Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան են ժամանել օտարերկրյա բալետային «դեսպաններ»

Փետրվար 19,2015 14:00

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նրանց մասնակցությամբ
կյանքի կկոչվի «Զույգ արեգակներ» ներկայացումը, որը «կշրջի» աշխարհով մեկ:

«Առավոտին» հասած տեղեկություններով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան են ժամանել «յուրօրինակ դեսպաններ»՝ բալետի արտիստներ, ինչի պատճառով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ ավելի է ակտիվացել ստեղծագործական մթնոլորտը: Հանդիպեցինք օպերային թատրոնի բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին (լուսանկարում): Վերջինս հաստատելով լուրը, ասաց, որ արտիստներ են հրավիրված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հունաստանից, Գերմանիայից, որոնք կհյուրընկալվեն շուրջ 8 ամիս: Հյուրերը Ազգային օպերային թատրոնի արտիստների հետ արդեն մի քանի օր է, ինչ սկսել են «Զույգ արեգակներ» ներկայացման փորձերը: Այդ նախագծի մտահղացումը, լիբրետոն, բեմադրությունը եւ խորեոգրաֆիան Ռուդոլֆ Խառատյանինն է:

Մեր զրուցակիցը նշեց, որ նման նախագիծ դեռեւս Երեւանում չի իրականացվել եւ այն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մշակութային ծրագրերում:
«Սա լինելու է ընդգրկուն ներկայացում: Գաղափարը բնավ լացուկոծը չէ: Հայերս մեր տեղն ունենք տիեզերական տարածության մեջ եւ պիտի ստեղծենք նոր արժեքներ, որով կարող ենք մտնել համամարդկային արժեհամակարգ: Պարի լեզվով կներկայացվեն Նարեկացին, Թորոս Ռոսլինը, Արշիլ Գորկին, մի խոսքով՝ մեր գիգանտներն ու նրանց ստեղծագործությունները, որոնք վաղուց հայտնի են աշխարհին: Կներկայացվեն դոկումենտալ կադրեր հայոց կոտորածից, իբրեւ նկարչական ձեւավորում, որը նույնպես ընդգրկուն է, օգտագործել ենք ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները, օրինակ՝ Ժանսեմի գեղանկարները եւ այլն»,- մանրամասնեց պարոն Խառատյանը: Ինչ վերաբերում է երաժշտությանը, մեր զրուցակիցը հայտնեց, որ օգտագործված են Նարեկացու տաղերից մինչեւ մաշտոցյան շարականներ, Խաչատրյանից ու Բաբաջանյանից մինչեւ կանադաբնակ Աշոտ Արյան: Բալետմայստերի ձեւակերպմամբ՝ սա ժամանակակից մտածելակերպով բեմադրություն է, որտեղ կլինեն նաեւ մոդեռնի էլեմենտներ: Ասաց նաեւ, որ պրեմիերան նախատեսված է մայիսի 27-ին եւ 31-ին, որից հետո «Զույգ արեգակները» կընդգրկվի օպերային թատրոնի խաղացանկ:
Դիտարկմանը՝ հավանաբար երաժշտությունը կլինի ֆոնոգրամայով, պարոն Խառատյանը հավաստիացրեց, որ արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերված դիրիժոր Ռուբեն Ասատրյանի հետ, ում գործիքավորման շնորհիվ էլ պրեմիերայից հետո նախագիծ կընդգրկվի արդեն թատրոնի նվագախումբը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ են արտերկրից ժամանած արվեստագետներին անվանում դեսպաններ, պարոն Խառատյանը պատասխանեց. «Երեւանյան ցուցադրությունից հետո ներկայացումը կշրջի աշխահով մեկ: Հրավիրյալ, տարբեր ազգերի արտիստներն ամենայն մանրամասնությամբ կտեղեկացվեն եղեռնի մասին եւ, իհարկե, իրենց տեղեկությունները կտարածեն աշխարհում: Հրավիրյալները կծանոթանան հայ արվեստի մեծերին ու նրանց գործերին»:

Հետաքրքրությանն էլ, թե հասկանալի է, որ նման մասշտաբային աշխատանքը, բացի պետության աջակցությունից, հավանաբար նաեւ այլ միջոցներ է ենթադրում, բալետմայստերի խոսքերով՝ նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ լուրեր են պտտվում, թե թատրոնում կվերականգնվի 1970-ականների սկզբին անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի խորեոգրաֆիայով Էդգար Հովհաննիսյանի «Անտունին», որտեղ Ռուդոլֆ Խառատյանը հանդես է եկել գլխավոր կերպարում: «Իմ պլանների մեջ դա չի մտնում»,- պատասխանեց Խառատյանը:
«Առավոտը» Ռուդոլֆ Խառատյանին հիշեցրեց, որ երբ 2009-ին հրավիրվեց Ազգային օպերային թատրոն՝ իբրեւ գլխավոր բալետմայստեր, հայտարարեց, որ աշխարհի բոլոր բալետային թատրոններն ու խմբերը մի ընտանիք են եւ իր նպատակն է հայկական բալետը դարձնել այդ մեծ ընտանիքի անդամ, իսկ այսօր, երբ այլեւս գլխավոր բալետմայստեր չէ, ուժի մե՞ջ է իր գաղափարի իրականացումը:

Մեր զրուցակիցը պատասխանեց, որ ոչինչ չի կարող իրեն շեղել նպատակի իրագործումից, ավելին՝ տարին երկու անգամ ինքը հրավեր է ստանում ամերիկյան բալետային ակադեմիաներից, որտեղ ոչ միայն հաղորդակից է լինում նոր գաղափարներին ու տեխնոլոգիաներին, այլեւ արտերկրյա գործընկերներին ծանոթացնում է հայկական բալետի վերջին զարգացումներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728