
Փառատոնին մարդիկ ներկայացրել էին նաև իրենց ձեռքի աշխատանքները: Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս» կենտրոնի կանայք թել էին մանում, գորգ գործում, ցուցադրում իրենց պատրաստած հուշանվերները: Հարթաշենցի Կարինեն երկանք էր աղում`խառնելով ժամանակների հերթականությունը: Գորիսի արվեստի դպրոցը այցելուների ուշադրությունը գրավել էր յուրօրինակ կտավով, ուր հին Գորիսն էր` իր մարդկանցով, նիստ ու կացով, մատուռներով, քարանձավներով:
Գորիսը ներկայացրել էր իր ավանդական ճաշատեսակները, որով նա հյուրասիրում է իր հյուրերին: Իսկ դա տոլման էր, լոբին, խաշլաման և այլն:
Փառատոնը, որի նպատակը մարզում զբոսաշրջության խթանումն էր, աշխուժություն էր բերել քաղաքին: Այստեղ էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներ, որոնք ոչ միայն համտեսում էին մարզի ուտեստներից, բերք ու բարիքից, այլև գնումներ կատարում:
Նման փառատոների կազմակերպումը նշանակում է, որ երկրի զարկերակը խփում է համաչափ:Ու քանի որ փառատոն է, այն էլ թթի, մարդիկ բաժակ են բարձրացնում, կենաց ասում, խմում սահմանում կանգնած մեր տղաների կենացը, նրանց մաղթում նոր ուժ ու կորով:
Թթի փառատոնին շուք հաղորդեցին նկարչական ցուցահանդեսները, սպորտային մրցումները, և, իհարկե նաև լարախաղացը:
Գորիսում ժամանակների խրախճանք էր: Հորդում էին գինին և ուրախությունը, պարը ,երգն ու երաժշտությունը:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս






















































