Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ռազմաբազաների հետ կապված միջադեպերը անխուսափելի են բոլոր երկրներում»

Հունվար 14,2015 12:57

Այսօր՝ հունվարի 14-ին «Կոնգրես» հյուրանոցում անդրադառնալով Գյումրիի ողբերգական դեպքերին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որ ցնցված չէ այդ դեպքով, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որը վրդովված չէ, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որն իրեն խոցված չի համարում, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որ չի ուզի, որ այդ կասկածյալը, ստահակը դատվի Հայաստանում: Բայց խնդիրը իրավական դաշտում դիտարկելով մենք պետք է նվազեցնենք էմոցիաները: Հարյուրավոր, հազարավոր մարդիկ, քանի օր է՝ գնում են մոմավառության, սգո արարողությունների են մասնակցում, ու շատ հստակ տարբերում են իրենց մաքուր, բյուրեղյա վիշտը ուրիշի շահարկումից»:

Aravot.am-ի ռեպլիկին՝ մի՞թե դա նշանակում է, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը ստորադասվի ՌԴ սահմանադրությանը, նախարարը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական հարցեր, ես մասնագետ չեմ, դուք մասնագետ չեք»:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունները ՀՀ-ի ԵՏՄ անդամ դառնալը կապում էին անվտանգության երաշխիքների հետ,Արմեն Աշոտյանը պատասխանեց. «ԵՏՄ-ն չունի անվտանգության բաղադրիչ իրավական առումով, մի՛ ասեք ԵՏՄ, ասեք ՀԱՊԿ, որովհետեւ մի սխալը դառնում է ռուսի ասած` «Слово не воробей, вылетит – не поймаешь»…Օրինակ երեկ միջպետական համաձայնագրից մեջբերվում է ընդամենը մի հոդված, իրականում այլ հոդվածներ էլ կան այնտեղ, պարզունակ մանիպուլյացիաներ են անում մարդիկ: Կա պայմանագիր, որը ամբողջական է գործում, ու չի կարելի պայմանագրից վերցնել մի հոդված…Մարդիկ չգիտեն դրա մասին, շատ քչերն են «քլիք» անում ինձ նման ու ամբողջ պայմանագիրը կարդում: Ինչի՞ համար է այս ամենը: Սա չի կարող հակառուսական տրամադրությունների բերել: Անընդունելի են նման ջանքերը որոշ մարդկանց կողմից: Ես գիտեմ, որ Գյումրում հասարակական կառույցների, հանրային կարծիքի ձեւավորման մեջ շատ մեծ լումա ունեն որոշակի ֆոնդեր, եւ դրան դեմ չեմ, բայց հարկ եղած պահին դա չպետք է ուղղորդվի ուրիշ տեղ: Ես դեմ չեմ քաղաքացիական հասարակությանը, բայց քաղաքացիական հասարակությունը, մեր քաղաքացիական հասարակությունն է, ոչ Ամերիկայի, ոչ Մեծ Բրիտանիայի, ոչ էլ Ռուսաստանի: Եվ վերջինը՝ մեր քաղաքական համատեքստում սա օգտագործելը ուղղակի անարգանք է զոհերի նկատմամբ:

Ես ձեր նման հետեւելու եմ իրադարձությունների զարգացմանը, շատ մեծ հույս ունեմ, որ մենք կունենանք Հայաստանում դատավարություն, դա բանակցային գործընթաց է՝ իրավական բազայի շրջանակներում: Այսօր ֆեյսբուքում նայեցի, մեկն ինձանից առաջ էր գրել, որ ռազմաբազաների հետ կապված միջադեպերը, ցավոք սրտի, անխուսափելի են բոլոր երկրներում: Եթե ինքներդ ուսումնասիրեք գերմանական մամուլը ու տեսնեք ամերիկյան ռազմաբազաների հետ կապված ինչքա՜ն արտակարգ իրավիճակ է եղել այսքան տարիների ընթացքում, կապշեք, ուսումնասիրեք ճապոնական մամուլը, էլ չեմ ասում երրորդ կարգի երկրների մասին, չե՞ք հավատում, գնացեք նայեք: Ես էլ եմ համամիտ, որ զորամասում կարգապահություն պետք է բարձրացվի: Պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն ոչ միայն ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններից առաջ, որոնք գնում են այդ զորամաս… »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Զորամասում կարգապահությունը պետք է բարձրացվի…
    Համաձայն եմ:
    Բա չեք զարմանում, որ նման մտավոր հետամնացը և հանցագործ ընտանիքի անդամը պահպանում է մեր պետության սահմանը: Մեր պետության…
    Չէ որ ամենաընտիր կադրերը պետք է այդ միսիան իրականացնեն:
    Եվ ընդհանրապես, այս տիպի պայմանագրերը, երբ մի երկրի բանակը տեղակայված է մեկ այլ երկրում ավելի խիստ չպետք է կազմված լինեն…
    Մեզ օրինակներ մի բերեք ամերիկյան ռազմաբազաներից, հեչ հետաքրքիր չի, չի սփոփում, չի ամոքում: Ես մեր ամեն հայրենակցի դժբախտությամբ ու վշտով էնքան եմ տառապում, աշխարհն էլ աչքիս չի երևում, կներեք:
    Հայաստանում սպանդ է տեղի ունեցել, մի ամբողջ ընտանիք իր տան մեջ, իր անկողնում գնդակահարվել է, իսկ միջազգային լրատվամիջոցներն ամբողջ օրը ցուցադրում են ինչ որ ծաղրանկարիչների մահվան մասին մանրամասներ, որտեղ շատ վիճելի հարցեր կան, ոչ միարժեք:
    Այստեղ էլ գուցե թաքնված, անհասկանալի հանգամանքներ կան, սակայն կարելի էր գոնե ինֆորմացիա հաղորդել, ցավակցել…
    Թե հայի արյունը շատ էժան է..

  2. Ettentc CHi says:

    Պարոն Աշոտյան պատկերացնում եք ձեր պատասխանը միշտ կանխատեսելի է, չեք կարողանում նոր բան ասել: Փաստորեն ՀՀ Սահմանադրության ստորադասումը ցանկացած այլ օրենքի, պայմանագրի և այլն պետք է մասնագետ լինել որ հասկանալի լինի: Ինչպես միշտ դուք Ձեր բարձրության վրա եք պարզապես ցնցող պատասխան է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031