Լրահոս
Օրվա լրահոսը

«Քացով աչքիդ տվի՞նք». Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին

Օգոստոս 02,2014 14:01 Share

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվում է գործով վկա ներգրավված ոստիկանների հարցաքննությունը:

Այսօր նախատեսված է տասը վկայի, երեք տուժող ոստիկանի հարցաքննություն:

Գործով վկա ոստիկան Գոռ Մովսիսյանի պատմելով, նոյեմբերի 5-ին 17: 00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երթի ընթացքում ռադիոկապով օգնության են իրենց կանչել, իրենք մոտեցել են ու տեսել, թե ինչպես են ցուցարարներին նստեցնում մեքենա: Երթի բուն ընթացքին ինքը ականատես չի եղել:

Հաջորդ վկա Մանուկ Նիկողոսյանը նույնպես պատմեց, որ անձամբ չի տեսել պայթյունները, տեսել է միայն դրանց հետքերը, պոլիէթիլենային տոպրակներ:

Մյուս վկան՝ Արթուր Խուդինյանը երթի հենց սկզբից է եղել մասնակիցների հետ: Նա պատմեց, որ Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին  անձամբ է մոտեցել, հորդորել, որ չիջնեն դեպի  Մաշտոցի պողոտա , բայց երթի մասնակիցները չեն լսել եւ դուրս են եկել  պողոտա, որտեղ էլ տեղի են  ունեցել  պայթյունները:

«Տարբեր տեսակի փաթեթներ էին նետում, սկսվեց խառնաշփոթ, գոռգոռոցներ, բողոքի մասնակիցները մահակներով հարվածեցին ոստիկանության աշխատողներին, փորձում էինք կարգ խախտողներին հանել երթեւեկելի հատվածից, բայց շարունակում էին կարգը խախտել, այնուհետեւ սկսեցինք բերման ենթարկել»,- պատմեց Արթուր Խուդինյանը:

«Քացով աչքիդ տվի՞նք»,- ընդհատեց  Շանթ Հարությունյանը:

Հետո շարունակեց հարցերը՝ «ինչ նկարագրեցիք, այնտեղ եղել  ե՞ք հենց սկզբից, չե՞ք լսել, ինչ-որ բան եմ ասել, թե՞՝ ոչ: Ասել եմ, որ գնում ենք Բաղրամյան 26»:

Ոստիկանն էլ ասաց՝ սկզբում չի լսել:

Շանթ Հարությունյանը նաեւ  հարցրեց, թե կոնֆլիկտը ինչպե՞ս է  սկսվել:

Ոստիկանի պատմելով. «Հենց մոտեցաք մայթին, մոտեցել եմ, ասել, որ չի թույլատրվում փողոցն անցնել,  բայց չլսեցիք, միանգամից դուրս եկաք փողոց»:

Շանթ Հարությունյանի հարցին, թե հետո  դուք ինչ արեցիք, հարցաքննվող ոստիկանը պատասխանեց, որ ամեն կերպ փորձել են  ցուցարարներին փողոցիցի մայթ հանել.«Նորից փորձում էի ձեզ համոզել, դուրս եկեք երթեւեկելի հատվածից: Դուք սկսեցիք գոռգոռալ, ու ձեր կողքի քաղաքացիները սկսեցին քաշքշել ոստիկաններին, այդ պահին որոշները գրպանից հանեցին փաթեթները ու սկսեցին պայթեցնել, սկսվեց խառնաշփոթը»:

Նա ասաց, որ դեմքով չի հիշում այն ցուցարարներին, որոնց մոտեցել ու հորդորել է՝ դուրս գալ մայթ:  Ամբաստանյալներից Սեւակը հակադարձեց՝ «սուտ ես խոսում»:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ  միջնորդեց դիտել դեպքերն արձանագրած տեսանյութը, որ վկան նշի, թե որ հատվածում է մոտեցել ու հորդորել, որ դուրս չգան մայթերից:

Դիտումից հետո էլ պարոն Զաքարյանը հայտարարեց. «Տեսանյութում հստակ երեւաց՝ երթի մասնակիցները անցնում են վկայի  կողքով, իսկ նա որեւէ մեկին, որեւէ բառ չասաց, որեւէ շարժում էլ չարեց, իր համար կանգնած էր»:

Վկան էլ հայտնեց, որ մեկ այլ տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքը  մոտեցել է ու հորդորել:

Դատավորն էլ ասաց, որ այդ հանգամանքի վերաբերյալ դատողություններ անելու համար պետք է ավարտվեն  ապացույցների քննությունը:

Ամբաստանյալներից մեկն էլ հարցրեց ոստիկանի մասնագիտական պատրաստվածության մեջ սուտ խոսելու պատրաստվածությունը մտնո՞ւմ է, թե՞՝ ոչ: Այս պահին դատական նիստը ընդմիջվել է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թե՛ Շանթի, իր ընկերների հետ, և թե՛ Վոլոդիա Ավետիսյանի խեղկատակ դատավարությունները նման են հնադարյան ստրկատիրական կարգերի ծիսակատարություններին, որի գլխավոր դեմքն է՝ խանը, քյոխվան, թե մոլլան,՝ վերջին բոլշևիկը, թաղի խուժանի մակարդակով։

Պատասխանել