Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» նավապետներ էր ստեղծում»

Օգոստոս 11,2014 14:42

«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Լույս» հեռուստաընկերության տնօրեն Ոսկան Մամիկոնյանը

«Հարցազրույցը կանենք մեզ մոտ»,- ի պատասխան իմ հարցին, թե որտեղ հարմար կլինի հանդիպել «Առավոտցիներ» շարքի հերթական հրապարակման հարցազրույցն անելու համար, հեռախոսի մյուս կողմից ասաց Ոսկան Մամիկոնյանը՝ նկատի ունենալով «Առավոտի» խմբագրությունը: Հաջորդ օրն արդեն մտնելով «Առավոտ»՝ ջերմ ու հարազատ միջավայր, ողջագուրվելով իր ընկերների հետ՝ նկատեց, որ շատ բան խմբագրությունում չի փոխվել: Ինչպես արդեն պարզ է, այս շաբաթվա «Առավոտցիներ» շարքում այստեղի աշխատանքային իր տարիներն է հիշելու Արմավիրի մարզում հեռարձակվող «Լույս» հեռուստաընկերության տնօրեն Ոսկան Մամիկոնյանը: Մինչ «Առավոտում» աշխատելը՝ եղել է «Երկիր» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող: Իսկ մասնագիտությամբ նա ինժեներ է: «Ես նորմալ, սովորական աշխղեկ էի: Եկավ 88-ը…Պարզվեց, որ Հայաստանն անկախանում է, շինարարությունը մի շրջան վերացավ, մնացի առանց աշխատանքի: Նախկին ձիրքս հիշելով՝ գնացի «Երկիր» օրաթերթ՝ Աղվանի մոտ: Տասը փորձաշրջան, եւ անցա աշխատանքի, սկսեցի լրագրությամբ զբաղվել 91-ի աշնանից»,- պատմում է պարոն Մամիկոնյանը:

«Առավոտի» հրապարակումներին հետեւում էր մինչ այստեղ աշխատանքի անցնելը, իսկ աշխատելու ցանկությամբ ինքն է դիմել օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանին: «Արամ Աբրահամյանը նախագահի մամուլի խոսնակն էր, այդ տարիներին հաճախ էի նախագահական գնում, եւ Արամի հետ արդեն վաղուց էինք ծանոթ, իմացած մարդու մոտ եկա, ինքն էլ երեւի ինձ հետեւել էր: «Երկիր» թերթում էի աշխատել, հետո «Ազատությունում»,- պատմում է Ոսկան Մամիկոնյանը, ասում, որ լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմն ու որակը նաեւ իրեն «համոզեց», որ գնա «Առավոտ»:

Օրաթերթում աշխատելու տարիներին անդրադարձել է տարբեր թեմաների: «Պատերազմի ճակատներում աշխատել եմ, Ազգային ժողովում, կառավարությունում, նախագահականում աշխատել եմ, հասել եմ մինչեւ գյուղատնտեսություն,- ասում է նա, նշում, որ դրան նպաստում էր նաեւ այն, որ խմբագրությունում հավաքվել էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, եւ ձեւավորվել էր հրաշալի աշխատանքային մթնոլորտ,- այն կողմի պատշգամբում, շատ ջերմ մթնոլորտում ենք աշխատել միշտ: Երեւի դա նաեւ Արամից է գալիս»:

Ըստ պարոն Մամիկոնյանի՝ թեմաների սահմանափակում խմբագրի կողմից չի եղել, եթե երբեւէ սահմանափակվել են, ապա միայն իրենց լրագրողական ներքին գրաքննությամբ՝ մասնագիտական փորձը հաշվի առնելով: «Հիմա էլ «Առավոտը», ինչպես նախկինում, տարբերվում է այլ լրատվամիջոցներից. հավասարակշռված, բոլոր կողմերին նույնական մոտեցում ցուցաբերող լրատվամիջոց է, դրան գումարած՝ «Առավոտի» յուրահատուկ հեգնանքը»,- ասում է նա:

Հիշում է, որ «Առավոտը» մի պահ դադարեցրեց աշխատանքը՝ թերթը նորացնելու ու համալրելու համար: Երբ վերաբացվեց, արդեն հրապարակվում էր 16 էջով՝ նոր թեմաներով եւ որակով: Այդ ժամանակ էր, որ ինքն առանձին էջով անդրադառնում էր միջազգային իրադարձություններին, ինչը հայ լրագրության համար նորություն էր. «Ներկայացնում էինք մեզ համար առավել հետաքրքրություն ներկայացնող թեմաները, դա, բնականաբար, տարածաշրջանը, գերտերություններն էին»:

