Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ հանգուցյալ , երկու հոգեհաց

Հուլիս 09,2014 13:44

Իսկ ով էր նստած հորդ հոգեհացի սեղանին, առանց
տեր հոր, առանց «Տերունական աղոթքի»:
Փարաքարի Ս. Հարություն եկեղեցում հոգեհանգստի արարողություն էր: Լսվում էր Լուսինեի «Սուրբ-Սուրբ» հոգետանջ երաժշտությունը, թվում էր, թե ժամանակը կանգ է առել, մարդիկ լուռ հրաժեշտ են տալիս իրենց սիրելի հանգուցյալին: Բակը լցված էր խնկի ու ծաղիկների անուշահոտ բույրով: Ծաղկեպսակների ժապավենների «սիրելի…» ներից կարելի էր ենթադրել, որ բարձրաստիճան, պատկառելի պաշտոնյաներ են մասնակցում հոգեհանգստի արարողությանը:

Խմբվել էին մարդիկ առանձին-առանձին, և տարբեր խոսակցություններ էին լսվում: Մի խմբում ասում էին, թե տեսեք ինչ լավ հայր են պահել և ինչ ճոխ թաղում են կազմակերպում, իսկ մյուսում խոսում էին` բա ամո՞թ չի, տղան հոր հետ կկռվի՞, տնից կհանի ու դատի կտա, հետո էլ «կոկորդիլոսի» արցունքներ կթափի՞…:

Մանրուք թվացող այս ամենը որպես իրապատում թղթին չէի հանձնի, եթե չտեսնեի, թե ինչպես է զավեշտի վերածվում ազնիվ, աշխատասեր, բարեկամասեր պապիկի հրաժեշտի արարողությունը, մանավանդ որ հաջորդ օրը հոգեհացի արարողությանը չտեսա տղային և ոչ էլ կոլեկտիվի որևէ անդամի, բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ մեկին: Նրանք «պարկեշտ որդու» սիրելի հայրիկին եկեղեցում հրաժեշտ տալուց հետո հեռացան` անհաղորդ մնալով ողջ ճշմարտությանը: Ինչպես հյուրի կարգավիճակով տղան էր եկել արարողությանը, այնպես էլ կոլեկտիվի մյուս անդամները: Նրանք այդպես էլ չիմացան, որ որդին անընդհատ կռվել, իսկ 2010 թվականից հորը և քրոջը դատի է տվել` 17 տարի առաջ մահացած մոր մասնաբաժնից մի չնչին մաս ժառանգելու հեռահար մոլուցքով, հորը թողնելով քրոջ խնամքին: Ընդ որում մինչև 78 տարեկան աշխատած հայրիկը երկու բնակարաններից ամենահարմարավետը ամբողջությամբ տվել էր տղային: Իսկ ահա մահանալուց հետո նա և իր ընտանիքի անդամները հավաքված բազմության առջև «դիմակահանդես» սարքեցին իրենց ընտանիքի համար կենդանության օրոք ավելորդ դարձած «սիրելի հայրիկի» թաղումը:

Մի՞թե այս «պարկեշտ որդին» չամաչեց, երբ առանձին հոգեհացի սեղան գցեց և շարունակեց խաղալ ծնող կորցրած վշտահար որդու դերը, այն դեպքում, երբ վերջին տարիներին ոչ մի անգամ չի հետաքրքրվել, թե ինչի կարիք ունի, ինչպես է ապրում, ինչ է զգում հայրը: Հավանաբար աղջիկը պետք էր հոր թաղումը իր տնից կամ էլ 16 թաղամասի ավերված բնակարանից կատարեր, որ նման պրովոկացիաներից խուսափեր, որ մեծ ու պուճուր մնացյալ մեղավորները ամաչեին և ոչ թե նոր դավեր նյութեին:
Իսկ խիղճը՞, կարոտը՞…: Չէ որ հայրը նամակ էր թողել, որում գրված է «Տղաս… մարդ չի, տիպ չի, ինձ հետ տարիներ շարունակ տան համար կռվել է, հիմա, երբ տան իմ մասնաբաժինը իմ կամքով նվիրել եմ աղջկաս ու արդեն 4 տարի է ապրում եմ նրա տանը, նա չի գալիս, չի խոսում հետս»:

Ազնիվ, աշխատասեր, բարեկամասեր պապիկը այլևս չկա, կարելի էր նաև չգրել ճշմարտությունը, սակայն խիղճս ու բանականությունս տանջում են ինձ. լռել, անտարբեր լինել, նշանակում է աջակցել սատանային, չտեսնել այն դառը իրականությունը, որին ականատես ենք լինում ամեն անգամ, երբ ծաղկեպսակների սգո ժապավենների վրա «սիրելի»ների բարձրաստիճան «ցավակիցները» հոգեհաղորդ չեն դառնում մարդու տառապանքներին ո՛չ կենդանության, ո՛չ էլ մահվանից հետո, երբ հարազատները թաքցնում են ճշմարտությունը Աստծուց և աշխարհից, որպեսզի շարունակեն նյութապաշտական իրենց գոյությունը դատական քաշքշուկների միջոցով:

Դեռ ականջումս են հանգուցյալի աղջկա իրոք սրտակեղեք լացը, ազնիվ բողոքը և ճշմարիտ խոսքերը. «Պապա ջան , տեսա՞ն, որ Սարգիս Ակոպիչի օրը չընկար, քեզ համար ամեն ինչ արեցի, խիղճս հանգիստ է, գոնե հիմա հասկացա՞ն, որ աշխարհում ծնողից թանկ բան չկա»:
Մի՞թե սա չէ ճշմարտությունը, մարդիկ, մի՞թե իրոք ծնողից թանկ բան կա աշխարհում:
Ա. Ղուկասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031