Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. «Դուք դրդում եք, որ ժողովուրդն արդեն ձեզ հետ խոսի ուրիշ լեզվով»

Փետրվար 02,2015 14:34

ԱԺ նախորդ նստաշրջանում ոչ իշխանական եռյակը նախաձեռնել է արտահերթ քննարկել կառավարման ճգնաժամի հարցը: Այս նստաշրջանի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարդաց քառօրյայի նախատեսված օրակարգը, որի մեջ չէր մտնում ոչ իշխանականների բարձրացված արտահերթ հարցը: Գալուստ Սահակյանը պատճառաբանեց, որ ավելի հրատապ եւ անհետաձգելի հարցեր կան:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Դուք երեւի չեք ուզում տեսնել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք արդեն 300 հազարից ավելի մարդ լքել է Հայաստանը: Հրապարակվել են նոր տվյալներ այն մասին, որ փողերի լվացման եւ հանցավոր ճանապարհով կապիտալի արտահոսքի չափը հասել է մոտավորապես 1 մլրդ 200 մլն տարեկան: Մարդիկ ուղղակի թողնում եւ փախչում են Հայաստանից՝ այս բեսպրեդելից, այս անօրինականությունից, անելանելի այս վիճակից:

Պրոբլեմն այն է, որ մենք չենք կարողանում ԱԺ-ում կազմակերպել անկեղծ խոսակցություն, որը հուզում է ամբողջ ժողովրդին: Եթե դուք պատասխանատու իշխող կուսակցություն լինեիք, կօգտագործեիք այդ հնարավորությունը այլ քաղաքական ուժերի հետ: Այդ քննարկման ժամանակ մենք կարող է իսկապես, հասկանալով այն ճգնաժամային վիճակը, որ տիրում է ՀՀ-ում եւ քայքայում է պետությունը, մենք այդ ահավոր վիճակից միասին լուծումներ գտնեինք: Բայց դուք հրաժարվում եք դրանից, մերժում եք որեւէ համագործակցություն, որեւէ երկխոսության հնարավորություն եւ դրդում եք, որ ժողովուրդն իսկապես արդեն ձեզ հետ խոսի ուրիշ լեզվով»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկեց, որ մեծ ընդմիջմանը միասին քննարկեն Շրջանառության հարկի մասին օրենքի խնդիրները եւ ոչ թե անընդհատ հետաձգեն, այլ վերջապես լուծում տան դրանց:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, որ որեւէ մեկը չի ասում, թե քննարկում չպիտի լինի կամ երկխոսություն չպետք է լինի. «Մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է, մեր խնդիրը շոու անելը չի: Հիմա չգիտեմ, քառյակ եք, թե եռյակ, մենք պատրաստ ենք եւ ձեր առաջարկները լսել եւ բոլոր առաջարկություններն ի մի բերել ու քննարկել: Որեւէ մեկը չի ասել, թե քաղաքական մեծամասնությունը մերժում է: Խնդրում եմ, հանրությանը մի տարեք դեպի թյուրիմացություն: Մենք պատրաստ ենք քննարկման, որպեսզի լուծենք պրոբլեմը, այլ ոչ թե պտիչկա անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728