Ժամանակի լրագրության մասին խոսելիս, ասում է. «1996 թվականի մամուլը նոր էր ձեւավորվում, այսինքն՝ մի մասը սովետական լրագրությունից էր եկել, բավական լավ փորձով՝ ինչպես, օրինակ, Ժենյան (նկատի ունի Գենոֆիա Մարտիրոսյանին-հեղինակ), եւ արդեն նաեւ նոր սերունդ էր գալիս: Հին ու նոր սերունդը միասին էր աշխատում՝ մի կողմում թարմ աչք, մյուսում՝ փորձառություն, ահագին լավ ժամանակաշրջան էր»: Ըստ Ոսկան Մամիկոնյանի՝ այն ժամանակ լրագրությամբ զբաղվողներն առավել պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց աշխատանքին. «Պարտավոր էիր խոսքիդ կշիռն իմանալ, որովհետեւ ամեն քո բառը տիրաժավորվում էր, ամեն բառդ, հաշվի առնելով «Առավոտի» այն ժամանակվա տպաքանակը, ութ հազար անգամ բազմանում էր: Դու հանրային մարդ էիր, պատգամավորի պես, ամեն օր քեզ հետ շփվող կա, հազարներով,- ասում է նա, համարում,-լրագրության մեջ հիմնական սկզբունքն անկեղծությունն էր. եթե դու գրել ես անկեղծ, ինչին ինքդ հավատում ես, քեզ կհավատան, բայց եթե գրել ես որպես դեղին մամուլ, ինչ-որ «կուտ» կամ պատվեր, կներեք՝ «զռռում է»:

Խոսելով «Առավոտի» աշխատանքային մթնոլորտի մասին՝ հիշում եւ թվում է իր ընկերների անունները. «Փիլիսոփա Գալոյան Արան, բանաստեղծ Շեկոյան Արմենը, ծնունդով լրագրող Իսրայելյան Աննան, սպորտսմեն Աշոտը, Ռուզանը, այնքան լավն էր մթնոլորտը, մեր էջադրողները, հրաշք աշխատակազմ էր: «Առավոտի» լեգենդն էր, որ Արամն ինքն իրեն տուգանեց, որ ոչ մեկս հանկարծ չնեղանանք»:

Ոսկան Մամիկոնյանն «Առավոտում» աշխատել է երեք տարի`1996-1999 թվականներին: «Առավոտից» հետո աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, այնուհետեւ Մոսկվայի դեսպանատանը՝ նաեւ որպես «Հ1»-ի թղթակից, հետո աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում, հիմա Արմավիրի մարզի «Լույս» հեռուստաընկերության տնօրենն է: «Աշխատակազմի մասին խոսելիս, նաեւ պիտի ասեի՝ Արամի «շնորհքը» նորից կա, «Առավոտը» նավապետներ էր ստեղծում, հիմա ես հեռուստաընկերության տնօրեն եմ, Սաթիկը Սեյրանյան թերթի խմբագիր, այդ իմաստով էլ մեր կոլեկտիվը շատ լավն է:

«Առավոտը» քեզ ավելի է հասունացնում, դու պատրաստ էիր այլ հարթությունում աշխատելու. ես աշխատել եմ Արամի գլխավորած աշխատակազմում, հիմա ես ինքս աշխատակազմ եմ ղեկավարում, ու լիքը բաներ եմ վերցրել, չէ՞, նրանից»,- ասում է պարոն Մամիկոնյանը: Հիմա արդեն, որպես ընթերցող, նկատում է՝ «Առավոտը» շարունակում է պահպանել իր ոճն ու սկզբունքները. «Որոշ փոփոխություններով, որը երեւի պայմանավորված է ֆինանսական վիճակով, թերթի էջերի պակասելով»: Ըստ պարոն Մամիկոնյանի՝ թերթի գոյության համար 20 տարին այնքան էլ մեծ թիվ չի: «Նորմալ սերնդափոխություն էլ չի կատարվել, հիմա դուք դեռ աշխատում եք ավագ սերնդի հետ,- ասում է նա եւ մաղթում «Առավոտին»,- այնքան լինի, որ իր պատմությամբ դառնա սերունդների թերթ: Կան նման լեգենդար լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, «Նյու Յորք Թայմսը», այսինքն՝ անդադար շարունակի աշխատել, տպագրվել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ոսկան Մամիկոնյանին լուսանկարեցինք «Առավոտի» այն աշխատասենյակում, որտեղ որ ինքն էր նախկինում աշխատել:

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031