Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնար է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինի». ԼՂՀ վարչապետ. «Առաջին լրատվական»

Հոկտեմբեր 15,2014 11:16

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրկին բացառեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո հայկական երկու պետությունների միջև մաքսակետ կդրվի: «Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ եւ ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»,- օրեր առաջ անդրադառնալով այդ հարցին՝ ասել էր Ա.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Եվ մեր երկիրը 2015թ. հունվարից կանդամակցի Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվող այդ կառույցին և ՌԴ-ից, Բելառուսից ու Ղազախստանից հետո կդառնա չորրորդ անդամը: Իսկ այս անդամակցության դեպքում կարծիքներ են հնչում, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ է դրվելու, քանի որ Արցախը Հայաստանի հետ միասին չի դառնում ԵՏՄ անդամ: Իսկ այդ մաքսային սահման դրվելու համար շահագրգիռ են հատկապես Ղազախստանն ու Բելառուսը՝ տուրք տալով իրենց տնտեսական գործընկեր Ադրբեջանին: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ս.Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումից հետո Մինսկում հայտարարել էր, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունների ընթացքում կարգավորվել են բոլոր իրավապահ և տնտեսական հարցերը: «Մեզ հաջողվեց հասնել փոխզիջմանը մի շատ նուրբ հարցում, թե ինչ սահմաններում է Հայաստանը անդամակցելու ԵՏՄ-ին»,- ասել է Նազարբաևն իր ելույթի ժամանակ՝ նշելով, թե Ղազախստանը չի տեսնում ոչ մի խոչընդոտ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հարցում:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դրվելու մասին հաճախ հայտարարում են Ռուսաստանի փորձագետները: Արդյոք այս ամենը չի նշանակում, որ հայկական երկու պետությունների միջև, իսկապես, մաքսակետ է դրվելու: Այս հարցի շուրջ«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, Դուք կտրուկ հերքում էիք, որ կարող է մաքսակետ դրվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Բայց կարծես թե այն իրականություն է դառնում: Այդ մասին ակնարկում են Ղազախստանն ու Բելառուսը:

– Դա չի կարող իրականություն դառնալ: Դա ոչ միայն բացառվում է, այլև անհնարին է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինի:

– Բայց այդ մասին արդեն ՌԴ-ից այնպիսի գործիչներ են խոսում, ովքեր պատահական մարդիկ չեն:

– Չի լինելու, չի լինելու միանշանակ: Ես չգիտեմ, թե ռուսական քաղաքական դաշտում ինչ նշանակություն ունեն այդ գործիչները, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ չի լինելու:

– Ինչո՞ւ եք համոզված, որ չի լինելու:

– Որովհետև առաջին հերթին դա անհնարին է: Ես նաև գիտեմ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031