Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպի հետ կապված հարցին՝ հնարավո՞ր է, որ դա արտաքին ուժերը կազմակերպած լինեն, օրինակ, ՀՀԿ-ականները կապում են արտաքին ուժերի հետ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հեգնեց. «Օրինակ, Սոմալիի՞, Եթովպիայի՞: Եթե իրենք հեռահար այդպիսի ծրագիր մշակեն, տեսականորեն բացառված չի, բայց իրականում մենք նման բան չենք հանդիպել դեռ»:
Ավելին, Գուրգեն Արսենյանը ՀՀԿ-ականների առաջ քաշած այդ վարկածի հետ կապված ներընտանեկան այսպիսի պատմություն պատմեց. «Իմ փոքր տղան, երբ չարաճճիություն է անում, բոլոր իր արածների համար շատ հիմնավոր բացատրություն ունի, թե ինչ եղավ, ոնց եղավ եւ բացատրում է, որ դա շատ սարսափելի էր: Կարծում եմ, որ նույն մոտեցումն է կիրառվում հիմա՝ մեկնաբանությունների դաշտում»:
Գուրգեն Արսենյանը հիշեցրեց ժամանակին ՏԷՑ-ի կրուգի դեպքը. «Այդ ժամանակ էլ ես ասացի, որ իրադարձությունները մեր հասարակությանը նորմալ հարթությունից տեղափոխում են այլ հարթություն: Մենք մեր հասարակական կյանքում ունեցել ենք տարբեր դրսեւորումներ՝ ոչ խելամտության սահմաններում»:
Հարցին՝ այսքան կատարված դեպքերից հետո չե՞ք կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, որ դա Վլադիմիր Գասպարյանի ընտրության հարցն է: Չեմ կարող ասել: Որպես պատգամավոր կարծում եմ, որ ՀՀ ոստիկանությունը պետք է համապատասխան արձագանք տա, ասի՝ ոստիկաններն իրենց տեղում են, քաղաքական գործերն իրենց տեղում են, հանցագործներն էլ իրենց պատիժն են ստանում: Որովհետեւ եթե մենք սա սարքեցինք աջաբսանդալ, շատ դժվար կլինի տարանջատել՝ ով է ոստիկանը, ով հանցագործը, ով քաղաքական գործիչը: Այս պահին ամենաառաջնահերթը դա է, որ ամեն համակարգի ներկայացուցիչ անի իր գործը, ոչ թե ուրիշներին փորձի խրատներ տալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































