Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Ուզում ենք մրցակցել մեր հենակետային մյուս մարզաձեւերի հետ»

Հունվար 17,2015 13:30

Ի տարբերություն օլիմպիական շատ մարզաձեւերի, Ձյուդոյում օլիմպիական վարկանիշային միավորները հաշվարկվում են գրեթե ամբողջ քառամյա ցիկլի ընթացում, որի ժամանակ մարզիկները վարկանիշային միավորներ են կուտակում:
«Առավոտը» զրուցել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ:

– Պարոն Խիթարյան: Մրցաշրջանի սկզբում ազգային հավաքականների հիմնական կազմը ընտրվում է տարեսկզբին անցկացվող հանրապետության առաջնությունների արդյունքներով: Ձյուդոյում այդ ընտրությունը այլ կերպ է կատարվում:

– Մենք Հայաստանի առաջնությունն անցկացրինք անցած տարվա դեկտեմբերին: Գլխավոր նպատակը մեր առաջատար ձյուդոիստների մարզավիճակին մեկ անգամ եւս ծանոթանալն էր, քանի որ արդեն հունվարի 6-ից Ավստրիայի Միտերսիլ քաղաքում մեկնարկում էր օլիմպիական միջազգային հավաք, որին մասնակցելու էին Եվրոպայի բոլոր ուժեղագույն ձյուդոիստները: Հայաստանի առաջնությունում բացառություն էինք արել միայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի համար, քանի որ նա դրանից ոչ շատ առաջ Չինաստանում մասնակցել էր վարկանիշային «Grand Prix» մրցաշարի եւ գրավել 2-րդ տեղը եւ հոգնած էր:

Ավստրիա գործուղեցինք չորս մարզիկի, որոնք հաջող են անցկացրել հավաքը եւ արդեն վերադառնում են: Անկեղծ ասած, կցանկանայինք աճելու տեղ ունեցող ավելի շատ մարզիկների գործուղել Ավստրիա, սակայն ֆեդերացիայի ֆինանսական միջոցներն առայժմ այդ հնարավորությունը մեզ չեն տալիս:

– Հավաքները գլխավորապես կազմակերպում եք Հայաստանի սահմաններից դուրս: Ո՞րն է պատճառը:

– Այն, որ հատկապես բարձր քաշային կարգերում մեր առաջատար ձյուդոիստները տեղում հավասար մրցակիցներ չունեն: Իսկ առանց համապատասխան պրակտիկայի, հասկանալի է, հաջողություններ ակնկալել հնարավոր չէ:

– Որքան հասկանում եմ, շեշտը դրվում է հիմնականում չորս ձյուդոիստի վրա՝ Հովհաննես Դավթյանի, Արսեն Ղազարյանի, Դավիթ Նիկողոսյանի եւ Անդրանիկ Չափարյանի:

– Իրականում մենք այսօրվա դրությամբ 7-8 լավ մարզիկ ունենք, սակայն, կրկնում եմ, միջոցների սղության պատճառով հարկադրված ենք եղած գումարները խնայողաբար ու խիստ նպատակային ծախսել: Մյուսները առայժմ թիմին միանալ կարող են հովանավորներ գտնելով: Կան նաեւ ձյուդոիստներ արտերկրից, որոնք ցանկանում են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, որոնց հետ նույնպես ֆեդերացիան պայմանավորվածություն ունի՝ քանի դեռ նրանք օլիմպիական ուղեգիր չեն նվաճել, կամ տատամիի վրա գործնականորեն չեն ապացուցել իրենց բարձր կարգը, մրցումների մասնակցելու են իրենց միջոցների հաշվին: Միայն դրանից հետո, ֆեդերացիայի նախագահը խոստանում է նոր հովանավորների օգնությամբ կարգավորել նաեւ նրանց ֆինանսավորումը:

– Մեր ձյուդոիստներից կա՞ն այնպիսիք, որոնք արդեն հավակնում են Ռիոյի ուղեգրի:

– Յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տրվելու է 22 ձյուդոիստի: Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում այսօրվա դրությամբ վարկանիշով 16-րդն է: Բայց դա չի նշանակում, որ արդեն ուղեգիր է ապահովել: Օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը հրապարակվելու է 2016-ի մայիսի 20-ին: Այնպես որ, թե Հովհաննեսը, թե մյուս քաշային մեր մյուս ձյուդոիստները դեռ պետք է աշխատեն:

– Ռիո դե Ժանեյրոյում քանի՞ մասնակիցը ձեզ կգոհացնի:

-Լավագույն դեպքում՝ երկու: Բայց մենք մտածում ենք արդեն ոչ միայն զուտ մասնակցելու մասին, այլեւ մեդալների համար պայքարելու: Վերջին տարիներին ձյուդոն մտավ Հայաստանի հենակետային մարզաձեւերի շարք, ինչը մեզ ուրախացնում է: Եվ մեր ֆեդերացիան անելու է ամեն բան հանրապետությունում հենակետային մյուս մարզաձեւերի հետ լուրջ մրցակցություն ծավալելու մասին, ինչի բոլոր նախադրյալները ունենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Դավիթ խիթարյանի հետ զրույցում շոշափվեցին ձյուդոյին վերաբերվող բազմաթիվ օրախնդիր հարցեր, որոնց կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031