«ԵՄ-ում մտահոգված են ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքով»,-այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա շարունակեց. «Մենք մտահոգված ենք եւ մտադիր ենք քննարկել այդ հարցը ադրբեջանական կողմի հետ»:
Հիշեցնենք, որ Բաքվի Սաբաիլ շրջանի դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Լատվիայի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց. «Մենք խիստ անհանգստացած ենք և հույս ունենք, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կհարգվեն: Արևելյան գործընկերությունը ոչ միայն տնտեսական համագործակցությանն է վերաբերում, այլև այն քաղաքական երկխոսություն է, արժեքների մեկ համակարգ, որը մենք բոլորս կիսում ենք: Եվ ԶԼՄ-ների ազատությունները նույնպես դրա մասն են կազմում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































