Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր տնտեսական տարի. «168 ժամ»

Փետրվար 24,2015 11:14

Նախորդ տարին բավականին տխուր փակեցինք՝ տրանսֆերտների կրճատում, փոխարժեքի կտրուկ տատանում, վարկավորման սառեցում, առևտրի նվազում և այլն։ Սակայն, ինչպես երևում է՝ 2014-ի դժվարություններն ամբողջությամբ ու առավել խորությամբ տեղափոխվել են 2015 թվական։

Տարին բավականին վատ ենք սկսել։ Այնքան վատ, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն ի վիճակի չէ մեղմել պատկերը։

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2015 թվականի հունվարին՝ 2014 թվականի հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 1.3%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6.3%-ով՝ կազմելով 87 միլիարդ դրամ։ Իսկ ամենատխուր ցուցանիշները արձանագրվել են արտաքին առևտրի ոլորտում։ 2015թ. հունվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականի հունվարի համեմատ կրճատվել է 30.4%֊ով։ Այդ թվում՝ արտահանման ծավալը նվազել է 21.9%-ով, ներմուծման ծավալը՝ 33.2%-ով։

Սա ոչ թե պարզապես անկում է, այլ փլուզում։ Սակայն հայրենի կառավարությունը հո թույլ չի՞ տա, որ բնակչությունը տրվի անկումային տրամադրություններին։ Ու դրա համար էլ նախ ԱՎԾ-ն շտապեց հայտարարել, թե 2015թ. հունվարի արտաքին առևտրի ցուցանիշները ենթակա են ճշգրտման, քանի որ ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ։ Սակայն դժվար թե այդ «ճշգրտման» արդյունքում անկումը դառնար աճ։ Դրա համար էլ ԱՎԾ-ին օգնության հասավ էկոնոմիկայի նախարարությունը՝ իր պարզաբանումներով։

Էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ արտաքին առևտրի վիճակագրության հետագա ճշգրտումից հետո այդ ցուցանիշները քննարկելիս պետք է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ։

Նախ այն, որ հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռևս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ և սպասողական տրամադրություններ՝ կապված նոր պայմաններում արտաքին առևտրային գործունեություն ծավալելու ընթացակարգերի հետ (մասնավորապես՝ մաքսային ձևակերպումներ, մաքսային վարչարարություն, անհրաժեշտ փաստաթղթեր և այլն):

Առևտրի ծավալների նվազման երկրորդ պատճառն այն է, որ 2014 թվականի տարեվերջի և 2015 թվականի հունվար ամսվա ընթացքում ռուսական ռուբլու էական արժեզրկման և ընթացիկ տատանումների հետևանքով, մասնավորապես՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղական ապրանք արտահանողների համար, անհրաժեշտություն էր առաջացել կատարել արտահանվող ապրանքի գնի լրացուցիչ ճշգրտումներ, «քանի որ, ԱՍՆ դոլարային արտահայտությամբ կնքված պայմանագրերի պարագայում, արտահանվող ապրանքներն էապես թանկանում են ռուսական ներմուծողի համար, իսկ ՌԴ ռուբլով կնքված պայմանագրերի պարագայում՝ արտահանվող ապրանքի գինն էժանանում է հայկական արտահանողի համար»։ Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ծավալների առնվազն գումարային արտահայտության նվազմանը նպաստող էական գործոն է համարել նաև միջազգային շուկայում հանքահումքային արտադրանքի գների նվազումը (մասնավորապես՝ պղինձ, մոլիբդեն և այլն):

Եվ վերջապես, էկոնոմիկայի նախարարությունը չի մոռացել մի այնպիսի կարևոր հանգամանքի մասին, ինչպիսին ամանորյա տոներից հետո մի քանի օր ավելի հանգստանալն էր։ «2014 թվականի հունվարը 2015-ի հունվարի հետ համեմատելու պարագայում, պետք է ընդհանուր առմամբ նկատի ունենալ նաև, որ այս տարվա հունվար ամսին փաստացի սահմանված աշխատանքային օրերն ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա հունվարին, ինչը միգուցե ոչ էական, սակայն նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունեցող գործոն դիտարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ասել է թե՝ մի անհանգստացեք, սրանք ժամանակավոր, մասամբ՝ նաև տեխնիկական պատճառներով պայմանավորված դժվարություններ են, որոնք արագ կհաղթահարվեն։ Կհաղթահարվեն, ու կունենանք տպավորիչ աճեր՝ տարբեր ոլորտներում։

Սակայն, դժբախտաբար, այդպիսի լավատեսությանը հավատալու հիմքեր չկան:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728