Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին բարկացրեց Զուրաբյանի ելույթը. «ԱԺ ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքեք»

Սեպտեմբեր 11,2014 17:59

«Գործող նախագահի ազգականներից մեկը սեփականաշնորհեց «ՁՈՐԱՀԷԿ»-ը եւ  գնեց պետական ՁՈՐԱՀԷԿ-ի բոլոր ակտիվները: Դրանով, իհարկե, խայտառակությունը չսահմանափակվեց: Դրան հետեւց աննախադեպ որոշում՝ հատուկ ազգականի համար փոփոխություն մտցրեցին եւ  գնման գինը բարձրացվեց 8 դրամից մինչեւ 21 դրամ: Մի ազգականի համար գրչի հարվածով սահմանում են արտոնյալ պայմաններ»,- այսօր ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսպիսի ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ քննադատելով իշխանություններին:

Նա ասաց, որ «Նարեկ» հանգստյան տան մասնավորեցումը պետք է  արվեր օրինական ձեւով:

«Փոխանակ մասնավորեցնեն ընկերությւոնը, մասնավորեցնում են նրա ակտիվները: Սա իշխանությունների կողմից վերջերս օգտագործվող մի հնարք է: «Որոտանի» ՀԷԿ-ը, օրինակ, արդարադատության նախկին նախարարը մեզ բոլորիս ապացուցում էր, որ պետական գույքը ոչ թե ակտիվներն են, այլ պետական գույքը բաժնեմասերն են: Ակտիվները պետգույք չեն, եւ օրենքի սահմանափակումները դրա վրա չեն տարածվում: Օրենքը շատ հստակ ասում է: Եվ բոլոր այս հնարքները, որ օգտագործում են, դա ընդամենը ԱԺ-ին շրջանցելու հանցավոր ձեւեր են: Եվ «Որոտանի» սեփականաշնորհումը նման մի հանցավոր հնարք է»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ բերում են պետգույքի մասնավորեցման այս հաշվետվությունը եւ փորձում են համոզել, որ թափանցիկ ներկայացնում են Հայստանում մասնավորեցման գործընթացները. «Սիրելիներս, այդ հաշվետվությունը վաղուց դարձել է քողարկում շատ ավելի խոշոր գործարքների, որոնք չեն ներգրավում այս հանցավորության ծրագրի մեջ, որ կատարում են՝ ԱԺ-ն շրջանցելու միջոցով: Մենք, բնականաբար, նման հաշվետվության չեք կարող հավանություն  տալ, որովհետեւ սա հայ ժողովրդին պարզագույն եւ մեծագույն խաբեություն է»:

Նա նաեւ ասաց, որ իշխանությունները այսպես հարստանում են, իշխանությունները թալանում են ժողովրդին, տեղի է ունենում պետական սեփականության վաճառք յուրայիններին՝ չնչին գներով. «Օրինակներն այնքան շատ են, չասեմ՝ Հրազդանի ցեմենտը, Փակ շուկան, ՁՈՐԱՀԵԿ-ը, ՀայՌուսգազարդը, Հայխնայբանկը»:

Լեւոն Զուրաբյանի քննադատությունները բարկացրեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Նա արձագանքեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացությամբ է հանդես գալիս: Ամեն ինչը մերժում եք: Պարոն Սահակյանը (նկատի ունի Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին) նորմալ խոսեց, պատրաստակամություն հայտնեց հավելյալ փաստաթղթեր ներկայացնել: Դուք կանգնում եք, Հայաստանի թիվ 1 քաղաքական ամբիոնից ասում եք՝ հենց այնպես թղթեր են»:

Լեւոն Զուրաբյանը վիճեց, թե ինչու է ընդհատում նիստն ու խոսում: Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ ես այդ իրավունքն ունեմ: Խնդրում եմ կոռեկտությունը պահպանել եւ ԱԺ ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930