Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Մարալիկի գազալցակայանի մոտ 2 երիտասարդների մահվան մասին

Փետրվար 19,2015 11:34

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ ժամի Մարալիկի գազալցակայանի մոտ անհայտ մի անձ վրաերթի էր ենթարկել երկու երիտասարդների ու դիմել փախուստի՝ իր մեքենան թողնելով դեպքի վայրում: Երիտասարդները վրաերթի են ենթարկվել փողոցով քայլելու ժամանակ, եղել են երեք հոգի, վրաերթից երկուսը մահացել են, երրորդը կենդանի է մնացել ՝ ստանալով վնասվածքներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ հայտնաբերված մեքենան «Մազդա» մակնիշի է, գրանցված է Լոռու մարզում: Դատախազը տեղեկացրեց, որ շարունակվում է դեպքի վայրի զննությունը՝ ողջ մնացած երրորդ անձի մասնակցությամբ, կատարվում են որոնողական աշխատանքներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

artak-gevorgyan

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը որոշակի մանրամասներ հաղորդեց տեղի ունեցածի մասին: Ըստ քաղաքապետի, դեպքը տեղի է ունեցել Մարալիկի նորակառույց սոցիալական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա: Մարալիկի այդ հատվածում, ուշ ժամին , ըստ Արտակ Գեւորգյանի, մառախուղ է եղել:

Մահացած տղաների հետ փողոցով քայլող ու ողջ մնացած երրորդ երիտասարդը քաղաքապետին պատմել է, որ քայլելիս են եղել, գմփոց է լսել, շարժվել է առաջ, ու մի քանի քայլ այն կողմ տեսել է ընկերներից մեկը ընկած: Մյուսին գտել են ավելի ուշ: Երիտասարդը քաղաքապետին պատմել է, որ վարորդը, իջնելով մեքենայից, տղաներից մեկին, հասցրել է հիվանդանոց, սակայն այնտեղից դիմել է փախուստի: Մեքենան հայտնաբերել են այլ վայրում, վարորդը հայտարարել է, որ էլ չեմ կարող, ի վիճակի չեմ վարել մեքենան:

Ըստ քաղաքապետի, մեքենան թեեւ գրանցված է Լոռու մարզում, սակայն, իրեն հասած տեղեկություններով, վարորդը Ախուրյանից է:

Հիշեցնենք, որ մահացող երիտասարդներից մեկը 1991 թվականին ծնված Ամիրխանյան Մանուկն է, մյուսը՝ 1986 թվականին ծնված Գագիկ Մանուկյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728