Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրներ կան, որ ժամանակակից լուծումներ են պահանջում»

Հուլիս 25,2014 14:20

Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի ռեկտոր Խաչատուր Քոսոյանը հիմնավորում է իրենց բուհի գոյությունը

Անցյալ տարի մայիսին Փարիզում` ՀՀ դեսպանատանը միջպետական համաձայնագիր կնքվեց Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ (ՀՖԲԻԻ) հիմնադրելու վերաբերյալ: Այս տարի բուհն արդեն ընդունել է իր առաջին ուսանողներին:
«Առավոտը» բուհի ռեկտոր Խաչատուր Քոսոյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ ինժեներական ոլորտում ավանդույթներ ունեցող Հայաստանը կարիք ունե՞ր եւս մեկ ինժեներական բուհի:

Պարոն Քոսոյանի ձեւակերպմամբ, Խորհրդային միության փլուզումից հետո ինժեներական դպրոցի զարգացումը մի տեսակ դանդաղել էր մեր երկրում, լավագույն մասնագետներից ոմանք լքել էին երկիրը: «Աշխարհն ու մարտահրավերները փոխվում են, խնդիրներ կան, որ ժամանակակից լուծումներ են պահանջում ու նոր մասնագետների պահանջ առաջացնում: Ճիշտ է, մեր լավագույն պետական բուհերն էլ են քայլեր անում կրթական ծրագրերի ու մասնագիտական բազայի առումով, բայց միեւնույն է՝ պահանջը լիարժեք չի բավարարվում: Ինչ վերաբերում է մեր բուհին, նրա նպատակն է Հայաստանում ներդնել ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգ՝ կիրառելով եվրոպական առաջադեմ փորձը: Սա ֆրանսիական ինժեներական կրթական մոդել է, որը աշխարհում համարվում է լավագույնը: Օգտվելու ենք ֆրանսիացների կողմից տրամադրված ծրագրերից ու մասնագետներից»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց ծրագրերը համադրելի են հայաստանյան աշխատաշուկայի հետ: «Ինժեներությունն ամբողջ աշխարհում էլ նույնն է: Պատրաստելու ենք միջազգային որակի մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել ինչպես Հայաստանում, այնպես էլ «դրսում»: Ուսումնական առումով էլ հավելեմ, որ Հայաստանում գոյություն ունի բարձրագույն կրթության ստանդարտ, եւ մենք բնականաբար պետք է համապատասխանեցնենք կրթական ծրագրերը, որոնք ֆրանսիացիները մեզ են տրամադրել: Մեր ինստիտուտի կրթական ծրագրերի 80 տոկոսը Լիլ քաղաքի ինժեներական ինստիտուտի ծրագրերն են: Այստեղ մշտապես լինելու է ֆրանսիացի մասնագետ, որը վերահսկելու է թե դասապրոցեսը, թե կրթության որակը եւ թե մեր դասախոսների մակարդակը: Իմիջիայլոց, Հայաստանում էլ ունենք լավ մասնագետներ, որոնք կարող են դասավանդել նույն մակարդակով, ինչ ֆրանսիացիները»,- ասաց ռեկտորը:
Նրանից պարզեցինք, որ իրենց բուհը չի մասնակցել միասնական ընդունելության քննություններին, իր քննական մոդելն է կիրառել՝ նախապես ԳԹԿ-ից խնդրելով ուղեցույցներ եւ շտեմարաններ, որոնց հիման վրա կազմվել են քննական տոմսեր: Խաչատուր Քոսոյանի խոսքով, իրենք անչափ կարեւորում են նաեւ բանավոր քննությունը. «Այդպես դիմորդի հետ շփվելիս հասկանում ես, թե ինչ նպատակ է իր առաջ դրել»:
ՀՖԲԻԻ-ն ներկայումս ունի հետեւյալ ֆակուլտետները՝ ճարտարապետություն եւ դիզայն, քաղաքաշինություն եւ շինարարական նոր տեխնոլոգիաներ, ֆինանսական ինժեներիա, տեղեկատվական կառավարման համակարգեր եւ ենթակառուցվածքների ինժեներիա: Մեր զրուցակցի ասելով, հաճախ ֆինանսական ինժեներիա բառակապակցությունը ճիշտ չի ընկալվում, շատերին թվում է, թե խոսքը գնում է զուտ նախագծելու մասին. «Իրականում ինժեներներն այն գյուտարարներն են, որոնք կառավարում են ֆինանսական աշխարհը»: Իսկ ի՞նչ կապ ունի տեղեկատվական համակարգերի կառավարումը ինժեներության հետ: «Բոլոր խոշորագույն բջջային օպերատորները խնդիրներ ունեն տեղեկատվական համակարգերի հավաքման առումով: Այդ տեղեկատվությունը պետք է ճիշտ կառավարվի: Ցանկացած խոշոր ընկեություն, որը իր ենթակառուցվածքների մեջ չունի տեղեկատվական կառավարման համակարգեր, դժվարությամբ է դիմակայում մարտահրավերներին եւ առաջ տանում իր բիզնեսը»,- մեկնաբանեց ռեկտորը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ բուհի կողմից կրկնակի դիպլոմների տրամադրմանը՝ Լիլի բարձրագույն ինժեներական ինստիտուտը իրենց հիմնական գործընկերն է: Խաչատուր Քոսոյանը հավելեց, որ այս տարի պետությունն աջակցել է իրենց, եւ ունեն 9 անվճար եւ տարկետման իրավունքով տեղեր: Տարվա ընթացքում լավագույն ակադեմիական առաջադիմություն դրսեւորած ուսանողները հնարավորություն կունենան անվճար սովորել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց ուսանողները բուհի ներքին ցանցի օգտատեր են, ինչի շնորհիվ առցանց կարող են շփվել թե դասախոսների, թե իրենց ընկերների հետ, հանձնարարություններ ստանալ եւ քննարկումներ անել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031