Լրահոս
Օրվա լրահոսը

Բեգլարյան. «Խաշի սեղանի օրն ենք ընգնում, հենց մեկը գնում է, սաղ հետեւից խոսում են» (Տեսանյութ)

Փետրվար 05,2015 15:52

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան անհատ տաքսիի վարորդները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ տաքսիների նոր լիցենզավորման կարգի դեմ:

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ կառավարության նիստին գնալիս հանդիպեց տաքսիստներին ու նրանց հետ քննարկումն այնքան երկարեց, որ նախարարն այդպես էլ չկարողացավ ներկայանալ նիստին:

Գագիկ Բեգլարյանը հատ-հատ բոլոր վարորդների հարցերին պատասխանում էր, եւ փորձում էր ապացուցել, որ նոր կարգով բավականին թեթեւացրել են նրանց հարկային բեռը: «Նախկինում մենակ պետական տուրքը տարեկան 196 դրամ էր, այսօր դարձրել ենք 120 հազար դրամ, մնացած բոլոր ծախսերը ավտոկայանատեղի, տեխզննում, բոլոր վճարները հանված են: Ես խնդրում եմ, էլի ժողովուրդ, ես չգիտեմ հանուն ինչի՞ եք դրդված: Իրականում լավ օրենք է ընդունվել: Մենք հրավիրել ենք տաքսիստներին, բոլորը քննարկել ենք, 6 ամիս ժամանակ ենք տվել, ու 6 ամիս հետո կտեսնեք ինչ լավ օրենք ենք ընդունել»,-ցուցարարներին ասաց նախարարը:

Մանրամասն` տեսանյութում

Առիթից օգտվելով որ նախարարը ներկա է եւ զրուցում է տաքսիստների հետ, ով` ինչ անհատական խնդիր ուներ Բեգլարյանի մոտ արծարծում էր, մեկը` տուն պահելու, մյուսը` կարմիր գծերի, 3-րդը` դեղին համարանիշերի, 4-րդը` կայանատեղիների` «Թող հազարավոր կայանատեղիներ տաքսիների համար սարքեն»: Բեգլարյանն էլ նկատեց` «Որ Երեւանի հատակագիծն ու մատիտ տան ձեռդ, ասեն` նշի հազարավոր կայանատեղիներ, դու կառավարության շենքի վրա էլ կնշես»:

Հետո ցուցարար-տաքսիստները խնդրեցին մի քիչ էլ հետաձգեն, իրենց ասած` երկարացնեն նոր կարգի կիրառումը, Բեգլարյանն այս առնչությամբ ասաց, որ 2 տարի զիջել են, 10-15 օր էլ կզիջեն, սակայն վարորդները խնդրում էին մինչեւ ամառ հետաձգել` պատճառաբանելով` այս պահին գործերը լավ չեն, 120 հազար դրամ չունեն:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնպիսի հարցեր էին տալիս, որ նախարարը զարմանում էր ու մեղադրում անտեղյակության համար. տաքսիստները նաեւ ապահովագրության բարձր գների հարցը բարձրացրեցին, տեսախցիկների տուգանքների ու նման այլ հարցեր, որոնք կապի եւ տրանսպորտի նախարարությանը չէին վերաբերում. «Ձեր հարցը ձեր դուրը գալի՞ս է: Մի հատ գնացեք ի մի բերեք ձեր հարցերը: Ես ապահովագրության օրենքը չգիտեմ: Ես միշտ ասել եմ` ես տաքսիստների կողքին եղել եմ, ու լինելու եմ»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հարց տվեց նախարարին` չե՞ք կարծում, որ սահմանված գումարը շատ է անհատ տաքսիստի համար, այս հարցը ակնհայտորեն Բեգլարյանի դուրը չեկավ, նա նաեւ կասկածի տակ առավ հարց ուղղողի` տաքսու վարորդ լինելը. «Դու տեղյա՞կ ես, որ տենց հարց եք տալիս: Մի հատ ներկայացի»: Վարորդն էլ խելոք ներկայացավ` Արմեն, հետո նախարարն ազգանունը ճշտեց նրա, ու փորձեց պարզել նրա` տաքսիստ լինել-չլինելը. «Արմեն ջան, ու՞ր ա տաքսին քո»: Վարորդը վստահեցրեց` Աբովյան փողոցում ա կանգնած: Նախարարը շարունակեց` «Կարա՞նք գնանք մի հատ քո տաքսին տենանք, էս սաղով գնանք տենանք: Ես գիտեմ տաքսիստներին, այ ինքը տաքսու վարորդ չի, չի՞ երեւում որ»: Ու այդպես էլ չգնացին Աբովյան փողոց տաքսին գտնելու:

Մեկ այլ երիտասարդ վարորդ էլ սկսեց դժգոհել, որ ինքը ամսական 300 հազար դրամ է վաստակում, հետո սկսեց մեկ առ մեկ տաքսի մեքենայի համար արվող ծախսերը թվարկել, ու մեկ էլ թեման ճկուն փոխեց իրեն աշխատանք տալու խնդրանքով. « Այ ցավդ տանեմ… մի հատ աշխատանք տվեք, որ նորմալ աշխատեմ, մարդկանց կարենամ նամուսով տանս ընդունեմ»: Բեգլարյանը խոստացավ այս երիտասարդին լավ աշխատանքով ապահովել:

Մանրամասն` տեսանյութում

Մի վարորդ էլ, որ սկսեց խոսել մեզ հետ, նախարարը, որն արդեն ուզում էր հեռանալ տաքսիստներից, նկատելով մեզ հետ զրուցող վարորդին, հետ եկավ` «Քո հ/կ-ն ո՞րն էր, էն օրը դո՞ւ չէիր «Արմենիայով» Նազենիի հյուրը, ինձ էնքան չեն կանչում ելույթի, ինչքան քեզ»:

Զրույցի մանրամասն`տեսանյութում

Գագիկ Բեգլարյանն անընդհատ փորձում էր ցուցարարներին հանդարտեցնել, ուղարկել իրենց գործին. «ցրել» կառավարության շենքի մոտից, հորդորում էր հարցերի դեպքում գնալ, իր խոսքերով ասած` էն սիրուն շենքը, կապի եւ տրանսպորտի նախարարության: Հենց համաձայնության էին գալիս, ու արդեն հաջող անում, ու հենց նախարարը «ոտքը մի քիչ քաշում էր» ցույցի տեղից, ու հենց վարորդները սկսում էին լրագրողների հետ խոսել, Բեգլարյանը հետ էր գալիս, ու այսպես մի քանի անգամ. «Տղեք, հիմա իրար հաջող ենք անո՞ւմ, թե` էն խաշի սեղանի օրն ենք ընգնում, որ հենց մեկը գնում է, սաղ հետեւից խոսում են»:

Մանրամասն` տեսանյութում

Ի վերջո վարորդներն այդպես էլ չհամաձայնվեցին, որ օրենքը լավն է, եւ իրենց հարկային բեռը թեթեւացել է. մեզ հետ զրույցում նրանք նորից պնդում էին, որ բարձր է պետտուրքը` ամսական 12 հազարը շատ է տաքսու վարորդների համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728