Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակը կներկայացնի՞ իր պատկերացրած ապագան

Սեպտեմբեր 26,2014 16:30

Ինչպիսի՞ իշխանություն են պատրաստվում ձեւավորել
ոչ իշխանական ուժերը ենթադրյալ իշխանափոխությունից հետո

«Պահանջ կարող է դնել, բայց այդ պահանջը կատարվելու ի՞նչ հավանականություն ունի՝ սա է խնդիրը: Էլ ավելի կարեւոր հարց է, թե ենթադրյալ իշխանափոխության արդյունքում եռյակ-քառյակներն իրենք ինչպիսի՞ իշխանություն են պատրաստվում ձեւավորել: Երբ հանրությունը դա իմանա, գուցե անիմաստ համարի նման իշխանափոխությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ եռյակ դարձած քառյակն, ի վերջո, իշխանափոխության պահանջ կդնի՞, ասաց քաղաքագետ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կայանալու է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը: ՀՅԴ-ն հրաժարվեց հանրահավաքին մասնակցել, քանզի կողմ է սահմանադրական բարեփոխումներին, մասնավորաբար՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն: Հանրահավաքում իշխանափոխության պահանջ դնելու առումով կրավորական է ԲՀԿ-ի կեցվածքը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» արմատական տրամադրություններ ունեն: Սակայն թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսներով քառյակ-եռյակում դոմինանտ ուժը ԲՀԿ-ն է: Ի դեպ, ԲՀԿ-ական գործիչները խուսափում են իշխանափոխության պահանջ դնել-չդնելու մասին հստակ պատասխանել: Խոսելով ազգի եւ պետության համար կարեւորագույն հարցերի լուծման անհրաժեշտությունից՝ նրանք չեն բացառում, որ ԲՀԿ-ն նաեւ արմատական քայլերի գնա:

«Քրիստոնեա-ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ընդհանրապես չի կարծում, որ քառյակ-եռյակն իշխանափոխության պահանջ կդնի. «Կուզենայի, բայց չեմ հավատում, քանի որ ժողովուրդը դժվար թե վստահի եռյակին, եւ մյուս կողմից՝ դրան հասնելու մի ճանապարհ կա, որով այդ ուժերը չեն գնա»: Նա նկատի ունի առճակատման ճանապարհը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանափոխության խնդիրը լուծելու համար պետք է երրորդ ուժ ձեւավորվի` արտախորհրդարանական ուժերի միասնական կառույց: «Բայց ամենակարեւորը` ուժ, որը չի վախենա իրեն ընդդիմադիր կոչել եւ հստակ նպատակներով իշխանափոխության կգնա»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Եթե, այդուհանդերձ, ԲՀԿ-ն գնա արմատական քայլի՝ պահանջի իշխանության հրաժարականը, եռյակ-քառյակն արտահերթ ընտրությունների հասնելու ռեսուրս ունի՞, մեր հարցին էլ Արմեն Աղայանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների պահանջը նույնպես գործիք է, որը կարող է գործածվել ինչպես պայքարի իմիտացիայի, այնպես էլ իշխանությունը ստանձնելու հավակնություն դրսեւորելու համար: Որեւէ քաղաքական ուժ արտահերթ ընտրություն չի կարող պարտադրել իշխող վարչախմբին, եթե վերջինիս ներսում ճգնաժամ չկա, կամ եթե քաղաքացիները տասնյակ հազարներով փողոց չեն իջել»: Իսկ դիտարկմանը՝ ինչո՞ւ հանրահավաքի նախաշեմին սահուն կերպով մի կողմ մղվեցին ոչ իշխանական ուժերի 12 պահանջներն ու դրանց կատարողականի ամփոփումը՝ առաջին հորիզոնականը զիջելով կառավարման համակարգի փոփոխության հարցի շուրջ անհամաձայնությանը, Արմեն Աղայանը պատասխանեց. «Պահանջները, վերջնագրերը, հանրահավաքները գործիքներ են, այդ թվում՝ քաղաքական ակտիվության իմիտացիայի համար: Հնարավոր է՝ հիմա նրանց թվում է, որ Սահմանադրությունն է լինելու քաղաքական օրակարգի առանցքը, եւ խորհրդարանական համակարգի դեմ պայքարն է դառնալու ամենատպավորիչ գործիքը: Ընդդիմության կեղծ ձեւաչափերը սիրում են պայքարել ընդդեմ անցյալի, որպեսզի ստիպված չլինեն խոսել իրենց առաջարկած ապագայի մասին: Չէ՞ որ իրենք էլ անցյալի մնացորդ են ու նոր ասելիք չունեն»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930