Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը, որ ուղեգիր նվաճեն օլիմպիական մեդալի համար պայքարելու ունակ բռնցքամարտիկները

Հունվար 21,2015 13:00

Հայաստանի բռնցքամարտիկները մրցաշրջան 2014-ից հետո գրեթե չեն հանգստացել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը` նշելով, որ հատկապես տղաներն ամանորյա տոներին գտնվել են ակտիվ հանգստի մեջ եւ շարունակել մարզումները:

– Ինչո՞վ էր պայմանավորված դա:

– 2015 թվականը պատասխանատու եւ հագեցած տարի է լինելու նրանց համար: Եվ քանի որ հունվարի 7-ից նրանք արդեն ֆիզպատրաստվածության 22- օրյա ուսումնամարզական հավքի էին մեկնելու Ծաղկաձոր, տղաները փորձեցին մնալ լավ մարզավիճակում, որպեսզի Ծաղկաձորում արդեն առաջին օրվանից լուրջ աշխատանքի անցնեն, այլ ոչ թե ժամանակ կորցնեն աստիճանաբար մարզավիճակի մեջ մտնելու վրա: Հիմա շուրջ 40 բռնցքամարտիկներ` մեծահասակներն ու երիտասարդները միասին, եւ երեք աղջիկներ աշխատում են ըստ հաստատված պլանի:

– Նախաօլիմպիական տարում ի՞նչ կարեւորագույն մրցումներ են սպասում մեր բռնցքամարտիկներին:

– Հունիսի 10-ից 29-ը Եվրոպական օլիմպիական խաղերը` Բաքվում, օգոստոսի 6-ից 15-ը Եվրոպայի առաջնությունը` Սոֆիայում, հոկտեմբերին աշխարհի առաջնությունը` Դոհայում: Ինչպես տեսնում եք, այս երեք մրցումների միջեւ ընկած ժամանակահատվածները շատ կարճ են: Հետեւաբար, հավաքականը ֆիզիկապես չի հասցնի մեկ մրցումից մյուսը վերականգնվել ու կրկին լավ մարզավիճակով ներկայանալ հաջորդին:

– Այսինքն, դրանցից առնվազն մեկից հարկ է լինելու հրաժարվե՞լ:

– Մեզ համար առաջնային նշաձող ընտրել ենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որտեղ մեր բռնցքամարտիկները պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար:

– Հետեւաբար, բռնցքամարտիկները Բաքու չե՞ն մեկնի:

– Դեռ կասկածելի է: Մանավանդ, որ Եվրոպական օլիմպիական խաղերը մասնակիցներին ոչինչ չեն տալիս: Ուժեղագույնների փոխարեն 2-րդ, 3-րդ համարներին գործուղելն անիմաստ է, իսկ 1-ին համարներին ուղարկելու դեպքում, նրանք, ինչպես ասացի, չեն հասցնի վերականգնվել: Ես սա ասում եմ զուտ պրոֆեսիոնալ առումով` մի կողմ թողնելով ամբիցիաները, թե ոչ, անպայման պիտի մասնակցել: Բռնցքամարտիկներն արդեն Բաքվում հանդես գալու փորձ ունեն, գիտեն այնտեղի խնդիրները: Մենք գիտենք այնտեղի մինուսները: Ցավոք, պլյուսներ չկան: Այնպես որ, կմասնակցենք, թե ոչ, թողնենք հետագային:

– Սովորաբար, հավաքական թիմերի կազմերը որոշվում են Հայաստանի առաջնությունում:

– Խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Հայաստանի առաջնությունը այս տարի էլ, հավանաբար, կանցկացնենք տարեվերջին եւ կձեւավորենք եկող տարվա հավաքականի կազմը: Հավաքականի գլխավոր մարզչին թիմն ընտրելու համար հանրապետության առաջնություն պետք չի: Մեր մարզումները բավականին ծանրաբեռնված են, կա կոշտ մարզումային մրցակցությունների փուլ, որը ոչ բոլորն են կարողանում անցնել: Բացի նշածս երեք մրցումներից, բռնցքամարտիկները կմասնակցեն երեքից չորս միջազգային մրցաշարերի: Այդ ընթացքում էլ կմաղվեն, կմնան միայն լավագույնները: Նրանք էլ կկազմեն այն հիմնական կորիզը, որը մեր երկիրը կներկայացնի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Մենք մի քանի քաշային կարգերում ունենք հավասարազոր տղաներ եւ մեզ համար շատ կարեւոր է, թե նրանք իրենց ինչպես կդրսեւորեն միջազգային ռինգում:

– Օլիմպիական վարկանիշ այս տարի տալիս են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: 2016 թվականին էլ երկու վարկանիշային մրցում կա` Բաքվում եւ Ստամբուլում: Բոլորին մասնակցելո՞ւ ենք եւ քանի՞ ուղեգիրը կբավականացնի ձեզ:

– Ժամանակը ցույց կտա: Ես կողմ չեմ, թե կարեւորն օլիմպիական խաղերին շատ մարզիկով մասնակցելն է: Հնարավոր է, որ պատահականության, ասենք, հաջող վիճակահանության արդյունքով մարզիկն ուղեգիր ձեռք բերի եւ օլիմպիական խաղեր մեկնի տուրիստի կարգավիճակով: Համաձայն եմ, որ ունենանք մեկ կամ երկու ուղեգիր ու այդ մեկ-երկու ուղեգրերը վերածվեն օլիմպիական մեդալների: Որ ուղեգիր նվաճեն օլիմպիական մեդալի համար պայքարելու ներուժ ունեցող բռնցքամարտիկները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031