ հավաքագրման փորձի հետ կապ ունեցել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031