Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներին եռյա՞կն է «փուռը տվել»՝ իշխանությունների հրահանգով

Դեկտեմբեր 11,2014 19:15

«Եռյակ-իշխանություն համագործակցություն կա: Խնդիրն այն է, որ կոնկրետ եռյակն ինքը որոշում չի կայացրել փուռը տալ ազատամարտիկներին, այլ այն գլխամասը, ովքեր այս կաթսայում ճաշն են եփում»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նկատի ուներ ասելով, թե «եռյակը փուռը տվեց ազատամարտիկներին», այսպես պատասխանեց «Իրավունք և աջակցություն հիմնադրամի» տնօրեն, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը: Նա հավանական է համարում այն սցենարը, որ ոչ իշխանական եռյակի հետ հանուն իշխանափոխության պայքարող ազատամարտիկ տղաները «ինչ-որ տեղ,  հոգու խորքում զղջացել են, թե ուր ենք գնում, ում հեռացնում և ում ենք ուզում իշխանության բերում, պասիվացել են, դրա համար նրանց պատժել են»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել, որին հաջորդել էր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի ծեծը: Գագիկ Սարուխանյանից հետաքրքրվեցինք՝ փաստորեն իշխանությունների հրամանո՞վ է ծեծը կատարվել, նա պատասխանեց. «Վովա Գասպարյանի տեղակալի թիկնապահը իշխանություն չէ՞»: Մեր այն հարցին, եթե եռյակն է «փուռը» տվել ազատամարտիկներին, հետևաբար մեկ օր առաջ Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ինչու՞ հարթակից դատապարտեց ազատամարտիկներին ծեծի ենթարկելը, պարոն Սարուխանյանը արձագանքեց. «Միգուցե հենց Լևոն Զուրաբյանն էլ տեղյակ չէ. ի՞նչ՝ կարծում եք հարթակից պիտի կանգներ ու ասեր, որ լավ էլ արել են, ծեծել ե՞ն: Ես չեմ ասում, որ Լևոն Զուրաբյանն ինքն էլ է մասնակից այդ խաղերին: Բայց ԿԳԲ կառուցվածքները, ովքեր ՀՀ-ն տանում են Հայաստան առանց հայերի ճանապարհով, բոլորին կօգտագործեն իրենց ձևերով՝ մեկը հասկանալով, մեկը՝ առանց հասկանալու, երրորդը ճանապարհին խղճի խայթով»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե «նման ինֆորմացիա չունեմ, որ դա կապ ունի իշխանությունների հետ»: Այնուհետև նշեց, թե «ցանկացած ծեծ և հակաօրինական գործողություն քննադատում է» ու շեշտեց. «Ազատամարտիկների նկատմամբ նման դրսևորումները բացառապես իրավապահների գործն է, որ գտնել մեղավորներին և արժանի պատիժ տան»: Մեր այն հակադարձմանը, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեղակալը՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որի թիկնապահներն էլ են եղել ծեծի ենթարկողների մեջ, կամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄՀեր Սեդրակյանը, որի անունը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծողներն են տվել, իշխանության հետ կապ չունեցո՞ղ մարդիկ են, պարոն Մկրտչյանը արձագանքեց. «Ես հորդորում եմ՝ տարաբնույթ բամբասանքների տեղի մի տվեք»: Մեր այն դիտարկմանը, թե ծեծի ենթարկված ազատամարտիկն անձամբ է այդ մասին հայտնել, ի՞նչ բամբասանք, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ծեծի ենթարկվողը թող գնա իրավապահ մարմիններ և հայտարարություն անի, իրավապահները դա կպարզեն: Դա քաղաքական դաշտի և մամուլի լայն զանգվածների քննարկման թեմա չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031