Դեկտեմբերի 12-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Հունաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ով նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ: Կարևորվեց նաև կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը:
Որպես կազմակերպության շրջանակում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվեց` ՍԾՏՀԿ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուցվածքային նախագիծը:
Նշվեց, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Մոլդովային:
ՀՀ ԱԳՆ


















































