Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի պատասխանն ուղղված էր կոնկրետ մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյանին

Փետրվար 12,2015 16:30

Ըստ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի` իշխանությունը Ծառուկյանին ցույց է տալիս, թե մտահոգված է, որ նա ընդունելի սահմաններն անցնում է:

– Պարոն Վարդանյան, ԲՀԿ-ն դատապարտելով Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու փաստը՝ գրասենյակների ներկայացուցիչներին եւ ակտիվիստներին կոչ արեց կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Հայտնի է, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին: Իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, բավական կտրուկ արձագանքեց` նշելով, թե «հնարավոր սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»: Ի՞նչ տեղի ունեցավ, իշխանությունների կողմից ուժի ցուցադրությո՞ւն է սա, որը կարող է նպաստել եռյակի կողմից քաղաքական իրավիճակի թեժացմանը:

Edgar-Vardanyan_3-1

– Այս ամենը տեղավորվում է վերջին շրջանում տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում: Ըստ էության, Հայաստանի իշխանությունները տեսնում են, որ նման որակի իշխանություններն ապահովագրված չեն, թույլ են: Կա Ուկրաինայի օրինակը, երբ նույն որակի իշխանությունները փոխվեցին, Յանուկովիչի ռեժիմը տապալվեց` ունենալով ավելի հզոր ռեսուրսներ եւ ավելի ամուր դիրքեր Ուկրաինայում: Տարբեր աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ նման երկրների տնտեսությունները եթե չեն արդիականացվում, խորը ճգնաժամեր են ապրում, եւ դա բնականաբար բերում է սոցիալական լարվածության ավելացման, որն ամրապնդում է բողոքական տրամադրությունները հասարակության մեջ: Այսպիսի իրավիճակում կա վտանգ, որ հասարակությունն ի վերջո կգտնի ինչ-որ տարբերակներ, եւ հզոր ճնշման ալիքի արդյունքում իշխանությունը կկորցնի իր իշխանությունը:

– Եթե 2008-ի հետ համեմատենք, դա կլինի նույն հասարակական ինքնաբուխ ընդվզո՞ւմը, թե՞ կոնկրետ ԲՀԿ-ի ռեսուրսներով կազմակերպված հնարավոր ընդվզում եւ հոգեբանական ճնշման գործադրման փորձ իշխանությունների նկատմամբ:

– Ի տարբերություն 2008-ի` այսօր կա քաղաքական որոշակի շրջանակ, որը տիրապետում է լուրջ ռեսուրսների` մարդկային, ֆինանսական, որոշ առումով` նաեւ վարչական, եւ այդ շրջանակն այսօր նույնպես իր ճնշումն է իրականացնում իշխանական լծակներ ունեցող խմբի նկատմամբ: Հովիկ Աբրահամյանի կոշտ արձագանքը հենց դրանով էր պայմանավորված: Իշխող քաղաքական խմբում կա վախ, որ ճնշումը կարող է շատ ավելի ուժեղ լինել: Քննարկման հարց է, թե ինչ կլինի այդ բողոքի արդյունքում: Որպեսզի հստակ լինի, թե ինչ տեսակի բողոքի ալիք է լինելու, որն է լինելու դրա բովանդակությունը` պետք է լինի հասարակական լայն դիսկուսիա, թե ի՞նչ թեզերով, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի այդ ընդվզումը, ո՞րն են լինելու նրա միջնաժամկետ, կարճաժամկետ հիմնական նպատակները, մեթոդները, խնդիրները: Այս առումով, իհարկե, կա մեծ բաց: Եվ այդ մեծ բացը նպաստում է նրան, որ տարբեր տեսակի շահարկումներ լինեն, թե որքանով այդ ալիքը կարող է տարբերվել նախկինից:

