Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելություն` «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած պատվիրակությունների անդամների համար

Հոկտեմբեր 10,2014 21:39

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո և առիթն օգտագործելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ, որ այսօր այստեղ եք ու իմ և բոլոր երևանցիների հետ կիսում եք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի ծննդյան օրվա ուրախությունը: Ձևավորված ավանդույթները պահպանելով՝ 2796-ամյա Երևանն այսօր աշխարհին ներկայանում է որպես դինամիկ զարգացող և մեծ քաղաքներին ներհատուկ համընդհանուր խնդիրներին հաջողությամբ դիմակայող քաղաք։ Այս համատեքստում մենք առանձնակի կարևորում ենք միջազգային համագործակցությունը, այդ թվում նաև համայնքներին համախմբող միջազգային և տարածաշրջանային կառույցներին Երևանի անդամակցությունը։ Ու վստահաբար նաև դրա արդյունքում է, որ այսօր մեր հին բարեկամների կողքին այստեղ տեսնում ենք նաև մեր նոր գործընկերներին։

Վառ ապացույցը քիչ առաջ Կրասնոդարի և Նովոսիբիրսկի քաղաքապետերի հետ ստորագրված համագործակցության համաձայնագրերն են, որոնցով, վստահ եմ, հիմք դրեցինք արդյունավետ ու հարատև գործընկերային նոր կապերի և բարեկամության։ Հարգելի գործընկերներ, արագ զարգացող աշխարհն, անշուշտ, նորանոր մարտահրավերներ է առաջադրում նաև քաղաքային իշխանություններին: Ուստի որքան հաճախակի ու բազմաշերտ լինեն մեր շփումները, այնքան կշահեն գործն ու մեր բնակիչները: Նաև այդ պատճառով է, որ Երևանի 2796-ամյակի տոնակատարությունների շրջանակում մենք այսօր անցկացրեցինք «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որը, ինչպես և ակնկալում էինք, դարձավ թե նվաճումների ու տեսլականների ներկայացման և թե մեզ հուզող ու հետաքրքրող հարցերի քննարկման և փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ:

Վստահ եմ, որ այն նաև փոխշահավետ նոր ծրագրերի ու նախագծերի սկիզբ կդառնա, որոնց արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում: Գործերի մասին մենք, իհարկե, դեռ կհասցնենք խոսել: Իսկ մինչ այդ, հարգելի բարեկամներ, ուզում եմ կրկին բարի գալուստ և այս օրերի ընթացքում նաև հաճելի ժամանց մաղթել բոլորիդ՝ մեր սիրելի քաղաքում: Ձեզնից շատերը արդեն եղել են մեր մեծ տանը՝ Երևանում, իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են եկել Երևան, վստահ եմ, արդեն հասցրել են սիրել մեր մեծ տունն ու, այդ սիրով ջերմացած, էլի ու էլի են ցանկանալու այցելել մեր հյուրընկալ քաղաք: Ու վստահ եղեք՝ մեր դռները միշտ բաց են բոլորի, առավել ևս մեր բարեկամների համար, ու մենք միշտ սիրով ու ջերմությամբ պիտի ասենք բոլորիդ՝ բարով եք եկել Երևան»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ և անկաշկանդ մթնոլորտում շփվել է հյուրերի հետ և հույս հայտնել, որ նրանք այս օրերին կհասցնեն վայելել Երևանի հմայքն ու գեղեցկությունը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ վերածվի իսկական տոնախմբության:

 

Քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031