Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի միանձնյա նախաձեռնությունը՝ եռյակի տրոհման նախադրյա՞լ

Դեկտեմբեր 27,2014 16:00

ՀԱԿ-ը հունվարի 20-ին չի մասնակցի Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովին, «Ժառանգությունը»՝ «ամենայն հավանականությամբ» կմասնակցի

«Նախ՝ դա երեք ընդդիմադիր ուժերի ձեւաչափ էր, ոչ թե երեք ընդդիմադիր առաջնորդների ձեւաչափ, դրա համար արդեն իսկ պարզ է, որ ձեւաչափի փոփոխության մասին խոսք չկա»,- «Առավոտի» հարցին՝ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին հանդես է գալիս միանձնյա նախաձեռնությամբ, վկայո՞ւմ է այն մասին, որ եռյակի պայքարի ձեւաչափի փոփոխություն է տեղի ունեցել, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015-ի հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների խորհրդաժողով:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այսպիսով «երեւի պարոն Ծառուկյանը ինչ-որ հստակեցումների, վերջնական պարզաբանումների կարիք ունի»: «Ժառանգության» մասնակցել-չմասնակցելու մասին պարոն Մարտիրոսյանն ասաց. «Դեռ չենք քննարկել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած քննարկման դեմ չենք, առավել եւս՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, ամենայն հավանականությամբ կարող է մասնակցենք»: Պարոն Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ իրենք Ծառուկյանի այդ որոշման մասին ոչ թե մամուլից են տեղեկացել, այլ նախապես քննարկել են այդ հարցը: Շատերը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը համարում են որպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը հաստատելուն ուղղված քայլ: Մեր դիտարկմանը՝ «Ժառանգությունը» մտահոգություն չունի՞, որ ոչ անմիջականորեն, բայց մասնակցում է այդ գործողությանը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք նկատի ունեք խնամի օպերացիա՞ն: Բայց ես ՀՀ-ում կարող եմ տարբեր խնամիների անուններ տալ, որոնք բացարձակ այլ մոտեցումներ ունեն: Առավել եւս Գագիկ Ծառուկյանն ինքն էլ է ասել, որ խնամիությունը եւ քաղաքականությունը իրար հետ կապ չունեն: Չեմ կարծում, որ հարցն այդ շրջանակում է: Համոզված եմ, որ խնամու խնդիր այստեղ չկա»: Արմեն Մարտիրոսյանի համար հասկանալի չէ ՀԱԿ-ի մոտեցումը՝ չմեկնաբանելով առավել եւս այն որոշումը, որը դեռ «այո» կամ «ոչ» չէ. «Ես կարդացել եմ Արման Մուսինյանի հարցազրույցը, դրա համար եմ ասում՝ քանի հստակ այո կամ ոչ չկա, ձեռնպահ կմնամ պատասխանելուց, քանի որ այդ ամենը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել»: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր. «Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում եւ խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձեւաչափերով»:

Մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը պնդեց, թե իրենց որոշումը հստակ է. «Արման Մուսինյանի կողմից հնչել է մեր մոտեցումը»: Մեր այն դիտարկմանը՝ դա նշանակում է, որ ՀԱԿ-ը չի՞ մասնակցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այնտեղ նախաձեռնություն չկա: Դա ուղղակի հանդիպում է: Մենք պարզ ենք ասել, չէ՞, դրանից պարզ էլ ո՞նց ասենք: Պատճառը հստակ է. մենք գտնում ենք, որ գոյություն ունեցող ձեւաչափը կարող էր խնդիրները լուծել: Ձեւաչափը դեռ ուժի մեջ է: Այնպես որ՝ մեր հայտարարությունները հստակ են ու հրապարակային, դրա տակ ոչինչ փնտրել պետք չէ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ չե՞ն վախենում կորցնել գործընկերներին, օրինակ՝ ՀԱԿ-ը խորհրդաժողովին չի մասնակցելու, «Ժառանգությունն» էլ՝ հստակ չէ, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Ո՞վ է ասել՝ «Ժառանգությունը» չի մասնակցելու, իրենք մասնակցելու են, հետո՞: Եթե որեւէ կուսակցություն կամ Գագիկ Ծառուկյանը մի միջոցառում է անում, բոլոր ուժերը պիտի մասնակցեի՞ն: Սա տակտիկական խնդիր է: Այստեղ խոսքը արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների, անհատների, մտավորականների մասին է: Պարտադիր է, որ բոլորը լինե՞ն: Գագիկ Ծառուկյանն այդ միջոցառումը կազմակերպում է, որ համաժողովրդական շարժման այդ փուլում տարբեր սոցիալական ոլորտների ներկայացուցիչների հետ հարաբերությունները հստակ ճշտվեն»: Պարոն Մելքումյանը նշեց, թե առաջինը եռյակի ուժերն են իմացել այդ նախաձեռնության մասին, ու նկատեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը որ միջոցառում է անում, եռյակը մշտապես մասնակցո՞ւմ է: Տարբեր տակտիկական հարցեր կան, որ կուսակցությունների մարտավարություններից են բխում: Այդ տրամաբանությամբ կուսակցությունները պիտի նիստեր, կուսակցական միջոցառումներ չանեին»: ՀԱԿ-ի որոշման մասին պարոն Մելքումյանն ասաց. «Դա նրանց ինքնուրույն որոշումն է, մենք հարգում ենք այն»: Մեր այն դիտարկմանը՝ գուցե ՀԱԿ-ը այսպիսով պատասխանում է ԲՀԿ-ի՝ ժամանակին տված այն պատասխանին, թե՝ եթե ցանկանում եք, ինքնուրույն կազմակերպեք հավաքներ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ոչ, նման բան չկա»: Մեր այն հարցին՝ եռյակի տրոհման նախադրյալներ տեսնո՞ւմ է, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, պետք է դա դիտել նորմալ ու բնականոն գործընթաց: Եռյակը գործում է եւ իր նիստերի օրակարգն ունի»: Սակայն պարոն Մելքումյանը մեր հարցին ի պատասխան՝ դժվարացավ ասել, թե հունվարի 20-ից հետո եռյակի շրջանակներում պլանավորված միջոցառումներ կա՞ն, թե՞ ոչ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031