Լրահոս
Օրվա լրահոսը

Չլսող եւ չխոսող երեխան գրատախտակի մոտ սկսել է խոսել եւ խնդիրը լուծել

Դեկտեմբեր 01,2014 14:00

«Երբ ներառական կրթությունը սկսեց մուտք գործել դպրոց, ես առաջիններից մեկն էի, որ դեմ էի, որովհետեւ, նախ՝ չէի պատկերացնում ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, ամեն անգամ, ահաբեկված փորձում էի դեմ դուրս գալ, ու ինձ որքան էլ հանգստացնում էին, թե նորմալ կլինի, որ թիմը մեր կողքին է եւ մեզ կաջակցի, ես, միեւնույն է, չէի պատկերացնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թիվ 20 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա Ավետիսյանը, որն արդեն 8 տարի է այս դպրոցում աշխատում է ներառական կրթություն ստացող երեխաների հետ: Տիկին Ավետիսյանը հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար հատուկ վերապատրաստում է անցել եւ այժմ ներառական կրթության որակավորված մանկավարժ է: Ուսուցչուհու կանխակալ վերաբերմունքը, սակայն, մեկ օրում փոխվել է, երբ իր դասղեկական դասարանում սովորող լսողության եւ խոսքի հետ կապված խնդիրներ ունեցող մի երեխա, ամիսներ շարունակ լռելուց հետո, գրատախտակի մոտ սկսել է խոսել ու մաթեմատիկական խնդիրը լուծել. «Առաջին մի քանի ամիսը չէի կարողանում նրա հետ հաղորդակցման ձեւ գտնել:

Սակայն միառժամանակ հետո, զգացի որ այդ երեխան ուզում է ինձ հետ զրուցել, սկզբում ես ոչինչ չէի հասկանում, հետո, մեկ-երկու, սկսեցի բառերը հասկանալ, ինքը նստում էր, ես անընդհատ նրան գրել էի տալիս, ես գաղափար չէի կազմում, որ նա ինֆորմացիա է հավաքում, եւ այդպես երեք ամիս: Մի օր կանչեցի գրատախտակի մոտ անհավասարումներ թեման էինք անցնում: Ցույց տվեցի, թե ինչ թեմա է եւ ինչ պետք է արվի, եւ նա սկսեց խոսել: Նա ինձ համար բացահայտում էր: Նրանով ես բացահայտեցի նաեւ մյուս երեխաներին եւ կարողացա աշխատել նաեւ մնացած դասարաններում, որովհետեւ գրեթե բոլոր դասարաններում մենք ունենք ներառական կրթություն ստացող երեխաներ: Ինձ մոտ այնքան սահուն, այքան լավ անցավ այդ ամենը, որ ես հիմի, երբ մտնում եմ դասարան եւ նրանց աչքերի փայլը տեսնում եմ, մեծ բավարարվածություն եմ զգում»: Նաիրա Ավետիսյանը վստահեցնում է, որ իրենց դպրոցում, ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար գրվող անհատական ուսումնական պլանը հենց այնպես չի գրվում, եւ որ դպրոցում աշխատող բազմամասնագիտական թիմը հետեւում է՝ արդյոք հաղթահարե՞լ են այն խնդիրները, որոնք այդ պլանով թիմի եւ տվյալ երեխայի առջեւ դրված է եղել:

Նշենք, որ 2000թ.-ից ի վեր ներառական կրթությունը որպես կրթական բարեփոխումների մի մաս, հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Ներառական կրթությանն անցումը նաեւ ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներից է, համաձայն որի, հաշմանդամություն ունեցող անձինք չպետք է մեկուսացվեն համընդհանուր կրթության համակարգից:

Ինչպես մեզ հետ զրույցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են նշում, այսօր այս ոլորտի թիվ մեկ խնդիրներից է համապատասխան հմտություններով ու մասնագիտական գիտելիքներով օժտված ուսուցիչների բացակայությունը: Ըստ նրանց, մարզային եւ մայրաքաղաքի շատ դպրոցներում այդ մասնագետների պակասի հետեւանքով, շատ հաճախ, հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատում են չորակաորված մանկավարժներ, որոնք, երբեմն, անուշադրության են մատնում ներառական կրթություն ստացող երեխաներին, նրանց ընկալում են որպես անընդունակ, հիվանդ երեխաների, որոնց հետ անիմաստ է ժամանակ ծախսել, քանի որ ոչ մի լուրջ գիտելիք չեն կարող ընկալել:

«Ուսուցչի վերաբերմունքից շատ բան է կախված, եթե դու լավ ես տրամադրված, ամբողջ դասարանն էլ լավ է տրամադրվում»,- մեզ հետ զրույցում ասում է թիվ 200 դպրոցի տարրական դասարանի մանկավարժ Օհանդուխտ Հարությունյանը:
Այս դպրոցում ներառական կրթությունն արդեն 7 տարի է գործում է եւ տիկին Հարությունյանի խոսքերով, հատուկ կարիքներով երեխաների հանդեպ իրենց մանկավարժներն ավելի ուշադիր են, սակայն աշխատում են այնպես անել, որ կողքի երեխաներն այդ ընդգծված վերաբերմունքը չզգան. «Նրանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում. գնահատելիս ավելի մեղմ ենք գնահատում, աշխատանքներին ավելի մեղմ ենք մոտենում, եթե օրինակ՝ տասը կետը պիտի կատարեն, նրանք 6 կետն էլ կատարեն մեզ դա բավարարում է: Հատկապես խաղերի ժամանակ նրանց էլ ենք ընդգրկում, աշխատում ենք այնպես անել, որ այդ երեխան չզգա, որ ինչ-որ տեղ թերանում է»:

Թիվ 17 դպրոցի հատուկ մանկավարժ Մարիամ Միքայելյանը սեփական փորձով է համոզվել, որ հատուկ կարիքներով երեխաները շնորհալի են, ընդունակ ու տաղանդավոր: Նրա խոսքերով. «Մեր դպրոցի բոլոր մասնագետներն էլ բարեխիղճ են աշխատում: Ունենք ավարտած աշակերտներ, որոնք բավականին մեծ արդյունքների են հասել: Մեր դպրոցի նախկին սան Նարեկ Հակոբյանը, որն ունի դաունի սինդրոմ, շատ հրաշալի նկարում է: Նա շուտով կլինի աճպարարների միության անդամ»:
Մ. Միքայելյանն ասում է, որ կախված ամեն երեխայի կարիքից, նրանց տրվում է գիտելիքների համապատասխան չափաբաժին: Հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելու համար որակավորված մանկավարժները պարբերաբար վերապատրաստվում են, գրականությունն ու մեթոդական ձեռնարկներն էլ բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնից են վերցնում:

Ներառական կրթություն իրականացնող թիվ 150 դպրոցի հատուկ մանկավարժ Սիլվա Բագրատյանը վստահեցնում է, որ հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ, որոնց մոտ մասնավորապես՝ հենաշարժողական համակարգի խնդիրներ են, մնացած երեխաների հետ հավասար հասցնում են. «Կան երեխաներ, որոնք մտավոր խնդիրներով են եւ նրանք չեն կարող հանրակրթական ծրագիրն անցնել, ուստի նրանց համար անհատական ուսումնական պլան է կազմվում»:

Նույն դպրոցի սոցիալական աշխատող Արեւիկ Խեչոյանը, որի աշխատանքը հիմնականում ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների հետ է, փաստում է, որ հենաշաժողական խնդիրներ ունեցող երեխաներից շատերը առաջադիմությամբ չեն զիջում մյուսներին, սակայն կան երեխաներ, որոնց մտավորը թեեւ չի տուժել, բայց տեմպի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ. «Օրինակ՝ քննություններին նրանց լրացուցիչ ժամանակ է տրամադրվում, ենթադրենք՝ քննությունը տեւում է երկու ժամ, նրանց հատկացվում է երկուսուկես ժամ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031