Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ հասնելու ճանապարհը

Օգոստոս 09,2014 12:20
Merujan Ter-Gulanyan

Ամիսը վերջ ունի, հաջորդ ամիսը՝ սկիզբ: Օրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր կյանքը, և թվում է, թե անցածը արդեն չկա և մեզ հետ չէ այլևս: Այնինչ՝ մեր կեսգիշերային մենության մեջ թվացյալ մոռացված օրերը վերադառնում են, ամիսներն ու տարիները նույնպես վերադառնում են և հրահրում, բողոքում են ու տեղահանում սիրտդ ու հոգիդ…
Եվ դու հստակ տեսնում ես, որ ոչինչ էլ չի անցել, ամեն ինչ քեզ հետ է, և ինչ որ ապրել ես՝ դու ես: Եվ եթե դու ինքդ ես, քո ապրած կյանքի ներդաշնակությանը հետևելով՝ հասկանում ես, որ ամեն ինչ, իհարկե, անցնում է, բայց սարսափելին այն է, որ ամեն ինչ չէ, որ մոռացվում է:

Ու գիշերվա լռության մեջ ինքդ քեզ անձայն ասում ես՝ ախր, չէ՞ որ ես վկայող եմ: Եվ նույն վկայողը անհոդաբաշխ համառությամբ շարունակում է խոսել քեզ հետ և ասում է. հիշո՞ւմ ես, ընդամենը երեկ հոսում էր ցեղիդ գետը՝ ծաղիկները ձեռքին՝ դեպի հուշարձանը նահատակների: Հիշո՞ւմ ես նաև, թե ինչպես քո սփյուռքահայ հայրենակից գրող ընկեր Գրիգոր Պլտյանը ասաց քեզ. Ես հայրենիք չունեմ, իմ հայրենիքը սփյուռքն է, և դու վիրավորվեցիր: Բայց լռությամբ ներեցիր իրեն, և այդ պահին դարձյալ քո ներսում ավելի ամրացար քո դժվար ապրող երկրի հողին, որը մարդկության օրորոցն է: Քանզի իմ սփյուռքահայ գրող ընկերը, իր դրսերի իմացությամբ հանդերձ, չգիտեր, սակայն, որ ուր ինքը ուզում էր գնալ, մենք այնտեղից վաղուց արդեն վերադառնում էինք:

Պարզապես խնդիրը տեղ հասնելու ճանապարհն էր:

Եվ իմ ընկերը, ում թվում էր, թե տեղ է հասել, ափսոս, չգիտեր, որ տեղ հասնելը վերջն է, իսկ վերջը մահն է: Այնինչ Աստծո արցունքի մեր երկիրը հավերժության ճամփորդ է, որ շատ անգամ է տեղ հասել: Փնտրել-գտել ու շարունակել է փնտրել: Եվ կորոնի այնքան, մինչև հասնի բարձրագույն արդարությանը…

Ականջդ կանչի, Ֆյոդր Դոստոևսկի, որ ասում էիր, թե թուրքը քաջ է ոչխարի դեմ, իսկ քաջի դեմ՝ ոչխար:

Իմ գրող ընկեր, մեղավորը դու չես, որ սփյուռքը քեզ հայրենիք ես անվանում: Թերևս, լավ չգիտես նաև, որ քո հին Ղարաբաղ հայրենիքում մի բուռ տղաներով ջախջախեցին թուրքերին և տեր ու տնօրեն դարձան քո և իմ՝ ժամանակների մեջ հափշտակված հայրենիքին: Ինչևէ, ընկեր, վաղը իմ այս գիշերային տագնապները կտպվեն թերթում, և եթե դու կարդաս, հուսամ՝ կհասկանաս ինձ:

Վստահ եմ նաև, որ չես կարդացել Ղարաբաղի սահմանում հերոսաբար զոհված Ազատ Ասոյան հրաշալի զինվորի տողերը՝ էս նկարում ես էդքան կարևոր չեմ, ինչքան հետևիս տեսարանը… Ես գտնվում եմ ամպերից վերև, որտեղ ամպերը ծածկում են նույնիսկ սարերը, բայց ոչ՝ ինձ…

Ուզում եմ իմանաս նաև, որ բոլորովին վերջերս, ընդամենը երկու օր առաջ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ անկախ կուսակցություններից, միակամ, միահամուռ հայտարարեցին իրենց կամքը մեր Ղարաբաղ Հայրենիքը պաշտպանելու:

Իսկ ժամանակին մեր հանրապետության նախագահը, հայրենացավն իր մեջ, ձեռք մեկնեց մեր ընդդիմությանը՝ վեր կանգնելով երկրորդական վեճերից՝ հանուն մեր պետության ու հայրենիքի, որը քո և իմ հայրենիքն է: Հանուն նրա նաև, որ դու շուտ-շուտ այցելես քո նախնյաց երկիր, և մենք հաճախ հանդիպենք, քանի որ եթե աչքից հեռու ենք, սրտից էլ հեռու կլինենք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ խոսնակ says:

    Համահունչ է Carson Clay-ի «Ժամանակի նվագարկումը» գլուգործոցին։ Ահա մի հատված․ «Ինչ է կյանքը, եթե ոչ արցունքի մի կաթիլ անվերջության աչքում. Միասին մենք ապրել ենք, ծիծաղել, սիրել. Բայց դու թողեցիր ինձ: Եվ այժմ ես քայլում եմ ամայի դաշտերում մենակ. Ի՞նչ է կծիկը կոտրված սրտով. Առանց քեզ ես ոչինչ եմ, ոչինչ. Ոչինչ. Ոչինչ. Ոչինչ. Ոչինչ. Ոչինչ.» Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

    https://www.youtube.com/watch?v=uNg13Ju5HN8

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031