Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բաժակ ջուր խնդրելու, կամ պարզապես շփվելու համար, տատիկ-պապիկները «շտապօգնություն են» կանչում

Հուլիս 15,2014 16:38

Այս տարվա 6 ամիսների ընթացքում սննդային թունավորումների 15 կանչ է արվել «շտապօգնությանը», ինչը 1 կանչով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Որ շոգից թուլանան, կամ արեւային հարվածներ լինեն ու ահազանգեն շտապ օգնություն, այս տարի չի եղել: Բայց մի ժամանակ մեծահասակներն այդ խնդրով դիմում էին մեզ»,-ասաց տիկին Ստեփանյանը, քաղաքացիներին հորդորելով արեւի անմիջական ճառագայթներից խուսափել. իսկ եթե ստիպված են լինում հենց ցերեկային ժամերին տնից դուրս գալ, ապա անպայման` գլխարկով, գլխաշորով կամ հովանոցով: «Պետք է շատ հեղուկներ օգտագործել, կամ եթե արեւի տակ շատ են մնացել, ապա սառը ջրային թրջոցներ դնեն»,-խորհուրդ տվեց Թագուհի Ստեփանյանը:

Մեր այն հարցին, թե պատահո՞ւմ են անհիմն զանգեր, կամ քաղաքացիները «կապրիզ» անելով զանգեն, «Շտապօգնության» ղեկավարն ասաց, որ դա կապրիզ չէ՝ կանչերը որ բարձր են, խոսում է այն մասին, որ անհիմն զանգեր լինում են, բայց դրանք «կապրիզ» պետք չէ համարել. պարզապես կան միայնակ մեծահասակներ, որոնք շփման կարիք ունեն, բժշկի հետ երկար զրուցելու, կամ մի բաժակ ջրի կարիք ունեն, զանգում են` «շտապօգնություն». «Մենք մարդկայնորեն ենք վերաբերվում այդ կանչերին, իհարկե, նման կանչերը խոչընդոտում են «շտապօգնության» աշխատանքին, բայց նորմալ ենք վերաբերվում: Բացի այն, որ նման կանչերի հեղինակները նաեւ խրոնիկ հիվանդություններ ունեն, քանի որ տարիքով մեծ են, բայց անհապաղ միջամտության կարիք չունեն: Պարզապես մարդիկ պետք է հասկանան, թե ինչին է ծառայում «շտապօգնությունը»:
Տիկին Ստեփանյանի ներկայացմամբ` օրական միջինը 658 է կանչ է գրանցվում, որից 20%-է հիվանդանոց տեղափոխվում:

Այս տարվա 6 ամիսներին, ինչպես տեղեկացրեց տիկին Ստեփանյանը, 113,272 կանչ է եղել, ինչը 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ 898 կանչով ավելի է: Ընդհանուր կանչերից հիվանդանոց են տեղափոխվել 21.333 մարդ, 955 կանչով ավելի է նախորդ տարվա համեմատ: Թագուհի Ստեփանյանի խոսքերով` հիմնականում սիրտ-անոթային հիվանդություններով են ահազանգում, այս խնդրով ահազանգել են 30,608 մարդ, որը 5924 կանչով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ սուր աղիքային ինֆեկցիաներով 660 կանչ է գրանցվել:

Այս տարվա 6 ամիսներին 10620 մանկական կանչեր են եղել, սա 747 կանչով պակաս է նախորդ տարվա համեմատ, մանկական կանչերից 3656 երեխայի տեղափոխել են հիվանդանոց:

Վերջին շրջանում տարածվել էր Էնտերովիրուսային  վարակը, շատ ծնողներ նույնիսկ խուճապի մեջ էին: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս վարակով քանի ահազանգ է գրանցվել «շտապօգնությունում», ինչին ի պատասխան մասնագետն ասաց. «Այս վարակով մենք կարող ենք միայն կասկած ունենալ, իսկ այն հաստատվում է միայն հիվանդանոցում: Նման վարակով մեծահասակների 2 կանչ է եղել, 2-ին էլ տեղափոխել ենք հիվանդանոց, իսկ մանկական 48 ահազանգ է եղել էնտերովիրուսային վարակով, 24 երեխայի տեղափոխել ենք հիվանդանոց, բայց թե հիվանդանոցում հաստատվել է, թե` ոչ, չեմ կարող ասել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031