Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղես նայոմնիկ ա գրվել»

Օգոստոս 08,2014 12:49

– Վենեռ, տղադ ի՞նչ ա անում:

– Երեկ նայոմնիկ ա գրվել:

– Էս թեժ պահի՞ն. բա որ կռիվը սկսվի՞:

-Է~, որ կռիվը սկսվի չե՞մ ուղարկելու:

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում սահմանամերձ ոսկեվանցի երկու կանանց զրույցից մի հատված մեջբերեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը`կիսվելով հարազատ գյուղում անցկացրած վերջին օրերի իր տպավորություններով:

Զուգահեռներ անցկացնելով 1990-ականների եւ ներկայիս ռմբակոծությունների միջեւ, բանախոսն ասաց, որ տպավորությունները շատ հակասական են: 90-ականներին այդ հատվածներն ադրբեջանական անկլավում էին, այսօր հիմնական վտանգը հեռահար ռմբակոծություններն են:

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ հայկական սահմանամերձ գյուղերը ռմբակոծվում են ծանր հրետանիով. «Այս ռմբակոծությունների դեպքում ՊԿ-ն` «պուլիմյոտ կալաշնիկովա», ամենաանմեղ զենքն ա դարձել, բայց դա շատ մասնագիտական զենք ա»:

Ինչեւէ, բանախոսին ոգեւորել եւ ապշեցրել է տեղաբնակների`սեփական տունը պաշտպանելու մղումները. «Բացի զինվորներից, իրական հերոսներ են այդ բնակավայրերում ապրող մարդիկ`գիշերը կրակոցների տակ, օրվա ընթացքում իրենց առօրյա աշխատանքին: Մարդիկ հոգնել են վախենալուց եւ ուղղակի հերոսաբար, իրենց ընտանիքներով, շարունակվում են ապրել ռմբակոծությունների տակ: Կին-տղամարդ, աղջիկ տղա տարբերակում չկա»:

Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ այս մարդկանց նկատմամբ վերաբերմունքի եւ լրատվության ճշգրիտ մատուցման խնդիրներ կա: «Եթե մարդը գիտի, որ գյուղը ռմբակոծվել է եւ դրա մասին չի հայտարարվում երեկոյան, հեռուստացույցով, նա արժանահավատ չի համարում լրատվությունն ընդհանրապես: Բայց լրատվությունը պիտի չափազանց հավասարակշռված ու ծանրակշիռ լինի: Խուճապ առաջացնող տեղեկատվությունից պիտի խուսափենք եւ ընդհանրապես լռությունից էլ պիտի խուսափենք, մարդիկ ստույգ տեղեկատվության կարիք ունեն: Դա նաեւ վկայությունն է այն բանի, որ իրենց մասին ոչ ոք չի մոռացել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031