Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շաշկիի այս պարտիան ԱՄՆ-ն պարտվե՞լ է

Օգոստոս 13,2014 17:47

«Այս պարտիան ավարտվել է հօգուտ Պուտինի, շաշկիի այս պարտիան Ամերիկան պարտվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ տարածաշրջանում Ամերիկան դիրքերը զիջում է Ռուսաստանին և ինչ-որ առումով խուճապի մեջ է, այսպես պատասխանեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, թե «ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին վառվող օղակի մեջ առնել, բայց այս դրվագը Պուտինի համար է արդյունավետ ավարտվել»:

Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշ զարգացումներ կլինեն: Օրինակ՝ ըստ նրա՝ Աֆղանստանի սահմանի վրա, որը միջնորդավորված կամ ուղիղ Ռուսաստանի հետ կապ ունի, կակտիվանան գործողությունները, Մոլդովայում Մերձդնեպրյան հատվածում զարգացումներ կլինեն, Լարիսա Ալավերդյանը շեշտեց. «Համոզվածություն կար, որ դա Ռուսաստանի խաղն է, բայց տեսեք՝ ով է հայտնվել այս կիսագնդում, ԱՄՆ-ն պրոակտիվ խաղ է վարում. ԵՄ-ն, ՌԴ-ն է թուլացնում է, իսկ Ուկրաինան կամ առանձին պետություններ ընդամենը խաղաքարտ են»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է մի կողմից Ուորլիքը խանդավառված Սոչիում՝ նախագահների հանդիպմամբ, բայց մյուս կողմից չի նշում, որ Պուտինն էր հանդիպման նախաձեռնողը, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Պուտինը խնդիր ուներ ապացուցելու, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը մնում է գլխավոր գործող անձը: Դա նրան ավելի քան հաջողվեց, քանի որ ցույց տվեց, թե ինչպես է Ալիևը արտաբերում, որ այս կոնֆլիկտը պիտի լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պուտինի մոտ իր լեզուն Ալիևը կարճ պահեց»:

Կապված Ուորլիքի՝ Պուտինի նախաձեռնությունը չնշելու փաստի հետ՝ տիկին Ալավերդյանը հիշեցրեց Բիշկեքյան արձանագրությունը, երբ կրկին չնշվեց, որ դա ՌԴ-ի միջոցով է արվել, այլ ուղղակի կամ անուղղակի վերագրվեց Մինսկի խմբին: Նա հավելեց. «Ռուսաստանը 1992-1994-ից բոլորին ապացուցում է, որ այս տարածաշրջանում իր դերակատարությունը շատ ավելի գերակա է, քան մեկ ուրիշի, ուստի այն, որ Ուորլիքը չի ասում Ռուսաստանի մասին, դա զարմանալի չէ»:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, թե համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան:

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ ԱՄՆ-ն անընդմեջ հնչեցնելու է մադրիդյան սկզբունքների այն կետերը, որտեղ նշվում է հայկական ուժերի՝ իրենց լեզվով ասած՝ օկուպացված տարածքներից դուրս բերելու մասին:

Այս առիթով տիկին Ալավերդյանը շեշտեց. «Հայաստանի քաղաքական էլիտան և պետական մարմինները այստեղ ունեն մեծ բացթողում: Միջազգային հանրության անգամ պրոհայկական գործիչներին դժվար է համոզել, որ ազատագրված տարածքները ևս չեն պատկանում Ադրբեջանին: Միշտ հարցնում են՝ բա ինչո՞ւ չէիք մինչև հիմա այդ մասին խոսում: Սրանով Ադրբեջանը կարող է մեզ տապալել»:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ 1992-ին ԵԱՀԿ պաշտոնատար անձանց այցից հետո պատրաստվել է զեկույց, որտեղ ամրագրվել է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածք: Աղմուկ բարձրացնելուց հետո Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է՝ ոչինչ, հետո կաշխատենք այդ ուղղությամբ: Միակ դրական քայլը տիկին Ալավերդյանը համարում է այն, որ հայկական կողմի նախաձեռնությամբ նշվել է, որ ոչ միայն նախկին հանրապետությունները կարող են դիմել ԱՊՀ մուտքի համար, այլև ինքնավար միավորները:

Նա հիշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարության ժամանակ հայկական կողմն ասել է՝ թեկուզ ինքը մտնում է ՄԱԿ նախկին Խորհրդային միության տարածքներով, բայց պիտի նկատի ունենալ, որ կա Արցախի խնդիր: Նույն ժամանակ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ՀՀ-ի միջոցով ՄԱԿ-ի քարտուղարության իմացությամբ հայտարարություն է տարածել, որ ուզում է ընդգրկվել ՄԱԿ-ում:

Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ն տարիներ շարունակ չի զբաղվել Արցախի հարցով այն առումով, որ ինքն է ասում ու նշում. «Գոնե գերագույն խորհուրդը տարածում էր իրավական փաթեթը, աշխարհը ողողված էր այդ փաթեթով, պատահական չէ, որ կիսատ-պռատ, բայց 1996-97-ին ԵԱՀԿ հավաքներում խոսվում էր կոնֆլիկտի կողմերի մասին, ոչ թե Հայաստան-Ադրբեջան, ինչն էլ թույլ է տվել մեր որոշ գործիչների ոգևորվել»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այդ ոգևորությամբ տանուլ տվեցինք այդ դաշտը»:
Մեր դիտարկմանը, փաստորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետընթա՞ց է գրանցվել, տիկին Ալավերդյանն արձագանքեց. «Այսօրվա ԼՂՀ իշխանության խոսքը շատ էլ ծանրակշիռ է: Մենք կարող ենք ասել հետընթաց մի սեղանի շուրջ չնստելու առումով, բայց դա պարտադիր չտարածել ազդեցության վրա: ԼՂՀ ազդեցությունը ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տարածքային անվտանգության առումով շատ մեծ է ու գնալով մեծանում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Համամիտ չլինելով նյութի բովանդակությանն ու իմաստին, մեջբերելով հարգելի տիկին Ալավերդյանի արտահայտած այս միտքը՝ որոշեցի արձագանքել:«Այսօրվա ԼՂՀ իշխանության խոսքը շատ էլ ծանրակշիռ է: Մենք կարող ենք ասել հետընթաց մի սեղանի շուրջ չնստելու առումով, բայց դա պարտադիր չտարածել ազդեցության վրա>: , Եթե հետընթաց է սեղանի շուրջ չնստելը դա նշանակում է, որ Ղարաբաղի իշխանությունը զրկված է խոսքի՝ հավասար ստատուսի արտահայտման իրավունքից: Չափազանց պարզ է, որ իր փոխարեն խոսում է ուրիշը, իսկ ուրիշը խոսում է իրեն հարմար մտքերով:Ըստ էության նույնիսկ Հայաստանն է ստիպված կատարել այն ինչ թելադրում է Պուտինը: Պուտինը թելադրում է իր կամքը: Ղարաբաղան խնդրի լուծման ռուսական ցանկացած տարբերակ դա տանում է հարցի չլուծման: Միայն միջազգային կառույցների մասնակցությաբ լուծելու դեպքում կարող է հարցը լուծվել խաղաղ ճանապարհով ու մինիմալ կորուստներով: Հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի իր անկախությունը վերջնականապես, Ղարաբաղն էլ միանգամից , կամ աստիժանաբար կհայտնվի Ադրբեջանի կազմում: Կուլիսներում կատարվող խորհրդակցությունները՝Ղարաբաղի թե հայաստանի հետ ռուսները վարում են հարևան բակի, լսող կրտսեր պատանու ու մի փոքրիկ տղայի որևէ հանձնարարություն տալու, կամ խանութ՝ սիգարետ առնելու ուղարկելու նման:: Ղարաբաղը Պուտինի հետ ունեցած հարաբերություններում խելոք, լսող, հավատարիմ գործիք է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պուտինահաճո կարգավորելու գործում: Այս տարբերակը ձեռնատու է ղարաբաղյան իշխանություններին ու ղարաբաղյան կլանին, բայց ոչ Ղարաբաղին, նրա ժողովրդին, առավել ևս Հայաստանին ու հայ ժողովրդին:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/08/13/488197/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031