Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պիլոտային ծրագրերը նոր թափ են առնում

Օգոստոս 04,2014 17:39

Այսօր «Զարկերակ» մամլո ակումբում բնապահպանության հավատարիմ ջատագովները՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, պրոֆ. Կարինե Դանիելյանը, «Հասարակական էկոլոգիական դաշինքի» փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը և «Էկոգլոբ» կազմակերպության տնօրեն Նունե Դարբինյանը ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ «Ռիո+20» ծրագիրը:

Այս գործում հիմնական դերը միջգերատեսչական հանձնաժողովին է պատկանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համալիր գործողություններ, որոնք լուծում կտան այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության պահպանումը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և էներգախնայողությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, տուրիզմի, ճարտարապետության զարգացումը և այլն:

Քննարկվող թեմաների շուրջ հնչեցին բազմաթիվ առաջարկներ: Օրինակ՝ ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործումը, որը բացասական է անդրադառնում գյուղատնտեսական արտադրության վրա, կարելի է կանխել վարչաիրավական և տնտեսական մեխանիզմներով՝ իրականացնելով ռեկուլտիվացիոն աշխատանքներ, բարելավելով հումքի մշակման աստիճանը:

Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների կառավարմանը, փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է քննարկել քաղաքների և այլ բնակավայրերի մաքրման կայանների հիմնահարցը: Թափոնների հիմնախնդրի լուծումը ևս պահանջում է երկարատև ջանքեր՝ կազմակերպել ճանապարհների մաքրումը լքված շինություններից, արտադրական թափոնների ցուցահանդես-տոնավաճառներ, խթանել «ինդուստրիալ էկոհամակարգերի» ձևավորումը:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ տեղ էր հատկացված կայուն տուրիզմի զարգացման գործընթացին: Նախատեսվում է բոլոր մատչելի միջոցներով ապահովել բնության և պատմա-մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնումն ու պահպանումը:

Վերջում ասուլիսի մասնակիցները ներկաներին հավատ ներշնչեցին, որ նման տեմպերով աշխատանքի շնորհիվ հեռանկարային է «Հետ Ռիո+20» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցությունը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031