Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին. քաղաքագետի կանխատեսումները

Փետրվար 24,2015 19:16

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները ԲՀԿ-ի շուրջ, մի՞թե պատգամավորներն ու շարքային ԲՀԿ-ականները, հերթով լքելով այս կուսակցությունը, կհանգեցնեն նրան, որ այն լուծարվի:

Քաղաքագետի մեկնաբանմամբ, այս կուսակցության կազմաքանդման ծրագիրը կկատարվի ճիշտ այնպես, ինչպես մատնանշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց իր ծրագիրը Գագիկ Ծառուկյանի պահով: Այսինքն` ինքը խնդիր չունի Գագիկ Ծառուկյան ձեռներեցի հետ, բայց խնդիր ունի Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հետ, որին անվանեց տգետ ու անգրագետ: Նրա լուծման տարբերակը հետեւյալն էր՝ Գագիկ Ծառուկյանը պիտի դուրս գա քաղաքականությունից: Այս պահին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իր ծրագրին հասնում է: Կոնկրետ իշխանական լրատվամիջոցներով արդեն բացեիբաց խոսվում է «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխման մասին, նաեւ Գագիկ Ծառուկյանի պատկանող խոշոր գործարանների վերաբաշխման մասին: Սրանով իշխանությունները հասկացնում են Գագիկ Ծառուկյանին, որ նա շատ հանգիստ լքի քաղաքական դաշտը: Իհարկե, կա ամենամեծ խնդիրը, լքելու դեպքում ԲՀԿ-ն չունի խարիզմատիկ անձ, որը կստանձնի լիդերությունը ԲՀԿ-ում: Բացի դրանից, ԲՀԿ-ի համար շատ մեծ հարված է ձեռներեց պատգամավորների առնետավազքը: ԲՀԿ-ն, երեկ չմասնակցելով Ազգային ժողովի քառօրյա նիստերին, բոյկոտ հայտարարելով, բացեիբաց ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից: Բայց թե այդ հանդիպման հետևանքների պահով Գագիկ Ծառուկյանը կոնկրետ ինչ դիրքորոշում ունի, այդ մասին եւս ոչ ոք ոչինչ չգիտի: Գագիկ Ծառուկյանը հանդիպումից հետո ոչ մի ելույթով հանդես չի եկել: Ինքը իր առանձնատանը հանդիպել է ԲՀԿ ակտիվի հետ, պատգամավորների, ձեռներեցների, բայց կոնկրետ ինֆորմացիա մենք չունենք: ԲՀԿ-ն, կարելի է ասել , շատ թույլ վիճակում է, եւ այդ իրավիճակից դուրս գալու համար ժամանակ է պետք, քանի որ ոչ ոք չգիտի ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենալու մոտակա շրջանում: Համենայնդեպս Գագիկ Ծառուկյանի քայլերը ենթադրել են տալիս, որ նա կուլ գնաց իշխանությունների պահանջներին»:

Գագիկ Համբարյանը այն կարծիքին է , որ իշխանությունների ձեռքում որպես զենք պահվում է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից ու անձեռնմխելիությունից զրկելու, հետագայում կալանավորելու հարցը: Իշխանությունները, ըստ քաղաքագետի, սա կօգտագործեն այն դեպքում, երբ վերջինս դուրս չգա քաղաքական գործընթացներից: Իսկ Գագիկ Ծառուկյանը թույլ էր տվել կոպտագույն սխալ՝ չներկայանալով ԱԺ նիստերին: Այսպիսով, ըստ քաղաքագետի, եթե Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, նրան կտան հնարավորություն շարունակելու պատգամավորական գործունեությունը, եթե ոչ, կիրագործեն նախագահի մատնանշած սցենարը: Սերժ Սարգսյանի իդեաֆիքսը՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին ոչնչացնելը, միեւնույնն է իրականանալու է:

Ըստ Գագիկ Համբարյանի, Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն դառնալու փորձեր կատարելուց առաջ իր աչքի առաջ պիտի ունենար գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փորձը: Նրա համոզմամբ, Հայաստանի պարագայում միաժամանակ լինել ձեռներեց ու ընդդիմադիր անհնարին է:

«Հայաստանի  հանրապետության պարագայում չի կարող լինել ձեռներեց մարդ եւ ընդդիմադիր: Եթե որեւէ ձեռներեց պատգամավոր ընդդիմադիր կեցվածք է ընդունում ու պայքարում իշխանության դեմ, ապա ինքը պարտված է: Մի՞թե Գագիկ Ծառուկյանը չէր տեսել Խաչատուր Սուրքիասյանի պարտությունը, որը բավական երկար ժամանակ փախած էր մարտի մեկի դեպքերից հետո , որից, կարելի է ասել, խլեցին «Բջնին» եւ վաճառեցին մի այլ օլիգարխի՝ Ռուբեն Հայրապետյանին՝ իրենց յուրայինին: Հիմա այս գործարարը ռեվերանսներ է անում իշխանությունների նկատմամբ, վերջերս էր հանդիպել նախագահի հետ: Նույնը վերաբերում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը երբեւիցե չէր ասում, որ ինքը ընդդիմություն է: ԲՀԿ-ն միշտ իրեն ներկայացնում էր որպես երրորդ ուժ, իսկ քաղաքականության մեջ չկա էդպիսի բան: Ես երբեւիցե չեմ տեսել երրորդ ուժ, փիլիսոփայության մեջ կա երրորդ ուժ. մատերալիզմի ու իդեալիզմի արանքում դուալիզմ կար, բայց քաղաքականության մեջ հայտարարել, որ դու երրորդ ուժ ես, այսինքն դու ո՞ւմ ես պաշտպանում: Եվ երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձեց ընդդիմություն դառնալ, այդ ժամանակ իշխանությունները ցույց տվեցին իրական իր տեղը՝ ի դեմս իր լիդեր Գագիկ Ծառուկյանի: Ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը հնարավորություն ուներ հաղթանակի հասնելու, հնարավորություն ուներ իշխանության գալու միայն մեկ ճանապարհով. հեղափոխության մեթոդով: Այսինքն` ինքը փետրվարի 20-ին օպերատիվ ձեւով հավաքում էր մարդկանց բազմահազարանոց հանրահավաքի, ես համոզված եմ, որ բավական մեծ քանակությամբ մարդկային զանգվածներ կլինեին հավաքված: Բայց ժամանակի կորուստը, ժամանակի չօգտագործումը Գագիկ Ծառուկյանի կողմից, անպայման, կլիներ նրա դեմ: Եվ երբ ինքը հապաղեց, իշխանությունները, ինքնըստինքյան, դա օգտագործեցին նրա դեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դիտողությունս վերաբերում է քերականական սխալին; ՍՊԱՍՎՈՒՄ բառը վերնագրում պետք է լինի առանց Վ-ի; Ի՟նչ է ՍՊԱՍՈՒՄ -ո՟ւմ ; Եթե չլիներ նա, ում ինչ-որ բան է սպասում, ապա պետք է լիներ ՍՊԱՍՎՈՒՄ է ի՟նչ; Օրինակ` լավ եղանակ;

    Այս սխալը շատ տարածված է;Մի կրկնեք;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728