Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացա՞ծ և միակողմանի՞  ուսումնասիրություն էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում (Տեսանյութ)

Հուլիս 25,2014 15:19

«Հասարակությունը կարծում է, որ ՀՀ դատարանները թաթախված են կոռուպցիայի մեջ:  Քաղաքացիների համար դատարանները փակ են, չկա թափանցիկություն, դրանք մեկուսացված միջավայր են, որտեղ ամեն ինչ արվում է ստվերային պայմանավորվածությունների շրջանակներում» ,- ասում է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության դիտորդ-հետազոտող Հայկ Թադևոսյանը:

Սույն կազմակերպությունը հայալեզու 26 էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում անցկացրել է հետազոտություն՝ պարզելու ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակումներում արծարծվող հիմնախնդիրներն ու  դրանց մեկնաբանության առանձնահատկությունները:  Ուսումնասիրության համար  ընտրվել են  2009 թ. հունվարի մեկից մինչև 2013 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում  հրապարակված նյութերը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը տեղեկացնում է.  «Լրատվամիջոցներն այդ ընթացքում ակտիվ և նախաձեռնող են եղել ավելի շատ դատաիրավական ոլորտի, քան  դատախազական համակարգի խնդիրների վերհանման գործում» :

«Շատ կարևոր են նաև Եվրոպական դատարանների որոշումներն ու դրանց հետևանքները:  Լրատվամիջոցներից մեկում իրավապաշտպանը  նշել էր, որ  ՀՀ դեմ 40 բողոքներից 38-ում առկա է մարդու իրավունքների խախտում, դա նշանակում է, որ դատական համակարգում մի բան այն չէ»,-հավելում է Հայկ Թադևոսյանը:

Սրա վերաբերյալ հանդիպմանը ներկա ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը զարմանք  հայտնեց.   «Ամեն տարի  ՀՀ-ում շուրջ 100 000 դատական ակտ է լինում: Եթե միջինացնենք 50 000-ով և բազմապատկենք տարիներով, ապա մինչ այս  ՀՀ-ի դեմ շուրջ կես միլիոն  գործից  ներկայացվել է մոտ 2000 գանգատ, որից շուրջ  800-ը  եղել են Ադրբեջանի քաղաքացիների գանգատները, իսկ կայացվել է  50 դատական ակտ»:

Հայկուհի Հարությունյանն էլ  հակառակվեց` եթե ժամանակին տեղյակ են եղել, որ  տվյալ լրատվամիջոցը ապատեղեկատվություն է տարածել, ապա հերքում պահանջեին:

Իսկ Արսեն Բաբայանը շարունակեց, թե  Հ. Հարությունյանի ղեկավարած  կազմակերպությունը միակողմանի է ներկայացրել լրատվամիջոցների հրապարակումների պատկերը` վեր հանելով միայն բացասականը.  «Ձեր աշխատանքը համարում եմ անշնորհակալ և ուշացած: Դուք 2014 թվականին ներկայացնում եք անցյալ տարվա ավարտած ուսումնասիրությունը, որը մամուլի տեսությունից չի տարբերվում: Այստեղ չկա մասնագիտական վերլուծություն, իմաստ չկար  վերահրապարակելու մամուլի նյութերը:  Իմ ղեկավարած  ծառայության աշխատակիցներն ամեն օր ուսումնասիրում են մամուլում հրապարակումները,: Ընդ որում, դրանք  համեմատում են այլ բազմազան նյութերի հետ: Այլ հարց է, երբ դուք բացասականի կողքին դնեիք նաև դրականը»:

Հայկուհի Հարությունյանն էլ հակառակվեց. «Երբ մարդ գնում է բժշկի մոտ, նախ ախտորոշում են իրականացնում և ապա բուժում: Իսկ մենք չենք ստանձնել բուժող բժշկի դերը: Սակայն մենք չենք ունեցել  բացասական տրամադրություն ստեղծելու դիտավորություն»:

Հարցին, արդյոք ուսումնասիրե՞լ են նաև լրատվամիջոցների ունեցած ազդեցությունը  հասարակության կարծիքի  վրա, պատասխանեց. «Ոչ, սա առաջին քայլն է, սակայն նպատակ ունենք  բարելավել մեթոդաբանությունը` ընդգրկելով նաև ԶԼՄ-ների լուսաբանումների ազդեցության գնահատումը»,-եզրափակեց նա:

Հանդիպման վերջում բանավեճը խաղաղվեց, բանախոսներն էլ ցանկություն  հայտնեցին համագործակցել միմյանց հետ `ավելի արդյունավետ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով:

 

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031