Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկներն էլ չեն բավարարել Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնողներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2014 16:40

«Հանրային քննարկումների ընթացքում եղել են հազվադեպ դեպքեր, երբ դահլիճները եղել են կիսադատարկ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք բավարար փաստարկ չէ՞ այն, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ընդդիմությունը հստակ փաստարկում է, թե սահմանադրական բարեփոխումներով լուծվում է իշխանության երկարաձգման հարցը, այսպես արձագանքեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Հարցին` ինչո՞վ չեն բավարարում ընդդիմության փաստարկները, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Իրենք պիտի ասեն` ինչո՞ւ է Սահմանադրության հայեցակարգը նպաստում իշխանության վերարտադրմանը, բերեն մեկ-երկու դրույթ ու ասեն, որ սա ավելի դյուրին է դարձնում վերարտադրվելը: Ընդհակառակը, մենք տասնյակ հիմնադրույթներ ենք բերում, որ փոփոխությունները բարդացնում են վերարտադրությունը: Իսկ եթե կոնկրետ փաստարկ բերեին ու ասեին, որ այս դրույթը իշխանության վերարտադրությունն ավելի դյուրին է դարձնում, մենք կհասկանայինք: Առայժմ բանավեճը մասնագիտական հարթության վրա չէ, տարվում է ավելի քաղաքական հարթություն»: Գևորգ Դանիելյանը սկզբունքորեն բացառեց, որ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն իշխանության վերարտադրմանը:

Հակադարձմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում հստակ նշել էր` ինչո՞վ է գործող Սահմանադրությունը խանգարում զարգացնել տնտեսությունը, ժողովրդավարությունը, ուստի խնդիրն ավելի շատ օրենքի կիրառման մեջ է, պարոն Դանիելյանն արձագանքեց. «Գործող Սահմանադրությունն, իհարկե, թույլ է տալիս լուծել բազում խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն: Բայց երբ ուզում ենք բոլոր խնդիրները լուծել, այս Սահմանադրությունը խոչընդոտում է»: Մեր հստակեցմանը, փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկներն է՞լ չեն բավարարել իրենց, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները միայն մի փաստարկ են բերում, թե հիմա ժամանակը չէ, ինչը ինքը փաստարկ չի համարում եւ կցանկանար փաստարկներ լսել, Գևորգ Դանիելյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները շատ ընդհանրական էին, քաղաքական բնույթի փաստարկներ, որոնք որպես մասնագիտական չեն կարող ընկալվել»: Պարոն Դանիելյանը եզրափակեց. «Ես լինեի ընդդիմադիր ուժ, կասեի՝ ես ընդունում եմ այս Սահմանադրությունը»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, Գևորգ Դանիելյանը կարծում է, որ հայեցակարգի քաղաքական քննարկումների տրամաբանական շարունակությունը կհանգեցնի դրան: Խորհրդարանական համակարգը ենթադրում է նաև համամասնական ընտրական համակարգ: Այս առիթով պարոն Դանիելյանը հստակեցրեց. «Եթե համամասնական ընտրական համակարգը լինի մաքուր ձևով, ես միանշանակ կողմնակից եմ լինելու, եթե համամասնական ընտրական համակարգ կառաջարկենք այն ձևով, որի մաքրությունը կասկածի տակ կդրվի, հնարավոր են նաև տարաձայնություններ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930