Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Վատուլյա. «Երաժշտությունը սրտից սիրտ է անցնում»

Փետրվար 02,2015 16:23

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի երաժիշտներն արդեն Հայաստանում են և փետրվարի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանրությանը կներկայանան իրենց համերգային ծրագրով:

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի համերգին մասնակցում են միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր երաժիշտներ՝ դաշնակահարուհի Մարիա Նեմցովա (Ռուսաստան), սաքսոֆոնահար Վիտալի Վատուլյա (Ռուսաստան) և ուրիշներ: Համերգին ելույթ կունենան նաև ռուս երիտասարդ սաքսոֆոնահարներ Եվգենի Նովիկովը և Դմիտրի Ուվարովը, որոնք իրենց երաժշտական գործունեությունը ծավալում են Եվրոպայում, ինչպես նաև արգենտինացի սաքսոֆոնահար Խուան Մանուել Դոմինգեսը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, Կոմիտասի, Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակիցները համերգներով ու վարպետության դասընթացներով հանդես կգան նաև Էջմիածնում և Ստեփանակերտում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը՝ տեղեկացնելով նաև, որ նախագիծն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում իրականացվում: Իսկ բարեգործական համերգի կազմակերպիչն ու Հայաստան հրավիրող կողմը Արամ Խաչատրյանի անվան տրիոն է և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:

Նախագծի համահիմնադիր, դաշնակահարուհի Մարիա Նեմցովայի տեղեկացմամբ՝ նախագիծն արդեն չորս տարեկան է: Այդ ընթացքում հասցրել են լինել մոտ 15 երկրներում: «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի նպատակը հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդ երաժիշտներին աջակցելն ու երաժշտության միջոցով միջմշակութային համագործակցությունը զարգացնելն է,- ասում է Մ. Նեմցովան,- նախագիծը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Մեզ համար կարևորը մարդկանց հետ շփումն է, երաժշտության միջոցով հաղորդակցվելը»:

«Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում,- իր հերթին նկատեց նախագծի համահիմնադիր, սաքսոֆոնահար Վիտալի Վատուլյան,- կարևոր չէ՝ ինչ լեզվով ենք խոսում, ինչ կրոն ենք դավանում: Երաժշտությունը սրտից սիրտ է անցնում»:

Ինչպես տեղեկացրեց Մ. Նեմցովան, նախագծի շրջանակներում իրենք կընտրեն երկու հայ մասնակցի՝ Մոսկվայում եզրափակիչ համերգին մասնակցելու համար: 2012 թ.՝ երևանյան նախորդ այցելության ժամանակ, նրանց կողմից ընտրվել են երկու հայ երաժիշտ՝ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը և սաքսոֆոնահար Արթուր Քոչարյանը, որոնք նույնպես կմասնակցեն երևանյան համերգին:

Ի դեպ, համերգի մուտքն ազատ է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728