Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն Լիսկայի համար կարծես թե գտնվել է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2014 11:18

«Ինչքան հնարավոր է բարձր պաշտոնում եմ նրան տեսնում, շատ դրական եմ վերաբերվում այդ փաստին, բնականաբար, շատ կցանկանայի, որ պաշտոն տային»։ Երեկ այսպես արձագանքեց Սյունիքի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Հայկ Գրիգորյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նոր պաշտոնի նշանակելու մասին տեղեկություններին։

Երբ հիշեցրինք գրեթե 1.5 տարի առաջ Լիսկայի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի մասին, երբ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, Հայկ Գրիգորյանը հայտարարեց. «Այդ աղմկոտ գործերին արդեն համապատասխան մարմինների կողմից տրվել են պատասխաններ եւ իրավական հարթությունում այդ հարցը լուծված է։ Դա արդեն անցյալի գործ է, եւ չեմ կարծում, որ արժե այս պահին դրան անդրադառնալ»։

Սյունիքի մյուս պատգամավորի՝ թիվ 38 ընտրատարածքից խորհրդարան եկած Արմեն Կարապետյանի արձագանքը Լիսկային նոր պաշտոն տալու լուրերի մասին մի փոքր այլ էր։ «Ով ասել է, իրեն զանգեք, ինձ այդպիսի հարցերով մի զանգեք, ես ոչ վարչապետ եմ, ոչ էլ նշանակում եմ, այդ հարցով ինձ մի զանգեք»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։
Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից ի վեր, իշխանական եւ ոչ իշխանական կուլիսներում պարբերաբար խոսվում էր, որ Լիսկային անպաշտոն չեն թողնելու։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորման ընթացքում ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, ջանք չէր խնայում նոր կառավարության կազմում ընդգրկվելու համար, երբեմն-երբեմն մամուլում լուրեր էին հայտնվում, թե Լիսկան այս կամ այն նախարարի պաշտոնում է հայտնվելու։ Նախկին մարզպետը, որին մի կերպ համոզեցին հրաժարականի դիմում գրել իր տան մոտ տեղի ունեցած արյունահեղությունից հետո, չէր էլ թաքցնում նոր պաշտոն ստանալու իր փափագը։ Նոր պաշտոն Լիսկայի համար կարծես թե գտնվել է։ Իհարկե, այն նախարարի չէ, բայց բավականին յուղոտ պատառ է։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքից ազատեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ վերջինիս դիմումի համաձայն։ Կառավարությունից էլ ոչ պաշտոնապես ասում էին, որ սույն պաշտոնը Լիսկայի համար է ազատվում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930