Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական դեղարտադրողների մոտ այս տարի արտահանման աճ կարող է չգրանցվել

Օգոստոս 12,2014 14:38

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտնեց, որ հայկական դեղագործական ընկերությունների արտադրանքի ծավալը մեծացնելու համար նոր հնարավորություններ են ստեղծվել: Ինչպես նշեց բանախոսը՝ տեղական դեղարտադրողները դեղերի արտադրման եւ արտահանման ստաբիլ աճ են գրանցում. «Մասնավորապես, անցյալ տարի տեղական արտադրողների արտադրանքի ծավալը ավելացել է մոտ 26 տոկոսով, իսկ արտահանման ծավալը՝ 29 տոկոսով»:

Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ մի շարք տեղական դեղագործական ընկերություններ ստացել են Եվրամիության չափանիշների պահպանման հավաստագրեր. որոնք թույլ են տալիս արտադրողներին ավելի լայն ծավալներով արտահանել տեղական արտադրանքը. «Դրանցից մեկը GMP հավաստագիրն է, որը հայերեն թարգմանաբար նշանակում է պատշաճ արտադրողական գործունեություն»: Հավաստագիր ստացող ընկերություններից մեկը «Արփիմեդ» ընկերությունն է: Ընկերությունը նաեւ ստացել է ուկրաինական փորձագիտական կենտրոնի հավաստագիրը, որը հնարավորություն է տալիս Ուկրաինա արտահանել շուրջ 30 անուն դեղ:

Սակայն պրն Զաքարյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի կան արտահանմանը խոչընդոտող մի քանի մարտահրավերներ եւ չհաշվարկված կորուստներ. «Այս տարի արտահանման աճ կարող է չգրանցվել: Խոչընդոտներից մեկը հենց Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն է, կան նաեւ ներքին մարտահրավերներ»:

Պրն Զաքարյանը տեղեկացրեց, որ շուկայում հայտնվել են այլ երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից եւ Վրաստանից ներմուծված դեղեր, որոնք ավելի մատչելի են, եւ որոնք պետական գնումների մրցույթների ժամանակ հաղթում են տեղական արտադրողներին. «Այսպիսով հնարավոր է, որ տեղական արտադրողները իրենց իսկ շուկայում խնդիրներ ունենան: Դրանց որոշ նախադեպեր ունենք»:

Պրն Զաքարյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ դրոշմապիտակավորման օրենքի փոփոխությունն ավելի մեծ ծախսերի է հանգեցնելու թե՛ ներմուծողների եւ թե՛տեղական արտադրողների համար, քանի որ մեծ քանակությամբ, բայց փոքր խմբաքանակներով դեղեր են Հայաստան ներմուծվում. «Մեր հաշվարկներով՝ մոտ 200 մլն-ից ավելի փաթեթներ են ներմուծվում՝ տարբեր ֆորմաներից, նյութերից պատրաստված, որը հնարավոր չի դրոշմապիտակավորել այլ կերպ, քան ձեռքով: Սա մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031