Պետք է նաեւ ուշադրություն դարձնել, որ ԲՀԿ-ին ուղղված Հովիկ Աբրահամյանի պատասխանն անձնավորված էր, այն հստակ ուղղված էր կոնկրետ մեկ մարդու` Գագիկ Ծառուկյանին: Դրանով, կարծում եմ, իշխող քաղաքական խումբը կոնկրետ մարդուն ցանկանում է ցույց տալ, թե մտահոգված է, որ իր կողմից ընդունելի սահմանները նա, կարծես, անցնում է: Սա էր կոնկրետ ուղերձը: Ինչո՞ւ: Եթե Գագիկ Ծառուկյանը խոսում է այն մասին, որ պետք է կոալիցիոն կառավարում, եւ եթե ԲՀԿ հայտարարության հռետորաբանությունն այսօր ընդունենք որպես գործունեության հիմք, ապա, կարծես, կոալիցիայի տեղ չի մնում, որովհետեւ ուղղակիորեն իշխանություններին կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, որ նա կատարում է հանցագործություն, որ նա է պատասխանատուն բռնությունների համար: Սա, բնական է, կարող է անհանգստացնել իշխող քաղաքական խմբին, այդ իսկ պատճառով էլ նման կոշտ արձագանք հնչեց Հովիկ Աբրահամյանի կողմից, եւ սլաքներն ուղղվեցին կոնկրետ անձի` ցույց տալով, որ իրենք ճանաչում են կոնկրետ այդ անձին, որ գործ ունեն, կարող են աշխատել կոնկրետ անձի հետ, եւ որ իշխանության համար կուսակցական խումբ, կուսակցականներ` դատարկ բաներ են:

– ԲՀԿ-ն առաջարկեց բոյկոտել ԱԺ աշխատանքները՝ մինչեւ չբացահայտվի կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծելու դեպքը։ Ի՞նչ քաղաքական խնդիր կարող են ունենալ իշխանությունները, եթե երեք կուսակցություններն ի վերջո որոշեն բոյկոտել ԱԺ աշխատանքները:

– ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում եւ բոլոր հարցերը կարող է միայնակ լուծել, իսկ քաղաքական առումով, իհարկե, հոգեբանական ճնշում է, խորհրդարանի ներսում տեղի է ունենում կազմակերպված հզոր ակցիա, որն ուղղված է իշխող քաղաքական նեղ խմբին: Դա, ի թիվս այլ միջոցառումների, կարող է նոր քաղաքական ակտիվության ալիք ստեղծել, ինչը ցանկալի չէ իշխանական խմբին, որոնց համար նախընտրելի տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է` իրենց կողմից նախապես մտածված, զիջումների շեմից դուրս չէ: Իշխանությունը զիջումների շեմ է նշել, եւ եթե գնահատում է, որ այդ շեմից դուրս բան կարող է պահանջվել` արդեն մտահոգվում է եւ կփորձի որոշակի գործողություններ իրականացնել հնարավոր ակտիվությունը չեզոքացնելու ուղղությամբ:

– Բերձորի հայտնի դեպքերից անմիջապես հետո տարբեր հայտարարություններ, մեկնաբանություններ եղան: Արդեն բավական ժամանակ է անցել, այսօր կարող ենք ավելի սառը գնահատել, որովհետեւ ինչ-որ նստվածք թողեց՝ բացի կոնկրետ իրադարձություններից: Ո՞ւմ էին ձեռնտու «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատման նոր փորձերը, կամ` «եթե Արցախը Հայաստան չէ, մեր տղաներն ինչո՞ւ են առաջին գծում» եւ այլ որակումները: Սրանք ծրագրված գործընթացնե՞ր էին՝ Ձեր կարծիքով:

