Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան 1500-ից 2000 աղջիկ երեխա չի ծնվում, միայն նրա համար, որ բեղմնավորվել է որպես աղջիկ»

Օգոստոս 29,2014 14:11

«Մեր նպատակը մեկն է՝ կանխել, նվազեցնել եւ բացառել սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները Հայաստանում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների վերաբերյալ քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Բանախոսը ներկայացրեց, որ ընդհանրապես հղիության արհեստական ընդհատումները օրենսդրորեն թույլատրված գործընթացներ են. «Թույլատրվում է մինչեւ 12 շաբաթական ժամկետը ընդհատել կնոջ ցանկությամբ, իսկ 12 շաբաթականից հետո միայն այն դեպքում, եթե կան բժշկական ցուցումներ կամ սոցիալական ցնցումներ»:

Տիկին Սարիբեկյանի փոխանցմամբ Հայաստանում սովորաբար տղաները ավելի շատ են ծնվում, քան տղաները. «Հայաստանում առաջին երեխայի դեպքում չունենք սելեկտիվ աբորտի խնդիր, երկրորդ երեխայի պարագայում կարծես թե գործընթացը սկսվում է, բայց երրորդ երեխայի դեպքում ՝ տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը շատ է երեւում՝ 100 աղջկա դիմաց ծնվում է մոտ 160 տղա»:

Տիկին Սարիբեկյանի ներկայացմամբ՝ միջինում տարեկան 1500-ից 2000 աղջիկ երեխա չի ծնվում, միայն նրա համար, որ նա բեղմնավորվել է որպես աղջիկ:

Տիկին Սարիբեկյանը հավելեց նաեւ, որ պետք է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները, ինչի առկայության դեպքում արդեն ոչ թե տուգանքներ կկիրառվեն, այլ միանգամից քրեական վարույթ կհարուցվի, որը կզգաստացնի ծնողներին:

Ասուլիսի ընթացքում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում խնդիրը ի հայտ է եկել մոտ 20 տարի առաջ, իսկ աշխարհում այն 30-35 տարի կա: Նրա ներկայացմամբ՝ սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ դեռեւս ոչ մի լուծում աշխարհում չկա. «Միակ լուծումը մտածելակերպի փոփոխությունն է, սակայն սա էլ մեկ շաբաթում կամ մեկ տարում լուծելու խնդիր չէ»:

Պրն Հայրապետյանի խոսքով՝ լուրջ մարտահրավերներ կան. «1993 թվականից սկսած մինչեւ այսօր Հայաստանում մինչեւ 21 տարեկան մոտ 50 հազար տղա ավելի է ծնվել, քան աղջիկ, իսկ դա նշանակում է, որ 50 հազար տղա պետք է գտնի իր զույգին, որն իր արտացոլումն է ունենալու հասարակության վրա»:

Նրա կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2060 թվականը Հայաստանում չի ծնվի մոտ 100 հազար ապագա մայր, որը կազմում է Հայաստանի բնակչության 3 տոկոսը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031