Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Եթե Խոջալուի դեպքերի համար պատասխանատուներ եք փնտրում, ապա փնտրեք նրանց Ադրբեջանում»

Փետրվար 24,2015 19:11

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին

Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Ինչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու մերձակա բնակավայրերը:

Դրա մասին վկայել է անձամբ Նախագահ Այազ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և  ադրբեջանական բնակչության տարհանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին:

Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին: Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել: Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից հետո Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»:

Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առայսօր: Աղդամի իրադարձությունները որպես Խոջալուի սպանդ ներկայացնող աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել միջազգային հանրությանը` նպաստելով հակահայկական տրամադրություններին:

Ես կոչ եմ անում տարբեր երկրների մեր գործընկեր խորհրդարանականներին, քաղաքային ու նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին, զերծ մնալ ադրբեջանական քարոզչության ծուղակներից: Մի տրվեք կեղծ տեղեկատվություններին ու շինծու միջոցառումներին: Մաքուր պահեք Ձեր խորհրդարանների օրակարգերն ու մի թույլ տվեք, որպեսզի այնտեղ սողոսկի ադրբեջանական քարոզչամեքենան: Եթե Խոջալուի դեպքերի համար պատասխանատուներ եք փնտրում, ապա փնտրեք նրանց Ադրբեջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728