– Առկա փաստերը բավարար չեն, որպեսզի մենք տանք հստակ պատասխան՝ սա ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ: Կարող ենք ասել, որ ծրագրված էր այդ ավտոերթի խափանումը, ծրագրված էր վախեցնել քաղաքական որոշակի շրջանակներին, որպեսզի նաեւ հնարավոր բողոքը զսպվի Արցախում: Եթե դիտարկենք կատարվածը ավելի խորքային, հեռուն գնացող նպատակներով, ապա դժվար է ասել: Բայց, իհարկե, չպետք է բացառել նաեւ այդ տարբերակը: Եթե ասում ենք` ո՞ւմ էր ձեռնտու, ապա անպայման չի, որ եթե X-ին էր ձեռնտու, ուրեմն այդ ինքն էր կազմակերպել, դա պարտադիր պայման չէ: Իհարկե, կատարվածը լուրջ կասկածի տեղ է տալիս: Հետագա գործընթացներին հետեւենք, դրանք որոշակի հստակեցումներ կմտցնեն` մեր կասկածները կամ կհերքվեն, կամ կհաստատվեն: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանրություններին եւ, ընդհանուր առմամբ, հայ ժողովրդին ձեռնտու չէր տեղի ունեցածը: Կարող ենք ասել, որ դա ձեռնտու էր նրանց, ովքեր կուզենային նոր աշխարհաքաղաքական պրոյեկտ իրականացնել, օրինակ՝ կցանկանային իրենց ազդեցության տակ գցել Արցախը: Եթե կար խորքային դավադրություն, այնուամենայնիվ՝ այն գրեթե չի հաջողվել կամ շատ քիչ ազդեցություն է թողել, այսինքն` վատ իրագործված դավադրություն էր, եթե դա, իհարկե, դավադրություն էր:

– Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված մի քանի զարգացումներ եղան, բայց ռուսական ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց այն մասին, թե հանցագործության մեջ կասկածվողը հոգեկան հիվանդությամբ է տառապել, անմեղսունակ է: Ի՞նչ է փորձում ռուսական կողմը թաքցնել` ըստ էության անընդունելի համարելով հանցագործության մեջ կասկածվողին ՀՀ իրավապահներին հանձնելը:

– Այստեղ եւս կարող ենք ասել, որ հնարավոր է խորքային դավադրություն` հեռուն գնացող նպատակներով, բայց չունենք բավարար փաստեր, որպեսզի պնդենք, որ սա իսկապես դավադրություն էր` կազմակերպված հայ ժողովրդի դեմ: Բայց կարող ենք պնդել հետեւյալը, որ ռուսական իշխանությունները Հայաստանի նկատմամբ ունեն այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ունենում է գաղութատերն իր գաղութի ադմինիստրացիայի նկատմամբ:

Կարող ենք նաեւ ենթադրություն անել, որ դա դավադրություն չէ, բայց այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ իշխանությունները չեն ցանկանում հանձնել Պերմյակովին հայկական դատական համակարգին: Որովհետեւ նրանք, մանավանդ այսօր ցանկանում են ցույց տալ աշխարհին, որ իրենք չեն ենթարկվում Արեւմուտքի կողմից սահմանված խաղի կանոններին, եւ որ իրենք են խաղի կանոններ սահմանողը, մասնավորապես՝ այն տարածաշրջաններում, որոնք նրանք համարում են իրենց ազդեցության ենթակա տարածքներ: Բնականաբար, իրենց ենթակա տարածքների նկատմամբ իրենք պետք է հենց այսպիսի վերաբերմունք ցուցաբերեն՝ եթե մեր երկրի քաղաքացին է, մենք ենք որոշում, թե ինչ ենք անելու իր հետ, իսկ ձեր երկրի օրենքները, Սահմանադրությունը, հասարակական կարծիքը մեզ չեն հետաքրքրում:

Հնարավոր է՝ հենց այս մոտեցմամբ է պայմանավորված ռուսական կողմի պահվածքը, հնարավոր է նաեւ, որ ե՛ւ թաքցնելու բան ունի ռուսական կողմը` այդ պատճառով չի ցանկանում հանձնել, ե՛ւ հնարավոր է, որ բոլոր գործոնները միասին վերցված են: Պետք է հետեւենք զարգացումներին, ըստ այդմ կտեսնենք, թե մեր կասկածները որքանով են ամրապնդվում կամ հերքվում: Այսօր քաղաքագիտական վերլուծություն անել, որում կլինի հարյուր տոկոսանոց պնդում, թե` այս վարկածն է միակ ճշմարիտը, հնարավոր չէ: Առայժմ կարող ենք հավանական տարբերակներն առանձնացնել, հավանական բացատրություններ տալ եւ դեռեւս կանգ առնել դրանց վրա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728