Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ում ներքնաշորերիս չափսերն էլ երեւի գիտեին, բայց չգիտեին՝ ինչպես է պետք ինձ հետ շփվել»

Հուլիս 11,2014 14:50

Նախկին Ժառանգականը պատմում է,
թե ինչպես է ԱԱԾ-ն փորձել իրեն հավաքագրել

«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու ԱԱԾ-ի փորձն ու հրապարակված ձայնագրությունը մեծ աղմուկ բարձրացրին: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա առաջին դեպքը չէ, որ «Ժառանգության» երիտասարդ անդամներին ԱԱԾ-ն փորձում է հավաքագրել: Օրինակ՝ նման փորձ եղել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ, «Ժառանգության» նախկին անդամ Դանիել Իոաննիսյանի հետ:

Վերջինս «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես են տարիներ առաջ՝ 2008-ին, իրեն փորձել հավաքագրել:

«Ինձ փորձում էին «վերբովկա» անել, այն ժամանակ համալսարանի հատուկ բաժին կար՝ ԵՊՀ-ի հատուկ բաժնի միջոցով: Ուղղակի այն ժամանակ անփորձ էինք, խամ էինք, ավելի էինք վախենում ԱԱԾ-ից, դրա համար չեմ ձայնագրել մեր խոսակցությունը: Հրայրի այս պատմության տարբերությունը իմ, Դավիթ Սանասարյանի եւ բազմաթիվ այլ ընդդիմադիր երիտասարդների հավաքագրման փորձի միջեւ այն է, որ Հրայրը քանի որ լրագրող է, ինքը ֆայմեց, որ պետք է ձայնագրել ու տարածել: Մենք դա չարեցինք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Մեր հարցին՝ Ձեզ է՞լ են նույն ձեւով փորձել հավաքագրել՝ սպառնալիքներով, որ ընտանիքին կվնասեն՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չէ, չի եղել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու: Հրայրին նայելով՝ մտածել են, թե իրեն կարելի է սեղմել, եւ տեղի կտա: Որպես մարդ, որին փորձել են վերբովկա անել, կարող եմ ասել, որ իրենք ահավոր ոչ պրոֆեսիոնալ են գործել: Իրենք ընդհանրապես չեն պատկերացնում, թե որ մարդուն ոնց է պետք ընդգրկել ԱԱԾ: Մարդու մասին ամեն տեսակի ինֆորմացիա հավաքում են: Իմ մասին ամեն ինչ գիտեին, ներքնաշորերիս չափսերն էլ երեւի գիտեին: Բայց չգիտեին, թե ինչպես է պետք ինձ հետ շփվել՝ ամենահասարակ բանը: Ինֆորմացիա հավաքելը գիտեն, բայց ընդհանրապես հավաքագրել չգիտեն: Դա բավականին տխուր է, որովհետեւ եթե իրենք իսկապես Հայաստանից դուրս ինչ-որ գործողություններ ծավալում են, ենթադրենք՝ Ադրբեջանում եթե նույն որակի է իրենց գործողությունը, դա շատ տխուր է: Այս պատմությունը խոսում է ոչ միայն ԱԱԾ-ի ոճի մասին, այլեւ ԱԱԾ-ի՝ ընդհանրապես ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, կոմպետենտ կադրերի բացակայության մասին, ինչը տխուր է ընդհանուր պետականության տեսանկյունից»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031